Երբ են սկսվելու Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երևանյան վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել մայիսի 19-ին «Անի» հյուրանոցում, հայտարարեց, որ մարզային այցելություններ կունենա ամռան ընթացքում` ընդգծելով, որ դրանք «Նոր Հայաստան» շարժման համար կդառնան կայացման շրջան:

168.am-ը «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են սպասվում մարզային հանդիպումները: Ի պատասխան Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այս պահին դեռ վերջնական օր նշել չեմ կարող, բայց կարող եմ ասել, որ մարզային այցելությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը վերադառնա Ամերիկայի միացյալ նահանգներից: Իսկ կվերադառնա նա մի քանի օրից»:

Մեր հարցին, թե պաշտոնական հանդիպումներ, ինչպես մեզ հետ զրույցում օրեր առաջ հայտարարել էիք, արդեն տեղի ունեցե՞լ են, թե՞ դեռ ոչ, Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Այո,  պաշտոնական հանդիպումներ եղել են»: Սակայն ավելի մանրամասն «Ժառանգության» խոսնակը տեղի ունեցած հանդիպումներից խոսել չցանկացավ` նշելով, որ իրենք պաշտոնական հաղորդագրությամբ ավելի ուշ հանդես կգան:

Տեսանյութեր

Լրահոս