Ո՞վ է վճարում ընդդիմության լռության համար
Մինչ Հայաստանի իշխանություններն անհաջող փորձեր են անում՝ համոզելու, որ ռուսական գազի գնի թանկացումը բացառապես տնտեսական դրդապատճառներ ունի, ավելի ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն իրականում գազը թանկացրել է, առաջին հերթին, քաղաքական պատճառներով՝ այդպիսով Հայաստանին պատժելով Մաքսային միությանը չանդամակցելու համար: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իհարկե, ոչ ուղղակիորեն: Ներկայացնելով ռուսական գազի գնի թանկացման պատճառահետևանքային կապը, նա ասաց, որ գազը 30 տոկոսով թանկանում է, որովհետև այդ վառելիքի արտահանման վրա գործում է ՌԴ-ից այլ երկրներ ապրանք արտահանելու հարկման ռեժիմը: Ինչը չի գործում, օրինակ, Բելառուսի դեպքում, որը Ռուսաստանի հետ գտնվում է միևնույն մաքսային տարածքում: Կառավարությունն էլ պատրաստվում է սուբսիդավորել գազի գինը հենց այդքանով՝ 30 տոկոսով:
Գազի գնի թանկացումն, այսպիսով, ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական բաղադրիչներ է պարունակում և կապված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պահպանման կամ փոփոխության հետ: Ուշագրավ է, որ դա անուղղակիորեն հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքական մյուս «գործընկերը»՝ Արևմուտքը: Հաստատում է՝ ի դեմս այդ բևեռում ամենավճռորոշ դրակատարում ունեցող ԱՄՆ-ի:
Եվ կրկին պատահական չէ, որ մինչ հասարակությունն ընդվզում է գազի գնի թանկացման դեմ, այսօր Երևանում ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով: Համաժողովի երկար անվանման ու դրա ընթացքում հնչած դիվանագիտական ձևակերպումներով ելույթների տակ իրականում թաքնված է շատ պարզ ուղերձ, այն է՝ եթե Հայաստանի իշխանությունը կարողանա մինչև վերջ դիմադրել Մաքսային միությանը, իմա՝ նաև Եվրասիական միությանն անդամակցելու Ռուսաստանի ճնշմանը, Արևմուտքը պատրաստ է փոխհատուցել դրա համար պահանջվող ֆինանսական միջոցները:
168.am-ն արդեն գրել է այն մասին, որ ներկայումս քննարկվում է տարբեր խողովակներով Հայաստանին 2-2.5 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հարցը: Այդ գումարը, ստացվելու դեպքում, գրեթե ամբողջությամբ կարող է ուղղվել գազի գնի թանկացման հետևանքների մեղմացմանը: Բայց հասկանալի է, որ Արևմուտքը Հայաստանին ֆինանսական օգնություն է տրամադրելու ոչ թե՝ սոցիալական բունտը կանխելու, այլ առաջին հերթին՝ աշխարհաքաղաքական կողմնորոշման, այս փուլում՝ ռուսական ազդեցությունն անդառնալի չդարձնելու դիմաց:
Սա, բնականաբար, բխում է նաև Հայաստանի Հանրապետության շահերից, եթե, իհարկե, արևմտյան աջակցության դիմաց այլ՝ վտանգավոր պայմաններ չեն առաջադրվում: Փորձագիտական շրջանակներում կա կարծիք, որ այդ՝ չերևացող պայմանը կարող է կապված լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոչ հայանպաստ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հետ: Սակայն գոնե հրապարակային դաշտում հայկական կողմի համար այս պահին վտանգը գալիս է ոչ թե Արևմուտքից, այլ հենց նույն Ռուսաստանից: Պատահական չէ, որ վերջին շրջանում գրեթե ամեն օր ռուսական «վերլուծական շրջանակները» տարբեր հոդվածներ են հրապարակում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման, անգամ Հայաստանի՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հեռանկարի մասին:
Ռուսական իշխանությունները զգում են Հայաստանից եկող վտանգը և խաղում են գրեթե ամբողջովին բաց խաղաքարտերով՝ օգտագործելով ճնշման բոլոր գործիքները: Ու մինչ հայաստանյան որոշ շրջանակներ «մտահոգություն» են հնչեցնում, թե արևմտյան օգնության դիմաց կարող է Հայաստանին պարտադրվել ղարաբաղյան հակամարտության ինչ-որ փաստաթուղթ, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ ստատուս-քվոն անընդունելի է, և դա նպաստում է «ադրբեջանական տարածքների վերադարձի չկարգավորվածությանը»: Այսինքն՝ ռուսները Հայաստանին գրեթե ուղղակիորեն հասկացնում են, որ դիմադրությունը շարունակելու դեպքում կարող է «ռազմավարական հարված» ստանալ ամենաթույլ տեղին՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Ի դեպ, հետաքրքիր է, որ չնայած նշված զարգացումների կարևորությանը, Հայաստանի «արմատական ընդդիմությունն» առայժմ գրեթե լուռ է: Ընդդիմադիր ուժերի հիմնական մասը, ինչպես հայտնի է, անխնա պայքարելով Հայաստանի իշխանության դեմ՝ շատ գորովագին վերաբերմունք ունի Ռուսաստանի իշխանության նկատմամբ: Կարելի է ենթադրել, որ այդ ուժերն առայժմ լռում են՝ ավելի «վճռական պահի» իրենց հուժկու խոսքն ասելու ու Հայաստանում ռուսական շահը պաշտպանելու համար: Հայ ընդդիմադիր միտքը գուցե ռուսների վերջին՝ պահեստային գործիքն է: