Բաժիններ՝

«Այդ չտեսության հաղթարշավի պայմաններում հասարակությունն օրվա հացի խնդիր ունի»

Համո Սահյանի մասին  «Արևոտ ձյուն» գեղարվեստական հուշագրության և մի շարք այլ գրքերի հեղինակ սահյանագետ Աստղիկ Սարգսյանը ՀՀ իշխանություններին կրկին հիշեցնում է, որ շուտով լրանալու է մեծ բանաստեղծի 100-ամյակը: «168. am»-ը արդեն ներկայացրել է Հ. Սահյանի որդու՝ Նաիրի Սահյանի հետ հարցազրույցը, որտեղ նա հայտնում էր ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող անտարբերության նկատմամբ իր վրդովմունքը: Սահյանագետ Ա. Սարգսյանն առաջիկայում նախաձեռնելու է մտավորականների մի հավաք, որտեղ կքննարկվի այս հարցը, սակայն դրա հետ մեկտեղ նա հիշեցնում է, որ իսկական մտավորականների համար այսօր բոլոր հարթակները փակ են: Մեջբերելով Հ. Սահյանի` մահվանից առաջ գրած տողերը՝ «Սրա՞նք են այս երկրի տերերը, աղոթեմ, որ մահս շտապի»՝ սահյանագետը հայտարարում է. «Հասկացեք, մտավորականներն այն պնակալեզները չեն, որոնք ամեն պատեհ ու անպատեհ առիթով ճառում են, և նրանց խոսքին մատով չեն կպնում: Այդ պնակալեզները դրել են պարիսպ ու պարսպի տակ արևելյան բազար են սարքել: Իսկական մտավորականների առաջ տաբու է դրված, չունենք հարթակ, ըմբոստ, ճշմարտախոս մարդիկ չեն կարողանում իրենց խոսքը հանրությանը ներկայացնել: Իմ հիասթափությունների  և այլ խնդրիրնեի վերաբերյալ բոլորովին վերջերս խոսել եմ Հանրային հեռուստատեսության եթերում, բայց նախագահականում մտավորականների խոսքն այնպես են խուզում, այնպիսի գրաքննություն կա… ո՞ր մտավորականն իրավունք ունի խոսել: Կտրտում են, հասկացե՛ք, կտրտում, խուզում են խոսքերը»:

Ա. Սարգսյանը հավաստիացնում է, որ ըմբոստ, ընդդիմադիր, ճշմարտախոս մտավորականների ելույթներն այնպես են գրաքննվում, որ «Սովետական կայսրությունը կերազեր այդ մեթոդները կիրառել»: Նա ՀՀ իշխանություններին կոչ է անում վերանայել իրենց կենսակերպը, արժեքային համակարգը և այն գումարները, որոնցով նրանք մեկնում են Շվեյցարիա, Շվեյցարիայից Դավոս, հետո Դավոսից մի ուրիշ տեղ. դրանով հարյուրավոր ընտանիքներ սովից ու հիվանդություններից կարող են փրկվել: Եվ այդ չտեսության հաղթարշավի պայմաններում հասարակությունն օրվա հացի խնդիր ունի: «Սևակն ասում է՝ այդ չորքոտանին՝ աթոռը, դարեր շարունակ ծառայել է մարդուն, բայց հիմա մարդիկ նստում են ու ձուլվելով դառնում են չորքոտանի»,- մեջբերում է նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունների անտարբերությունը Հ. Սահյանի 100-ամյակի նկատմամբ իրեն չի զարմացնում, քանի որ նրանք այլ արժեքներ դավանող մարդիկ են: Եվ ամբողջ մի հասարակություն պարտադրված է ապրել մի երկրում, որտեղ իշխում է «կյանքից կատաղած» մարդու տեսակը:

«Կյանքից կատաղածները վարսավիրանոցից, գեղեցկության սրահից, մոդայի տներից դուրս եկած՝ հավաքվում են ռեստորաններում… էդ ինչ նանարանոցներ են, էդ ինչ զարդ ու փրթեր, բանտիկներ, ադամադներ ու բոլորն էդ ինչ բախտից կատաղածներ են: Հյուսիսային պողոտայում նայում ես դրանց թանկարժեք դրամապանակներին, պատվերներին, ու մեկն էլ թե՝ արա, էդ կազյոլը… ու «էդ կազյոլը», պարզվում է՝ էդ երիտասարդ աղջկա սկեսրայրն է, որն իր համար անձ չէ, կերպար չէ, գրդոնչի է: «Կազյոլն» իր համար Հյուսիսային պողոտայում տուն է գնում, բայց այդ գրդոնչին հարգանք չունի անգամ իր տանը՝ ընտանիքում, որովհետև կազյոլ է»,-ասում է Ա.Սարգսյանը:

Սահյանագետ Ա. Սարգսյանը «Պանթեոն» հիմնադրամի նախագահն է, որի գործունեության համար տրամադրված բավական խոշոր գումարներ, ըստ նրա, շորթել են նախկին քաղաքապետերը: Առաջիկայում կներկայացնենք նրա հետ հարցազրույցը ինչպես «Պանթեոն» հիմնադրամի, այնպես էլ՝ Համո Սահյանի 100-ամյակի վերաբերյալ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս