Վանաձորից ՌԴ մեկնողների թիվն անհամեմատ աճել է (տեսանյութ)
Վանաձորից յուրաքանչյուր գարնան կեսերին հազարավոր մարդիկ են մեկնում արտերկիր՝ ժամանակավոր աշխատանքի: Հանրապետության 3-րդ քաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ աշխատել է գործարաններում, որոնց 10 տոկոսն էլ այժմ չի գործում: Շատ Վանաձորցներ այժմ աշխատում և ապրում են մայրաքաղաք Երևանում, ոմանք ընդմիշտ տեղափոխվել են արտերկիր, որոշներն էլ սեզոնային աշխատանքի են գնում:
Այս գարունը նույնպես բացառություն չէր. բազմաթիվ ընտանիքների տղամարդիկ գումար վաստակելու նպատակով մեկնեցին ՌԴ: Թվում է՝ արտասովոր ոչինչ չկա, սակայն այս տարի Հայաստանից հեռացողներից շատերն արդեն իրենց ընտանիքներին են տանում: Ավելին, արդեն ամառ է, բայց մեկնողների հոսքը նվազելու փոխարեն ավելի է շատանում: Յուրաքանչյուր շաբաթ Վանաձորից ավելի քան 300 մարդ է ուղևորվում ՌԴ՝ շատերն ընտանիքներով:
168.am-ի հետ զրույցում Վանաձորի տուրիստական գործակալությունների տնօրենները նույնպես փաստեցին, որ քաղաքից մեկնողների թիվն այս տարի անհամեմատ աճել է: Օրական հարյուրավոր մարդիկ են ավտոբուսներով գնում Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներ:
Այսօր Վանաձորի Տիգրան Մեծ գլխավոր պողոտայից հերթական ավտոբուսը 38 հազար դրամով վանաձորցիներին տեղափոխեց Մոսկվա: Թեև գնացողները հիմնականում հույս են հայտնում, որ որոշակի գումար աշխատելուց հետո կվերդառնան, նրանք չեն բացառում նաև արտագաղթելու տարբերակը:
«Աշխատում եմ դրսում, ապրում ենք ըստեղ, ու դա շատ վատ ա: Ես շատ տխուր եմ գնում էս հայրենիքից: Մնում ա ընտանիքս ըստեղ, կարոտում եմ, սենց պըտի չապրի հայը, էլի: Սա պետք ա լսի նաև Հայաստանի պրեզիդենտը, որ հասկանա, որ ոնց ելքը գտնի, որ էսօր էս արտահոսքը կանգնի: Երրորդ տարին ա արդեն` գնում եմ: Էս անգամ կարող ա տնեցիրենին էլ տանեմ, Հայաստանում պայմանները գնալով վատանում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվա գնացող վանաձորցի 45-ամյա Հովհաննեսը:
Ի՞նչ գործ եք անում դրսում, հետաքրքրվեցինք նրանից: «Ինձ չի ասում նախարարը` ինչով ա էդքան միլիոններ կիտում: Վաստակում ենք էնքան, որ հետո լավ ապրենք»: Գո՞հ եք այնտեղի աշխատավարձից, հարցին Հովհաննեսը պատասխանեց. «Այո, այնքան գումար եմ աշխատում, որ իմ ընտանիքը լավ ապրի, ոչ լավ, բայց բավարար:
Իսկ ամսական ինչքա՞ն է անհրաժեշտ ապրելու համար, հետաքրքրվեցինք նրանից: «Դե կարելի ա համարել, որ 40 հազար ռուսականը էսօրվա մեր Հայաստանի ընտանիքների համար նորմալ ա, որ կարողանաս մի քիչ ապրես, մի քիչ ուղարկես: Չի լինի±, որ ըստեղ էլ լինի էդ նույն աշխատանքը, էդ նույն աշխատուժը էդքան արժենա: Թող ամաչեն էլի, որ հայն ա գնում ռըսի մոտ աշխատում, ոչ թե ռուսը` հայի մոտ: Չի սազում էլի»,- մեզ հետ զրույցում ասաց 45-ամյա Հովհաննեսը:
Այս անգամ բազմաթիվ կանայք կային ուղևորների մեջ, նրանցից մեկը՝ 55-ամյա Սուսաննան, որ արդեն 5-րդ անգամն է մեկնում, նույնպես սրտնեղեց, որ աշխատելու է «ոչ իր ժողովրդի» համար:
«Մասնագիտությամբ խոհարար եմ ու ամեն ինչ թխում եմ: Ես հըմի պիտի գնամ Ռուսաստան, ու էդ ամեն ինչը սարքեմ նրանց համար: Ըստեղ աշխատելու հնարավորություն չկա, իսկ եթե կա էլ, 1500 դրամ ա օրը կամ 2000: Բայց հնարավոր չի, որ դրանով պահես ընտանիքդ. հաց առնես մենակ ու ինչ-որ բան էդ օրը, որ էրեխեդ ուտի: Ըստեղ էս պայմաններն ա: Ու ես էս տարիքում սպիտակ մազերով պիտի վեր կենամ գնամ Ռուսաստան աշխատելու: Էս պայմաններում, էս թանկացումներով ձգտում են գենոցիդը հաստատելու, և հենց հիմա դա կատարավում ա. սաղ դուրս են գալիս: Նորմա±լ ա` 55 տարեկան կինը գնում ա աշխատի, որ բերի էրեխեքին պահի:
Հիվանդ ա աղջիկս, չի կարողանում աշխատի, ունի էրեխեք, 9 թոռնիկ ունեմ, ամուսինս մահացած ա: Ինձ հաճելի չի, որ ես նստեմ, տեսնեմ, որ էսօր չկարողացա հաց գնեմ: Հիմա գնում եմ մասնավոր մարդկանց մոտ աշախտելու: Մարդիկ կանչում են, ծանոթ են, գիտեն ինչ գործ ենք անում, իրանց ձեռնտու ա: Ըստեղի հըմար հարմար գներ են տալիս` ամենաշատը 1000-1500 ռուբլի, օրը կազմում ա 15-20 հազար դրամ, բնականաբար մեզ ձեռք ա տալիս: Ես նույնսիկ ափսոսում եմ, որ էդքան լավ բաներ եմ թխում ընդեղ, իմ ժողովուրդը դրա համը չի տենում:
Եթե գործ ըլնի, ձմեռն էլ կմնամ, որովհետև հարմար ա, էսա գազը թանկացել ա, չգիտեմ ինչ ա կատարվում: Մնալու տեղ հիմա տալիս են, բայց հետո եթե աշխատանք ճարեմ, չգիտեմ կլնի, թե չէ: 3-4 ամսով եմ գնում, ինչքան որ երկարի, մեր օգուտն ա էլի, շատ աշխատենք, որ ձմեռը կարոողանանք, դե էրեխեք են: Վերջապես եթե էդ հնարավորությունն էլ չլնի, սոված կմնան մարդիկ»: