Հայտարարություն. Ի՞նչ անուն տալ այն մարդուն կամ մարդկանց, որ հրահրել էին ծնողներին դիակը Երևան տանել
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կցանկանայինք մեր խոսքը ասել Հայաստանը ցնցած վերջին դեպքի կապակցությամբ: Մենք միտումնավոր հետաձգեցինք այն, չցանկանալով վշտի ու ցավի օրերին բորբոքել կրքեր: Խոսքը Նոյեմբերյանի զորամասի արտակարգ պատահարի մասին է: Խաղաղ պայմաններում բանակը էլի մեկ զոհ տվեց, մի ընտանիք էլ սուգ մտավ: Ամենացավալին այն է, որ պատճառը ավելի քան անհեթեթ է. անհաջող կատակ, անհանդուրժականություն, պատվի մասին կեղծ, տղայական պատկերացում և արդյունքը երեք խեղված ճակատագիր:
Դեպքից հետո կատարվում է քննություն, անկասկած մեղավորները կպատժվեն, բայց երեք հայ երիտասարդի խեղված կյանքը էլ չի վերականգնվի: Ո՞վ է մեղավոր: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը թերացել է իր պարտականությունների մեջ, ինչ որ մեկը անհրաժեշտ ուշադրություն չի դարձրել զինծառայողների միջանձնային հարաբերությունների խոտորումներին, բայց հիմնականում մեղավորը կարծում ենք նաև այն մթնոլորտն է, որի պայմաններում մեծանում է մեր երիտասարդության մի մասը: Գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ պատվի, խիզախության, տղամարդկության մասին կեղծ պատկերացումներով են առաջնորդվում:
Քանի դեռ չենք կարողացել արմատախիլ անել այդ մտայնությունը, համոզված ենք նման դեպքեր էլի են կրկնվելու: Ո՞վ է մեղավոր: Մեղավոր ենք բոլորս, մեղավորը այն անհանդուրժականությունն է, որ տիրում է մեզանում, մեր կենցաղում, քաղաքական կյանքում, տնտեսության մեջ, մի խոսքով ամենուր: Ո՞վ պետք է զբաղվի այդ խնդրով: Բոլորս, այլ կերպ հնարավոր չէ:
Մենք, որ անցել ենք պատերազմի բովով, ընկերներ և զինակիցներ ենք կորցրել, ամբողջապես գիտակցում ենք այն ցավը, որ այսօր ապրում է զոհվածի ընտանիքը: Գիտակցում ենք նաև այն ցավը որ ապրում է և ակամա հանցագործ դարձած երիտասարդի ընտանիքը:
Մխիթարանքի խոսքեր չկա և նման իրավիճակում չեն կարող լինել: Միակ բանը, որ հնարավոր է, թերևս, կորուստ ունեցած ընտանիքներին ամեն կերպ սատարել կարողանալն է: Դա կլիներ բնական, մարդկային, քրիստոնյային և հային վայել: Զոհված զինծառայողի տուն այցելեցին թե զորամասի, թե զինկոմիսարիատի ներկայացուցիչները: Գիտակցելով կատարվածի մեջ պատասխանտվության իր բաժինը զինծառայողի հուղարկավորության մասնակցեց նաև պաշտպանության նախարարության ղեկավարությունը:
Փորձեց կիսել վիշտը, իր ցավը հայտնեց և հավաստիացրեց, որ մեղավորները անպայման կպատժվեն: Կատարվածի համար վշտացան և ցավակցություն հայտնեցին մեր հազարավոր հայրենակիցներ:
Բայց գտնվեցին մարդիկ, որ հայ են կոչվում ու մեր երկրի քաղաքացիներ են, որ փորձեցին և այժմ էլ փորձում են այս ողբերգությունից «օգուտներ» շահել, մարդկային ողբեր•ությունը վերածել շոուի:
Ոչ ոք չի ժխտում, որ մեր հայրենիքում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան, որ բանակում դեռ շատ են պրոբլեմները, բայց դա իրավունք չի տալիս ոչ ոքի ողբերգությունը շոուի վերածելու: Սա անմարդկային, անբարոյական և մտահոգիչ է: Ի՞նչ անուն տալ այն մարդուն կամ մարդկանց, որ հրահրել էին ծնողներին դիակը Երևան տանել, որ Հանրապետության հրապարակում հավաքել էին բանակում խաղաղ պայմաններում որդի կորցրած ծնողներին: Ինչպես որակել այն լրագրողին, որ հուղարկավորությունից մի քանի րոպե անց չարախնդորեն հարցնում է պաշտպանության նախարարին. «ինչո՞ւ հրաժարական չեք տալիս…»:
Նկատեք ոչ մի ցավակցական խոսք, ոչ մի փորձ անգամ կատարվածի պատճառները հասկանալու, ոչ մի առաջարկ օգնելու, որ նման դեպքերը ապագայում չկրկնվեն, այլ միայն «ինչու հրաժարական չեք տալիս»: Ի՞նչ անուն տալ նրանց, ովքեր լուր սկսեցին տարածել, գլխավոր շտաբի պետի պաշտոնակության մասին, լուրեր տարածեցին ու տարածում են բանակի ղեկավարության մեջ իբր թե տիրող գզվրտոցների մասին… Չգիտենք՝ դուք ասեք, դուք որոշեք:
Վերջում կցանկանայիք կատարվածի համար մեկ անգամ ևս մեր ցավը հայտնել, հավաստիացնել, որ կիսում ենք որդեկորույս ծնողների վիշտը, իսկ չարախնդողներին և կեղծ «գթասիրտներին» հիշեցնում ենք.
Սա մեր բանակն է, սա մեր երկիրն է և ցավն էլ մեր բոլորինն է, հեռու մնացեք մեր ցավից, մի փորձեք մեր վիշտը շոուի վերածել:
«Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Անահիտ Հովնանյան
«Զինվորի պաշտպանության կոմիտ» ՀԿ-ի նախագահ Գոհար Արմենակյան
«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ» ՀԿ-ի նախագահ Գրիշա Սարգսյան
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի նախագահ Յուրա Միքայելյան
«Առաջին գունդ» ՀԿ-ի նախագահ Վաչագան Չիբուխչյան
«Թալիշի պաշտպան» ՀԿ-ի նախագահ Միքայել Ապրեսյան