Բաժիններ՝

Այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ, զինվոր չէ. Սպորտի փոխնախարարը` Սյունիքի մարզպետ դառնալու մասին

Սյունիքի մարզպետի պարտականությունները ժամանակավորապես կատարելու, իսկ հետագայում մարզպետ նշանակվելու համար շրջանառվում են մի շարք անուններ, այդ թվում`  սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, սյունեցի Խաչիկ Ասրյանի անունը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հեռուստատեսությամբ է լսել Սուրեն Խաչատրյանի` իր լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու մասին: «Ասրյան Խաչիկը չի կարող մարզպետի պաշտոնակատար լինի, որովհետեւ Ասրյան Խաչիկը սպորտի փոխնախարարն է,  իսկ մարզպետն ունի երկու պաշտոնակատարներ, որոնցից մեկը պետք է կատարի պարտականությունները»,- նշեց նա:

Նա շեշտեց, որ մարզպետների հրաժարականների ընդունումը եւ նոր մարզպետների նշանակումը տեղի է ունենում Հայաստանի Կառավարության կողմից: «Սուրեն Խաչատրյանի հրաժարականը Կառավարությունը պետք է ընդունի կամ չընդունի: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Ես այս պահին Սպորտի փոխնախարարի պարտականությունները իմ աշխատանքային ռեժիմով, նորմալ ռեժիմով իրականացնում եմ»,- ասաց նա` հավելելով, որ Սյունիքի մարզպետի պաշտոնի հետ կապված իր հետ որեւէ քննարկում, առաջարկ չի եղել:

Հարցին, թե եթե ձեզ մարզպետի պաշտոնը առաջարկեն, որ պաշտոնը կգերադասեք, նա պատասխանեց. «Այն պաշտոնը, որը ավելի շատ օգուտ կբերի իմ պետության անընդհատ հզորացման գործընթացներին եւ կլինի Հանրապետության նախագահի որոշումը, ուրեմն` այդ պաշտոնը ինձ համար ավելի գերադասելի կլինի»

Նա, միջադեպից հետո չի հանդիպել Սուրեն Խաչատրյանին, ով, շրջանառվող տեղեկությունների համաձայն, այժմ գտնվում է Երեւանում: «Չեմ հանդիպել, որովհետեւ ծանրաբեռնված գրաֆիկով եմ աշխատում: «Լավագույն մարզական ընտանիք»  մրցումները սկսվել են»,- նշեց նա:

Հարցին, թե եթե ձեզ նշանակեն մարզպետի պաշտոնում, կկարողանաք մարզպետի պարտականությունները կկատարեն, թե ոչ, նա պատասխանեց. «Ասրյան Խաչիկը ապրել, ապրում է հետեւյալ սկզբունքով` այն զինվորը, որը չի ուզում գեներալ դառնալ, զինվոր չէ կամ զինվոր կոչվելու իրավունք չունի»: Դիտարկմանը, թե մարզպետ-փոխնախարար պաշտոնի համեմատությունը գեներալին ձգտելու վիճակն է, նա ասաց, որ դա փոխաբերական իմաստով է ասում:

NEWS.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս