Ծառուկյանի աշունը
Մեկ տարվա ընտրական ցիկլի ավարտից հետո քաղաքական դաշտում հարաբերական դատարկություն է առաջացել: Դրա ամենավառ վկայությունն այն է, որ իշխանությունն այլևս մտահոգվում կամ վախենում է ոչ թե ընդդիմադիր ուժերից, այլ քաղաքացիներից: Մարդկանց արդեն իսկ արտահայտվող ընդվզումը որոշակի կազմակերպական տեսք ստանալու դեպքում՝ կարող է իրական վտանգ դառնալ առերևույթ «պրոբլեմ չունեցող» իշխանության համար: Իշխանության մտահոգությունը միանգամայն հասկանալի է ու արդարացված: Դրա հիմքում ընկած է ոչ թե քաղաքացիների նկատմամբ սրտացավ վերաբերմունքը, մարդկանց կենսամակարդակի այսչափ անկման անթույլատրելիության զգացումը, այլ վախը, որ ինչ-որ պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ սպառնալով իշխանության գոյությանը:
Իսկ ինչո՞ւ են, այնուամենայնիվ, իշխանությունները քաղաքացիների լոկալ բողոքի արտահայտություններից ավելի շատ մտահոգվում, քան ընդդիմադիր ուժերի գործունեությունից: Որովհետև, ինչպես կյանքը ցույց տվեց, իշխանությունները կարողանում են ընդդիմությանը պահել «գծի մեջ», ոմանց՝ կաշառելով, մյուսներին՝ մանդատներ տալով, որոշ ուժերի՝ իրար դեմ հանելով ու նրանց ռեսուրսները փոշիացնելով: 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները վկայեցին, որ հասարակությանը «փողոցում պահող» ուժերն ընդամենը մի քանի պատգամավորական մանդատի դիմաց մարդկանց հաճույքով տուն ուղարկեցին: Մինչև հաջորդ ընտրություններ: Իշխանության համար դա միանգամայն գոհացուցիչ արդյունք էր:
Նույն վստահությունը, սակայն, իշխանությունը չունի՝ ընդվզող քաղաքացիների հետ կապված: Այն պարզ պատճառով, որ իրականում բողոքավոր զանգվածը չի սահմանափակվում մի քանի հազար կամ մի քանի հարյուր մարդկանցով, ինչպես ընդդիմության պարագայում: Ըստ էության, այդ զանգվածն իր մեջ ներառում է գրեթե ողջ հասարակությունը՝ հանած իշխանական ու պետական էլիտային՝ իրենց մերձավորներով հանդերձ: Իսկ ամբողջ հասարակությանն իշխանությունը չի կարող կաշառել, առավել ևս, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում երեք ընտրություն է անցկացրել՝ հսկայական միջոցներ ծախսելով ընտրակաշառքի վրա:
Իշխանություններն իրականում շատ լավ տիրապետում են հասարակության սոցիալական վիճակի վերաբերյալ տեղեկատվությանը, գիտեն, թե ինչ է կատարվում Երևանից դուրս, սահմանամերձ գյուղերում, և ամենակարևորը՝ գիտեն, որ տեսանելի ապագայում իրավիճակը հաստատ չի բարելավվելու, քանի որ իրենք են սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնողները: Դրա համար վախենում են, որ առաջիկայում կարող են փակվել ոչ միայն Երևանին մոտ բնակավայրերին հարող մայրուղիները, այլև միջպետական ավտոճանապարհները:
Այս պայմաններում իշխանության թիվ մեկ խնդիրը, բնականաբար, պետք է լիներ կոնկրետ քայլեր կատարելը՝ մարդկանց անտանելի կյանքը գոնե որոշակիորեն թեթևացնելու համար: Բայց իշխանությունը նման բան չի անում՝ ոչ այնքան այն պատճառով, որ չի ցանկանում, այլ, որովհետև չի կարող: Որևէ կտրուկ փոփոխության համար իշխանական վերնախավը պետք է հրաժարվի հսկայական ստվերային եկամուտներից, սակայն դա էլ իր հերթին՝ կարող է իշխանության հիմքերը սասանել ներսից, քանի որ տարիներ շարունակ կերակրատաշտից օգտվելու քվոտաներին սովոր պաշտոնյաները կարող են ընդվզել: Հետևաբար, իշխանության թիվ մեկ խնդիրն է՝ թույլ չտալ, որ քաղաքական դաշտում դեռևս դերակատարում ունեցող ուժերից որևէ մեկն իր վրա վերցնի հասարակության դժգոհությանը կազմակերպված տեսք տալու ու ուղղորդելու գործը:
Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակական որոշակի մոբիլիզացիա իրականացնելու ռեսուրս դեռևս ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ քննարկման նյութ է, բայց ԲՀԿ-ն՝ բնականաբար, առաջին հերթին՝ փողի շնորհիվ նման հնարավորություն ունի: Այլ հարց է, որ անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դա ամենևին պետք չէ: Որովհետև՝ սոցիալական բունտն ուղղորդելու և հաջողության հասնելու դեպքում կարող է տապալվել այն իշխանությունը, որի հաստատած կանոնների ու որի շնորհած արտոնությունների շնորհիվ՝ ինքը Հայաստանի թիվ մեկ օլիգարխն է:
Որպեսզի այդ հեռանկարը Ծառուկյանի համար գայթակղիչ լինի, պետք է լինի 100 տոկոսով երաշխավորված, քանի որ սոցիալական բունտի տապալման դեպքում կարող է տապակվել նաև ինքը: Իսկ նման երաշխիքներ որևէ մեկը չի կարող տալ:
Սակայն Ծառուկյանին ձեռնտու չլինելը դեռևս չի նշանակում, որ ԲՀԿ-ն միանշանակ հետ կմնա նման քայլից: Որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է, որպեսզի ԲՀԿ-ի այդ «ունակությունը» չծառայի երրորդ անձի: Հասկանալի է, որ տվյալ դեպքում, առաջին հերթին, խոսքը վերաբերում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում, ինչպես ինքն էր հրապարակավ հայտարարում, ոգևորում էր ԲՀԿ-ի հաջողությունը դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ: Ավելի պարզ ասած, ներկայումս իշխանության, առաջին հերթին՝ նախագահ Սերժ Սարգսյանի խնդիրն է՝ չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունը Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի վրա, կամ ընդունված քաղաքական տերմինաբանությամբ՝ Ծառուկյանին պոկել Քոչարյանից:
Դա, բնականաբար, ոչ թե միանվագ գործողություն է, այլ երկարատև գործընթաց, որը, ըստ էության, հասել է ավարտական փուլին: Դրա արտահայտություններից մեկն էլ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված եկեղեցու բացման արարողությունն էր ու հենց դրա ընթացքում հնչած հայտարարությունը՝ ԲՀԿ-ի՝ ընդդիմություն չլինելու մասին:
Ի դեպ, դա դեռևս չպետք է հասկանալ որպես ԲՀԿ-ի՝ ընդդիմադիր դառնալու հավանականության իսպառ բացառում: Այնպես չէ, որ իշխանությանը պետք չէ ԲՀԿ-ն՝ ընդդիմության դերում: Հակառակը՝ գուցե դա իշխանության համար ամենաշահեկան տարբերակն է:
Պարզապես Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ն լինի ընդդիմություն, սակայն Քոչարյանից վերջնականապես «պոկված» վիճակում:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի քան երկու տարի փորձեց Գագիկ Ծառուկյանին պոկել իշխանությունից, սակայն դրա հետևանքն այն եղավ, որ իշխանությունն ավելի ամրապնդվեց: Ծառուկյանին պոկելու փորձի պատճառով Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական ուժը պոկվեցին հասարակությունից՝ դառնալով այդպես էլ չպոկված ԲՀԿ-ի գաղափարախոսը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փորձը՝ Ծառուկյանին Սերժ Սարգսյանից պոկելու մասով, ևս կարելի է ձախողված համարել: Հիմա պոկելու հերթը Սերժ Սարգսյանինն է, ով, ըստ ամենայնի, հաղթող դուրս կգա ԲՀԿ-ի համար երեք նախագահների միջև ընթացող պայքարում:
Լուսանկարը՝ 168.am-ի