Վարչության պետը հեծանիվով երթևեկելու ժամանակ Նորագավիթում վրաերթի է ենթարկվել
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ 15 փողոցի բնակիչ 23-ամյա Արսեն Զաքարյանը, վարելով Opel Vectra մակնիշի 31 ՏՏ 951 համարանիշի ավտոմեքենան, Արտաշատի խճուղու և Նորագավիթ 1-ին փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել իտալական արտադրության Վիլիո-տրիեստինա սպորտային հեծանիվով երթևեկող Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի բնակիչ 51-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը, ով աշխատում է Սոց ներդրումների հիմնադրամում որպես վարչության պետ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: