Բաժիններ՝

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը կհարվածի ՓՄՁ-ներին. Գագիկ Մակարյան

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի կտրուկ՝ 10 հազ. դրամով ավելացումը խիստ բացասական հետևանք կարող է ունենալ փոքր ու միջին ձեռնարկությունների վրա (ՓՄՁ): Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գործատուների հանրապետական միության (ԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանը, ԳՀՄ-ի կողմից ՓՄՁ-ների շրջանում ներկայում անցկացվող հարցումների ժամանակ պարզվել է, որ ձեռնարկությունների մոտ 80%-ը չնչին մարժա (իրացումից հասույթի և փոփոխուն ծախսերի տարբերություն) ունի՝ 0-2%: Աշխատողները հիմնականում մասնավոր հատվածում են, և նրանց մեծ մասը բաժին է ընկնում փոքր կազմակերպություններին: Ըստ Մակարյանի՝ նվազագույն աշխատավարձի այս կտրուկ ավելացման արդյունքում ՓՄՁ-ները, ամենայն հավանականությամբ, կզրկվեն նույնիսկ այդ փոքր մարժայի հնարավորությունից:

 

«Լավ է, եթե բնակչության կենսամակարդակը բարձր լինի, բայց ՓՄՁ-ների համար նվազագույն աշխատավարձի բարձրացումը խնդիրներ կառաջացնի: ՓՄՁ-ների համար հիմնական սպառողական զամբյուղը նվազել է: Չկա փող, չկա սպառում, չկա պահանջարկ, հետևաբար՝ չկա շահույթ,- ասաց Գ. Մակարյանը՝ հավելելով, որ այս փոփոխության հետևանքով կարող է աշխատողների թվաքանակի կրճատումների ալիք առաջանալ, հնարավոր է՝ աշխատուժի ստվերը մեծանա,- Կազմակերպությունների միջև անհավասար մրցակցություն կա. կարող է ստվերայնության միջոցով մարժան պահեն, կամ էլ շատերը պարզապես կփակվեն»:

 

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ձեռնարկությունների՝ մարժան ավելացնելու պայմաններ կառավարությունը չի ստեղծում, փոխարենը՝ բարերար պայմաններ են ստեղծվում այն նվազեցնելու համար: Մասնավորապես, ՓՄՁ-ների մարժայի վրա բացասական ազդեցություն կունենան նաև շրջանառության հարկը, գազի թանկացումը, և այլն: Մակարյանի գնահատականով՝ նվազագույն աշխատավարձի այս փոփոխությունը հավելյալ գործիք է, որը գործարարի համար ծախսերի մոտ 20% ավելացում է նշանակում, մինչդեռ ՓՄՁ-ներն այդքան հնարավորություն չունեն:

 

«Պետությունը պետք է հաշվի նստի հազարավոր ՓՄՁ-ների հետ: Մարզերում նրանց վիճակն ավելի վատ է: Մեր հարցումները ցույց են տվել, որ փոքր ձեռնարկատերերի մոտ բավականին բացասական տրամադրվածություն կա»,- շեշտեց Գ.Մակարյանը:

 

ԳՀՄ նախագահը նշեց նաև, որ ձնագնդի նման դա կազդի նաև խոշոր բիզնեսների վրա. «Խոշորն էլ պետք է մտահոգվի, հատկապես սննդի արդյունաբերության և ծառայությունների ոլորտը: Դրանք այլևս չեն կարողանա արդյունավետորեն աշխատել»:

 

Նշենք, որ ԱԺ-ում կառավարության գործունեության ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից կդառնա 45 հազ. դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս