Ռետրո մեքենաների ցուցադրություն՝ Երևանում (տեսանյութ, լուսանկարներ)

Այսօր «Էրեբունի» թանգարանի մոտակայքից մեկնարկեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից կազմակերպված ռետրո մեքենաների ցուցադրությունը:

Մոտ երեսուն մասնակիցներ ներկայացրեցին իրենց հնաոճ մեքենաները, որոնք թանգարանի մոտից շարժվեցին Հյուսիսային պողոտա:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ պատահական չէ ռետրո մեքենաները ցուցադրելու համար ընտրված վայրը՝ «Էրեբունի» թանգարանը. «Մեր և Երևան քաղաքի պատմության թանգարանի կողմից տրամադրված տվյալներով՝ 1913 թվականին Երևան քաղաք մուտք գործեց առաջին ավտոմոբիլը: Այս տարի լրանում է այս իրադարձության 100-րդ ամյակը: Սա ևս մեկ առիթ էր նման միջոցառում կազմակերպելու համար: Բացի դրանից էլ՝ այսօր մայիսի 28-ն է, տոն օր է, և այս օրով երևանցիներին ևս մեկ անգամ ժպիտ առաջացնելն ու դրական էմոցիաներ փոխանցելը, կարծում եմ, ավելորդ չէր լինի: Մենք փորձում ենք պահպանել ռետրո հասկացությունը: Կան եռանդուն մարդիկ, և եթե մենք չկարողանանք նրանց ոգեշնչել, կունենանք միայն նոր մոդելի մեքենաներ»:

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահի խորհրդական, միջոցառման նախաձեռնող խմբի անդամ, կազմակերպիչ Արտաշես Ստեփանյանն էլ ասաց, որ այս միջոցառումն արդեն 10-11-րդ անգամ է կազմակերպվում:

Կարդացեք նաև

«Այս տարի ռետրո մեքենաների ցուցադրությունն ավելի նշանավոր է անցկացվելու: Երբ հասնենք Հյուսիսային պողոտա, «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» ընկերությունը ներկայացնելու է Գազ M1 մակնիշի մեքենա, որն արդեն 70-80 տարեկան է: Այդ մեքենան հանդիսատեսի աչքի առջև վերականգնվելու է: Ինչպես նկատում ենք՝ այս մեքենաներն արդեն թանգարանային նմուշներ են, սրանք չեն վերանորոգվում, այլ վերականգման աշխատանքներ են տարվում: Մեքենաներն այն տարիքում են գտնվում, որ և´ օգտագործելուց են փչանում, և´ ավտոտնակում կանգնեցնելուց»,- հավելեց Արտաշես Ստեփանյանը:

Ցուցադրությանն իր ինքնաշեն ֆայտոնն էր ներկայացրել պարոն Միշան: Վարպետը ֆայտոնը վերջնական տեսքի է բերել 2010 թվականին, մինչ այդ երեք տարի ծախսել է մեքենան պատրաստելու համար:

Նա պատմում է, որ իր ֆայտոնը օգտագործում է տարբեր առիթներին: Օրինակ՝ մի անգամ մեքենայով գնացել է ծննդատուն, նորածին երեխայի է դիմավորել՝ շարժելով բոլոր բժիշկների, հիվանդների հետաքրքրասիրությունը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում և լուսանկարներում:

Տեսանյութեր

Լրահոս