
Վրաստանում մեղադրանք է ներկայացվել երկու հոգևորականի նկատմամբ՝ կապված գեյ-շքերթի հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում մեղադրանք է ներկայացվել երկու հոգևորականների դեմ՝ կապված մայիսի 17-ին Թբիլիսիում անցկացված գեյ-շքերթի հետ:
Հոգևորականները մեղադրվում են ցուցարարների՝ ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը ոտնահարելու մեջ: Հետաքննությունը տարվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին կետով, որը ենթադրում է մինչև երկու տարվա ազատազրկում:
Մեկնաբանելով այդ ամենը՝ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ օրենքի առջև բոլորն են հավասար, այդ թվում նաև հոգևորականության ու կառավարության ներկայացուցիչները: Ալասանիան դատապարտել է մայիսի 17-ին Թբիլիսիում գրանցված բռնությունները: