Հրանուկը` շեքսպիրյան հերոս
Բուժիչ նամակներ
Հրանուկ սողացողը (Ranunculus repens) հրանուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, գիտական Ranunculus անվանման «rana» բառը թարգմանվում է «գորտ», որը բացատրվում է հետևյալ կերպ. այս ազգի ներկայացուցիչները հիմնականում աճում են ջրի մեջ կամ ափամերձ տարածքներում։
Հին հունական դիցաբանությունում Լետո աստվածուհին (Արտեմիսի և Ապոլոնի մայրը) հետապնդվելով Հերայի կողմից ուղարկված օձից, ոչ մի տեղ չէր կարողանում ապաստան գտնել` ծննդաբերելու համար։ Երբ մոտակա տեղանքի մարդիկ հրաժարվեցին նրան խմելու ջուր մատուցել, Լետոն ցասման պահին նրանց փոխակերպեց գորտերի` բնակեցնելով հրանուկների շրջակայքում։
Փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, բայց իրական սերը հավերժ է մնում։
Բոլորն են հիշում Վ. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունը, որը հարատևել է մինչև մեր օրերը` որպես հավերժական սիրո խորհրդանիշ։ Ասում են, որ հատկապես հրանուկ է պարունակել այն քնաբեր պատրաստուկը, որը դեղագործը տվել է Ջուլիետային, որպեսզի նա քուն մտնի` որպես մահացած։
Հրանուկի այլ անվանումներն են` գորտնուկ, գորտակ, եղածաղիկ, յուղածաղիկ, մայիսի ծաղիկ։ Հրանուկազգիների ընտանիքն ընդգրկում է մոտ 400 տեսակներ, ՀՀ-ում հանդիպում են մոտ 28-ը. կան էնդեմիկ և հազվադեպ հանդիպող տեսակներ, բոլորն էլ պարունակում են թունավոր նյութեր։
Տարածված է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտիներում, ամենուրեք, առավել հաճախ` խոնավ վայրերում, ճահիճներում, գետահովիտներում։
Հրանուկազգի բույսերը մեծ վնաս են հասցնում` խառնվելով (աղբոտելով) հացաբույսերի, առվույտի, կտավատի, բանջարաբոստանային բույսերի, բազմամյա խոտաբույսերի ցանքերին, անտառային ու տափաստանային կերահանդակներին, խաղողի և պտղատու այգիներին` բոլոր բնակլիմայական վերընթաց գոտիներում։
Հայաստանյան տեսակներից առավել ուսումնասիրված են գորտնուկ սողացողի քիմիական բաղադրությունը և բուժիչ հատկությունները։ Արմատը փնջաձև է, ցողունն ուղղահայաց է` մինչև 15-60 սմ, ունի նաև գետնի մակերեսի վրա տարածվող կողային ընձյուղներ, որոնք շփվելով հողի հետ` արձակում են նոր փնջաձև արմատ և վերգետնյա տերևային վարդակ։
Հաջորդ տարվա գարնանը դուստր բույսը լիարժեք ինքնուրույն կյանք է վարում։
Ցողունը հյութալի է, կլոր, ողորկ և ջղավոր։ Տերևները հիմքում երկարակոթուն են, ցողունի գագաթին` նստադիր, եռաբաժան կտրտված։
Ծաղիկն ունի 5 բաժակաթերթ և նույնքան էլ դեղնավուն պսակաթերթեր, որոնք հատ-հատ տեղավորված են ծաղկակիր ցողունի և ցողունային ճյուղավորումների գագաթներին։
Պտղի կառուցվածքը բարդ է, սերմիկն ունի երկարացված քթիկ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։
Հրանուկի ծաղկման շրջանում, հատկապես ճահճային խոնավ անտառներում ստեղծվում է տպավորություն, որ գետնի մակերեսը ծածկված է ոսկեդեղնավուն գորգով։ Հրանուկը մեղրատու բույս է` մոտ 15 կգ` մեկ հեկտարից, մեղուները նաև մեծ քանակությամբ վառ դեղին ծաղկափոշի են հավաքում, որը կարևոր սպիտակուցային կեր է մեղվաընտանիքի համար։
Բուժիչ նպատակներով օգտագործում են տերևը, ծաղիկը և պտուղը, հավաքելիս պետք է շատ աչալուրջ լինել, քանի որ բույսը պարունակում է թունավոր ալկալոիդներ` հատկապես «պրոտոանեմոնին», որն ունի սուր հոտ և այրող համ։ Բույսի արձակած ֆիտոնցիդները առաջացնում են հարբուխ, փռշտոց, ալերգիկ հազ, շնչարգելություն, կոկորդի մկանների կարկամություն, արցունքահոսություն։
Տերևները և ցողունը պարունակում են նաև ասկորբինաթթու, կարոտին, սապոնին, դաբաղանյութ, կումարին, ֆլավոններ, այլ կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ։ Ծաղիկը պարունակում է ներկանյութեր, կարոտինային նյութեր, պտուղը` ճարպային թթուներ։
Հրանուկ սողացողը և որոշ այլ տեսակներ կիրառվում են ժողովրդական, տիբեթյան և չինական բժշկությունում։
Բույսը կիրառվում է հոմեոպատիայում, օրինակ` պրոտոանեմոնինի շատ չնչին` հոմեոպատիկ չափաբաժիններն ավելացնում են էրիթրոցիտների քանակը և բարձրացնում են հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ և նաև կարգավորում նյարդային համակարգի գործունեությունը։ Պրոտոանեմոնինն ունի մանրէասպան հատկություն` հատկապես ստամոքսի ցուպիկի, սպիտակ բորբոսի և ստաֆիլոկոկի հանդեպ։ Փոքր քանակությամբ հրանուկի հումք պարունակող պատրաստուկներով բուժում են մաշկի տուբերկուլյոզը և քոսը։ Հրանուկից ստացված պատրաստուկներն ունեն ցավազրկող, վերքամոքիչ, մաշկի բջիջները վերականգնող հատկություն։
Ժողովրդական բժշկությունում հրանուկն ունի միայն արտաքին կիրառում` միոզիտ, ռևմատիզմ, հոդատապ, ռադիկուլիտ, օստեոխոնդրոզ, արթրիտ, արտաքին ուռուցքներ, չիբան, գորտնուկ, քոս։
Զգուշացում։ Խստորեն պահպանեք չափաբաժինները, երկարատև հպումը բույսի տերևի կամ ծաղկի հետ կարող է մաշկի այրվածք, թարախակալում և սուր ցավեր առաջացնել։
Ժողովրդական դեղատոմսեր
Յուղամզվածք. Մանրացրեք (աղացեք) թարմ խոտը, խառնեք հալեցրած` տաք խոզի ներքին ճարպի հետ (1։5), թրմեք 24 ժամ տաք տեղում։ Օգտագործեք որպես քսուք։
Ոտնաթաթի ոսկորի գերաճ. 20 գ չոր (40 գ թարմ) խոտը լցրեք 200 մլ եռացող ջրի մեջ, եփեք 15 րոպե, ավելացրեք լոգանքի ջրին։ Կատարեք ոտքերի լոգանք տաք ջրում` 15-30 րոպե տևողությամբ։
Քոս, դիաթեզ. 10 գ թարմ խոտը 10 րոպե եփեք 200 մլ եռջրում, վերականգնեք նախնական ծավալը եռջրով, կես ժամ թրմեք, քամեք։ Լվացեք մարմնի վնասված մասերը։
Ոգեթուրմ. Հրանուկ սողացողի ծաղիկները (50 հատ) 3 շաբաթ թրմեք 500 մլ օղու մեջ, մութ տեղում, պարբերաբար թափահարեք, քամեք։ Շփեք մարմնի հիվանդ մասերին։
Գորտնուկներ (միայն ոտքերի և ձեռքերի վրա). Զգուշորեն մշակեք գորտնուկի մակերեսը հրանուկ սողացողի թարմ հյութով։
Զգուշացում։ Հյութը քայքայում է առողջ մաշկը։
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։