Բաժիններ՝

Սպասենք ապաշխարանքի գալուստին. մամուլ

Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր գործընկեր, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին համեմատել է մայրուղում կանգնած կնոջ հետ:

Հայաստանում մեծացած ցանկացած մարդու համար, որը քիչ թե շատ ծանոթ է մեր լեզվական իրողություններին, նման արտահայտությունը վատ քողարկված սեռական հայհոյանք է: Ես, ճիշտն ասած, այդպես էլ մինչև վերջ չեմ հասկացել, թե ինչ է նշանակում «նժդեհականություն», բայց հանրապետականներն ասում են, որ դա ազգային պահպանողականություն է: Որքանո՞վ է գաղափարախոսությանը համահունչ խորհրդարանական ամբիոնից կնոջը, չորս երեխաների մորը վիրավորելը:

Ինձ թվում է՝ ազգայնականությունը սկսվում է կնոջը, ազգը շարունակողի, ազգի գենոֆոնդը հարստացնողի նկատմամբ նրբանկատ կասեի նույնիսկ՝ վեհանձն վերաբերմունքից:

Ես միշտ գրել եմ, որ քաղաքական պատճառներով կանանց վրա հարձակումները պարզապես նողկալի են: Այդպիսի վարք է մեր քաղաքականացված զանգվածը դրսևորել, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի հանդեպ (երբ վերջինս «այլընտրանք» չէր), նույնը հիմա շարունակվում է Արփինե Հովհաննիսյանի, Մարգարիտ Եսայանի, Շուշան Պետրոսյանի հանդեպ: «Արդարացումը» միշտ նույնն է՝ դե, եթե կին են, թող քաղաքականությամբ չզբաղվեն, թե չէ՝ թող պատրաստ լինեն ամեն ինչի: Բայց խոսքը ոչ թե նրանց արտահայտած մտքերի հետ չհամաձայնելու (ինձ էլ նրանց ելույթների մեծ մասը դուր չի գալիս), այլ այդ պատգամավորներին, որպես կանանց, վիրավորելու մասին է:

Այս անգամ էլ Գալուստ Սահակյանը նույնատիպ «արդարացում» է գտել՝ որ կին է, թող իրեն կնոջ նման պահի: Այսինքն՝ եթե Զարուհին իրեն «լաչառ» է պահում, ես իրավունք ունեմ նրան հայհոյելու: Ի դեպ, այս դրսևորումների միջև կա որոշակի տարբերություն. ՀՀԿ-ական կանանց վիրավորում են ֆեյսբուքում և կայքերում, իսկ պարոն Սահակյանն իր հայհոյանքը հնչեցնում է երկրի օրենսդիր մարմնի ամբիոնից, որն ավելի դատապարտելի է:

Բայց ավելի ուշագրավ հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Նա ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից, իր կյանքում ընդհանրապես ներողություն չի խնդրել, որովհետև այնպիսի մի կյանք է ապրել, որ ներողություն խնդրելու կարիք երբեք չի ունեցել: Տեղեկացնեմ պարոն Սահակյանին, որ նման մարդ աշխարհի երեսին չկա, չի եղել և չի լինելու: Այսինքն՝ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել մի մահկանացու, որը նման կյանք է ապրել: Նույնիսկ մեզնից շատ ավելի առաքինի մարդիկ, որպիսիք են, օրինակ, Օգոստինիոս Երանելին, Գրիգոր Նարեկացին կամ Բլեզ Պասկալը, միևնույն է՝ ապաշխարելու բազմաթիվ առիթներ են ունեցել և այս ապաշխարանքն արտահայտել են իրենց հրաշալի գործերում: Պնդել, թե դու կյանքում ոչինչ չես արել, ինչի համար պիտի ներողություն խնդրես՝ սա առնվազն շատ հանդուգն միտք է:

… Սիրելի Զարուհի, ես բացարձակապես Ձեր քաղաքական ուժի կողմնակիցը չեմ, բայց Գալուստ Սահակյանի փոխարեն Ձեզնից ներողություն եմ խնդրում: Ես դա անում եմ տղամարդկանց ամբողջ ցեղի անունից, որին պարոն Սահակյանը և ես պատկանում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս