Բաժիններ՝

Թբիլիսիում գեյ-շքերթն ավարտվել է բախումներով. կան տուժածներ (լուսանկարներ, տեսանյութեր)

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքապետարանի կողմից Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ թույլատրված գեյ-շքերթն ըմբռնում չգտավ Թբիլիսիի ուղղափառ բնակիչների կողմից:

Այն ավարտվել է բախումներով: Զայրացած ամբոխի ճնշմանը չի կարողացել դիմակայել անգամ ոստիկանությունը: Տուժել է մոտ երկու տասնյակ մարդ: Սկզբնական շրջանում պլանավորված էր այդ ակցիան անցկացնել Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում:

Սակայն ժամը 13.00-ին, երբ պետք է մեկնարկեր ակցիան, այնտեղ արդեն իսկ հավաքվել էին տասնյակ «բարոյականության պաշտպաններ», այդ թվում նաև հոգևորականներ՝ սպասելով իրենց զոհերին: Այստեղ էր ժամանել նաև եկեղեցական երգչախումբ՝ գեյ-շքերթի մասնակիցներին «ահաբեկելու» համար:

Այդպիսի պայմաններում շքերթի մասնակիցները ստիպված են եղել, առանց բարձրաձայնելու, փոխել շքերթի անցկացման վայրը և, խորհրդարանի շենքի առջևի հրապարակի փոխարեն, նրանք հավաքվել են «Ազատության» հրապարակում: Սակայն այդ անցումը չի եղել անարգել:

Իմանալով շքերթի անցկացման նոր վայրի մասին՝ գեյերի հակառակորդները նետվել են նրանց վրա, ճեղքել են ոստիկանական շղթան և հասել են միասեռականներին: Անգամ հատուկջոկատայիններին չի հաջողվել որոշ ժամանակ վերահսկել իրավիճակը, որոնք ճզմվել են ամբոխի գրոհի ներքո:

Ոստիկանությանը հաջողվել է միասեռականներին տեղափոխել մոտակա ավտոբուսներ, որոնք հատուկ պատրաստված են եղել իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարի համար: Սակայն բանը չի ավարտվել միայն այդքանով. ամբոխը սկսել է քարկոծել ավտոբուսը և կոտրել է նրա ապակիները:

Տուժել է նվազագույնը 17 մարդ, որոնցից 3-ը իրավապահներ են, իսկ մեկը լրագրող: Դեպքի վայր է ժամանել բուժօգնության 10 բրիգադ: Ամբոխն անգամ չի անսացել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիին: Երբ վերջինս սկսել է ամբոխին համոզել չխանգարել գեյ-շքերթի անցկացմանը, նրա հասցեին հնչեցվել են բանավոր վիրավորանքներ:

Հիշեցնենք, որ Վրաց պատրիարք Իլյա 2-րդը նախապես դիմել էր Թբիլիսիի քաղաքապետարանին՝ թույլ չտալու համար մայրաքաղաքում գեյ-շքերթի անցկացումը: Սակայն քաղաքապետարանը մերժել էր նրան՝ ընդգծելով, որ դա քաղաքացիների սահմանադրական իրավունքն է:

1

2

3

4

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս