Բաժիններ՝

Միխայիլ Բաղդասարով. Նման մենաշնորհը ոչ ոքի պետք չէ, սա ուղղակի ֆիկտիվ բան է, իզուր ճանճից փիղ են սարքում

«Արմավիա» ազգային փոխադրողի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի հարցազրույցը՝ eMedia.am-ին։

– Պարոն Բաղդասարով, «Արմավիայի» աշխատակիցներն այսօր՝ մայիսի 29–ին, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահական նստավայրի մոտ, Սերժ Սարգսյանից պահանջելով իրենց 6 ամսվա աշխատավարձը: Նրանք կստանա՞ն իրենց աշխատավարձերը։

– Մենք արդեն իսկ վճարում ենք։ Արդեն փակել ենք 1–2 ամսվա աշխատավարձերը։ Հարցն այն է, որ մենք վճարում ենք այն ժամանակ, երբ մեզ էլ վճարում են։ Մենք սնանկացումն էլ ձգձգում ենք, որ աշխատավարձերը փակենք։ Եթե մենք հիմա հայտարարենք սնանկության մասին, նրանք իրենց աշխատավարձերը կստանան «Հայկական ավիաուղիներ»–ի աշխատողների պես՝ 5 տարի անց։ Մենք վճարում ենք նրանց աշխատավարձերը, վաճառում ենք «Արմավիա»–ի գույքը, ինքնաթիռները։ Մեզ էլ պարտք են, այդ պարտքը ուշացնում են, այդ իսկ պատճառով աշխատավարձերը հունիսի 3–ի փոխարեն կվճարվեն հունիսի 7–ին։ Մենք արդեն բավական պարտքեր ենք փակել, մոտ 25%, այդ թվում՝ բանկերին։

– Այն գումարը, որ ձեզ պարտք են, կփակի՞ «Արմավիայի» պարտքերը։

Կարդացեք նաև

– Ոչ, դա ամբողջությամբ պարտքը չի մարի։ Մենք ուզում ենք նաև ինքնաթիռները վաճառել, որը ևս վարկերը փակելու հնարավորություն կտա։ Պարտքերը միայն բորտուղեկցորդուհիներին կազմում է մոտ 200.000 դոլար, իսկ օդաչուներին՝ 500.000 դոլարից ավել։ Մենք այդ ամենը կփակենք, իսկ եթե սնանկացում լինի, նրանք գումարներ չեն ստանա։

– Պարոն Բաղդասարով, Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարել էր, որ պետությունն ու մի շարք այլ պատվիրատուներ դատի են տվել «Արմավիային»։ 

– Երբ սնանկության մասին է հայտարարվում, բոլորն էլ դատարան են դիմում, որ վաճառքից ինչ–որ բան ստանան։ Դա նորմալ արարողակարգ է, առանց դրա չի կարող լինել սնանկացումը, բայց շատերն արդեն հետ են վերցրել հայտերը, մասնավորապես 3–4 բանկ, քանի որ վճարել ենք նրանց պարտքերը։

– Որքանո՞վ է կարևոր ազգային փոխադրողը պետության համար։ Ի՞նչը բերեց նման իրավիճակին՝ սնանկացմանը։

– Չեմ կարծում, որ ազգային փոխադրողը շատ անհրաժեշտ է։ Պետք է ուղղակի լավ ավիացիա, որը կարող է լինել, թե՛ ազգային փոխադրողով, թե՛ առանց դրա։ Ավիացիան պետք է նրա համար, որ երկիրն ավելի անվտանգ լինի, որ զբոսաշրջությունը, տնտեսությունը զարգանա և այլն։ Ավիացիայում պետք է կանոններ լինեն, որոնք չպետք է փոխվեն։ Այդ կանոնները պետք է բոլորին հասկանալի լինեն, իսկ մեզ մոտ դրանք անընդհատ փոխվում են։ Մենք դեմ ենք մենաշնորհին, մեզ պետք չէ այդ մենաշնորհը։ Դրա մասին շատ են խոսում, բայց օգուտ չկա, իսկ վնասները չափազանց շատ են։ Միլիոն դոլար պետք է վճարել այդ մենաշնորհի համար, բայց թե ի՞նչ մենաշնորհ է դա, ոչ ոք չի կարող ասել։ Սա ի՞նչ մենաշնորհ։ Մենաշնորհը նա է, երբ բոլորին արգելվում է չվերթներ իրականացնել, իսկ հիմա բոլորին թույլատրված է։ Նման մենաշնորհը ոչ ոքի պետք չէ։ Սա ուղղակի ֆիկտիվ բան է, իզուր ճանճից փիղ են սարքում։

Այլ հարց է, որ հիմնական, բազային ավիափոխադրող պետությանն իհարկե պետք է, քանի որ երկիրը պատերազմական գործողությունների եզրին է՝ Սիրիա, Իրան, Ադրբեջան։ Կարծում եմ ավիացիա կլինի, պետք չէ մտածել, որ չի լինելու, այլ հարց է, թե երբ, ինչպես ու ի՞նչ պայմաններով։

Այն պայմաններով, որ այսօր են գործում, չեմ կարծում որևէ մեկը կարողանա աշխատել։ Պայմանները պետք է փոխել, 10.000 դրամ օդի հարկը պետք է հանել, պետք է վերացնել մենաշնորհն ու նորմալ գներ սահմանել, որ ազգային փոխադրողը կարողանա մրցակցել արտասահմանյան ընկերությունների հետ, քանի որ վերջիններիս համար պայմանները շատ ավելի լավ են, քան ազգային փոխադրողի համար։

– Դուք նշում եք, որ դեմ եք մենաշնորհին, որ 10.000 դրամը պետք է հանել… այնպիսի տպավորություն է, որ ձեզ ստիպում են մենաշնորհ ունենալ։

– Այնպես, ինչպես այս ամենն ավարտվեց, այո, չենք ուզում։ Մի կերպ ձգեցինք նրան, որ ավարտվի այդ մենաշնորհը։ Ինչ վերաբերում է 10.000 դրամներին, մենք բազմիցս դիմել ենք այդ հարցով քաղավիացիային, մի ժամանակ անգամ վերացրել էինք դրանք։ Եթե այսօր գտնեն մեկին, ով ավիափոխադրումներ կիրականացնի Հայաստանում, համոզված եմ, նույն պայմաններն է դնելու։ Մենք թռնում ենք Երևան–Դուբայ–Երևան, իսկ Դուբայի չվերթը՝ Դուբայ–Երևան–Դուբայ, այսինքն նա երկու անգամ կանգ է առնում Դուբայում, այնտեղ է լիցքավորվում, էժան վառելիքով, դրա համար էլ նրանց գները 2 անգամ էժան են։ Բոլորը մեղադրում էին, որ տոմսերի բարձր գների համար մեղավոր է «Արմավիա»–ն։

Այնինչ, «Արմավիա»–ն գնաց, տոմսերի գները բարձրացան, քանի որ մենք պահում էինք գները։ Պարզվեց, որ «Արմավիան» ոչ թե բարձրացնում էր, այլ պահում էր գները։ Այդ գները բարձրացել են ու էլի բարձրանալու են, ամռանը հատկապես։ Ես այլ բիզնեսներից դոտացիա էի անում «Արմավիա»–ն, ու այլ ավիաընկերությունները չէին բարձրացնում գները, արդյունքում մենք սնանկացանք ու այլ ընկերություններն էլ բարձրացրեցին գները ու վերադարձնում են իրենց կորուստները։

– Այլ բիզնեսներից խոսեցիք։ Իսկ գազի ու էլեկտրաէներգիայի գների թանկացումն ինչպե՞ս կազդի դրանց վրա, մասնավորապես «Միկա ցեմենտ»–ի արտադրության ու ինքնարժեքի վրա։

– Հավասարաչափ, կնայենք, որքան է գազի գինը, ինչքա՞ն է դրա մասնաբաժինը գնի մեջ, այդքանով էլ կբարձրացնենք։

– Պարոն Բաղդասարով, ասում են, որ ամբողջ այս արշավն ուղղված է հենց Բաղդասարով անձի դեմ։ Որքանո՞վ է դա հավանական։

–Ես չգիտեմ, ով ասում է, որ ուղղված է, թող նա էլ ասի, թե ով է ուղղել։ Ես չգիտեմ, որովհետև հաճախ, ոմանք ինչ–որ բան են անում մեկ այլ մարդու անվան տակ։ Հաճախ որոշ խմբեր փորձում են համապատասխան պատրանքներ ստեղծել ու դրանց տակ իրենց նպատակներն են իրականացնում։ Ես, համենայն դեպս, չգիտեմ, որ իմ դեմ ինչ–որ բան անեն։ Եթե միայն ես այս վիճակում լինեի, կասեի լավ, բայց երբ բոլորի մոտ նույն վիճակն է, բոլորը խնդիրներ ունեն թե՛ էներգակիրների, թե՛ վարկերի հետ կապված։

«Արմավիան» ուղղակի հրապարակային ընկերություն է ու չի կարող դրա մասին չհայտարարել, իսկ կան ընկերություններ, որոնք սնանկացման մասին հայտարարելու կարիք չունեն, նրանք ուղղակի սուս–փուս փակվում են։ Բանկերում, երբ զրույցներ են լինում, բոլորն էլ նունն են ասում։

– Իսկ ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ այլ ընկերություններն էլ խնդիրներ ունեն։ Դա արտաքին գործոնների հետևանքն է՞, թե՞ պետության սխալ տնտեսական քաղաքականության։ 

– Ես կարող եմ միայն իմ անունից խոսել։ Ես նրանց խնդիրների մեջ չեմ խորանում, ես ուղղակի գիտեմ, որ նրանք էլ վարկերի ուշացումներ ունեն, չեն կարողանում փակել և այլն։ Ինչ վերաբերում է նրան, թե դա ինչի է դա տեղի ունենում, չգիտեմ։ Կոնկրետ մեզ մոտ խնդիրն այն էր, որ ազգային փոխադրողի համար պայմաններն ավելի վատն էին, քան արտասահմանյան ընկերությունների։ Չգիտեմ դա պետության սխալն է, թե նաև մասնավոր ընկերությունների… բոլորի։ Կանոններ են սահմանվում, ասենք Ռուսաստանի ավիացիայի, Եվրոպայի և այլն, մենք դեռ ամբողջությամբ չենք կազմավորվել։ Մենք այդ պայմաններում աշխատել չկարողացանք։ Մեզ մոտ 20007, 2008, 2009, 2010 թվականներին վերելք էր, բայց 2011–ից անկում սկսվեց ու 2013թ. այսպես ավարտվեց։

– «Արմավիայի» վերադարձը բացառվո՞ւմ է։ 

– Այս կյանքում ոչինչ չի բացառվում, բացառվում է իմ վերադարձը, իսկ «Արմավիա»–ն կարող է վերադառնալ։ Ես այլևս չեմ ուզում ավիացիայով զբաղվել, դա անշնորհակալ գործ է, անգամ եթե պայմանները փոխեն։ Կարծում եմ առանց ինձ էլ «յոլա» կգնան, իսկ ես ինձ ավելի հանգիստ բիզնես կգտնեմ։

– Հուսանք` այստեղ։

– Ամեն ինչ կախված է բիզնեսից։ Հնարավոր է` այստեղ, հնարավոր է` արտերկրում։ Բայց, ամենայն հավանականությամբ, արտերկրում։ Այստեղ էլ ինչ–որ բան կմնա, բայց ոչ ավիացիան, իհարկե։ Գաղտնիք չէ, որ արտագաղթն ավելացել է, ինչո՞ւ ես չեմ կարող լինել այն արտագաղթողների թվում, որոնք հեռանում են։ Երկրորդ, ես այնպես չէ, որ գնում եմ, ուղղակի ուրիշ տեղ էլ եմ բիզնես անելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս