Բաժիններ՝

Նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը

Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը

Գագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից:

Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է կենսաթոշակ ստանալու լիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:

Սակայն նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալը: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները` դրանով խախտելով ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև բազմաթիվ մարդկանց իրավունքները:

Այդուհանդերձ, Նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)` պատճառաբանելով, որ իրավական ակտը` տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ պետք է նկատել, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից:

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:

Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս