Բաժիններ՝

Կառավարությունը չի մերժի, բայց կտա՞

Կարկուտն ահագին բան բացահայտեց: Ե՛վ տնտեսության ոլորտում, և՛ քաղաքականության: Անկեղծ ասած, քաղաքական գործիչներից ու ուժերից հասարակությունը վաղուց սպասելիքներ չունի: Գյուղացին` առավել ևս: Գյուղացու միակ սպասելիքն իշխանությունների աջակցությունն է: Տասն օրից ավելի է անցել: Մինչդեռ տնտեսական տվյալներն անգամ ամփոփված չեն: Տեղեկատվության աղբյուրները մամուլն է ու առանձին փորձագետները:

Մայիսի 12-ին կարկուտը վնաս է հասցրել 70 տնտեսությունների: Դրանցից 40-ում վնասի չափը գնահատվում է` սպասվող բերքի 50-100 տոկոսը: Ու վերջ: Վնասների գույքագրման նման` մոտավոր ու ահռելի մարժա ունեցող տվյալներ, մեր երկրում անգամ Ազգային վիճակագրական ծառայությունը չի հրապարակում: Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներն ավելի կոնկրետ են: Կարկուտի իրական վնասների մասին Արմավիրի մարզից դուրս ապրող բնակչությունը պատկերացում կարող է կազմել երկու փաստից: Նրանից, որ պարբերաբար տարբեր տրամաչափի իշխանավորներ հրապարակավ խոստանում են աջակցել գյուղացուն: Մյուս փաստն ավելի ակնառու է ցուցադրում մեր իշխանավորների խառնաշփոթ ելույթների պատճառները` մարզի բնակչությունը պարբերաբար փակում է մայրուղին: Վնասների գույքագրման դանդաղ ընթացքը, հնարավոր է, այնքան տեխնիկական խնդիրներով չէ պայմանավորված, որքան իշխանությունների՝ ժամանակ ձգելու նպատակով:

Այդպես կրքերը կարող է հանդարտվեն: Հիշո՞ւմ եք, կարկուտից մի քանի օր առաջ կառավարությունը խորհրդակցության էր հրավիրել գյուղմթերող կազմակերպությունների սեփականատերերին: Նպատակն ազնիվ էր՝ գյուղացուն ասել, որ վստահ լինի` հարազատ իշխանություններն արդեն մտածում են ապագա բերքը մթերելու մասին: Այդ հետո պարզվեց, որ իշխանությունները, ցուցադրական միջոցառումներից զատ, ահագին բաներ են մոռացել: Օրինակ, որ 20-րդ դարից բնական աղետների դեմն առնող մեթոդներ կան: Մեթոդներ, որ անգամ հայ իշխանավորներին են հայտնի:

Օրինակ` հակակարկտային կայանները: Դրանցից պաշտոնապես մենք էլ ունենք: Բայց այս ընթացքում ոչ մի իշխանավոր նեղություն չկրեց մանրամասնելու, թե կարկուտի գոտում քանի՞ կայան կար տեղավորված, դրանցից քանի՞սն էին համալրված համապատասխան սարքավորումներով, որքա՞ն հակակարկտային արկ ունեին, ի վերջո, քանի՞ արկ է արձակվել: Եվ այլ նման մանրուքներ:

Ու քանի դեռ նման հաշվետվություններ չեն հրապարակվում, հայ գյուղացին իրավունք ունի ենթադրելու, որ այդ արկերը երբեք չեն արձակվում: Չեն արձակվում և յուրացվում են պետական բյուջեից` «ատկատների» հայտնի մեթոդով: Գյուղատնտեսության նախարարությունը գարնան սկզբին բոլորին, նույնիսկ` քաղաքաբնակներին, տեղեկացրեց սպասվող ցրտահարության մասին: Համարյա հայրական հոգածությամբ` բոլորիս խորհուրդ տվեց ծխահարել մեր ունեցած ու չունեցած այգիները: Հուզիչ էր: Ի տարբերություն կարկուտի դեպքի: Կարելի է կարծել, որ կարկուտն անկանխատեսելի բնական աղետ է: Բնական ու տարերային` ինչպես մեր կառավարության գործունեությունը: Ասել, թե մեր կառավարությունը ոտ ու ձեռ ընկած փորձում է լուծում գտնել, երևի չափազանցություն կլինի: Որովհետև մեր վարչապետն ասում է. «Գյուղացիները վնասների փոխհատուցում չեն ստանա»:

Բայց որպեսզի գյուղացիները նորից մայրուղի չփակեն` ավելացնում է. «սակայն կառավարությունը կօգնի նրանց (գյուղացիներին.- Ա.Գ.)»: Ավելացնում ու շարունակում է` «որպեսզի օգնությունն առարկայական լինի` ամենօրյա աշխատանք ենք տանում»: Այս շարունակությունը հավանաբար նրա համար է, որ ոչ ոք օգնության լուրջ ծավալների ակնկալիք չունենա: Կառավարության «ամենօրյա աշխատանքի» արդյունքները հասարակությունն ամեն օր էլ ըմբոշխնում է: Ասեք, որ վարչապետի ելույթը «Ոսկե ցլիկ» ֆիլմի հանրահայտ հարցն է հիշեցնում` «Չի մերժի, բայց կտա՞»:

Կարկուտը մեր պետական կյանքում լուրջ նորամուծություն մտցրեց: Այն կարելի է որակել` պետական կառավարման ալտերնատիվ համակարգ: Պարզվում է` ՀՀ գյուղնախարարը նամակներով դիմում է մեր գործարարաց հարուստ հատվածին՝ խնդրելով փող փոխանցել կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու համար: Լուրը հրապարակած լրատվամիջոցը նամակներից մեկի լուսանկարն էր հրապարակել: Այլապես ընթերցողներն էլ չէին հավատա: Պետությունը դեռ չի գույքագրել վնասի չափը, բայց արդեն սրանից-նրանից փող է խնդրում: Եթե շատ հավաքվի, ծախսելու տեղ երևի կգտնվի: Հետաքրքիր կլինի դիտարկել պետական (թե՞ հակապետական) կառավարման այս մեթոդի փորձարկումը: Հուսանք, որ այս յուրատեսակ հիմնադրամի կուտակումն ու սպառումը թափանցիկ կկազմակերպվի:

Անկեղծ ասած, ես մեծ սպասելիքներ չունեմ: Խորհրդարանական ընտրությունների առիթով մեր խորհրդարանի խոսնակի ունեցվածքի հայտարարագրի մասին հրապարակային կարծիք հայտնել եմ` այն ավելի շուտ խոշոր ու հաջողակ գործարարի հայտարարագիր է, քան պետական խոշոր գործչի: Արդեն հայտնի է խոսնակի ներդրման չափն այդ հիմնադրամ` մեկ ամսվա աշխատավարձ: Ասեք, որ հիասթափեցնող է:

Պարզվում է, որ «Աղետի գոտին» զարգացման ու տեխնոպարկային գոտի հայտարարած իշխանությունները պատրաստ չեն մի մարզի տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացմանը: Բնական ու մարդածին մյուս աղետների հետևանքների մասին մտածելն իսկ սարսափելի է:

Հատկապես, որ մեզ տնտեսական նոր աղետ է սպասվում` գազի սակագնի բարձրացումը: Որի դեմն առնելու համար վարչապետը սուբսիդավորում է խոստացել: Իսկ էներգետիկայի նախարարը սուբսիդավորման միջոցների աղբյուրն է նշել: Պարզվում է` սուբսիդավորման համար մեր կառավարությունը բանակցում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Նույն Ռուսաստանի, որը բարձրացնում է գազի վաճառքի գինը: Եթե տրամաբանական բացատրություն գտնեք, թախանձագին խնդրում եմ` հրապարակեք: Ես չկարողացա:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս