Նաիրի Սահյան. Մենք գնացինք լևոնականների դուդուկի տակ, որոնք Մոսկվայի ԿԳԲ-ից հրահանգներ էին ստանում
«Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով՝ իր բերանով ասել է՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան չէր օգնում Ղարաբաղի ազատագրմանը, որքան խանգարում էր: Սա Քոչարյանի խոսքերն են, որոնց մեջ չխորացան, որովհետև այդ ամենի մեջ մեծ կեղտ կա. ո՞վ վաճառեց, քանիսո՞վ, ո՞ւմ, ինչի՞ համար… Սա ուրիշ վերլուծություն է, որը ժամանակին կանեն այդ փաստաթղթերն ունեցող մարդիկ՝ պատմաբանները»,- ասում է բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը: Նա վստահեցնում է, որ գոյություն ունեն այնպիսի աղաղակող փաստաթղթեր, որոնք անպայմանորեն հրապարակելու են մասնագետները: Ի դեպ, շարժման տարիներին բանաստեղծ Համո Սահյանը նույնպես եղել է Ազատության հրապարակում, որի համար հետագայում ճնշումների է ենթարկվել: Այդ տարիներին նա գրել է մի բանաստեղծություն, որից մեջբերում ենք մի քառյակ.
Փոխվել են դերերն ու տերերը,
Բայց նույնն է երախը վիշապի,
Սրանք են այս երկրի տերերը
Աղոթեմ, որ մահս շտապի:
Նաիրի Սահյանը վաստահեցնում է, որ բանաստեղծի այս ստեղծագործությունը լրիվ բնորոշում է իրավիճակը, որովհետև նա տեսել է սխալը: «Նա ասում էր՝ բանաստեղծը պիտի ժողովրդի կողքին լինի, գնաց Ազատության հրապարակ՝ ճնշումների ենթարկվելու գնով: Բայց ժողովուրդը սխալ ընտրություն արեց: Անկախություն, բայց ինչի՞ց: Ձեռք բերեցինք անկախություն, բայց ումի՞ց անկախացանք և ո՞ւմ ձեռքն ընկանք: Սխալն ընտրությունն էր, որովհետև մենք գանցինք Գորբաչովի տված ճանապարհով: Մեզ հրեցին, տարան էնտեղ, որտեղ պիտի կոտորվեինք: Իրենք ուզում էին Ադրբեջանը, Վրաստանն ու Հայաստանը մնային իրենց թևի տակ: Բախվեցին իրար, Սումգայիթն էլ իրենք արեցին, որ բաժանեն և իշխեն: Մենք գնացինք լևոնականների դուդուկի տակ, որոնք Մոսկվայի ԿԳԲ-ից հրահանգներ էին ստանում: Հավատացնում եմ ձեզ, որ մի օր հրապարակվելու է ամեն ինչ»,- ասում է Ն. Սահյանը: