Ծառուկյանն ընտրեց Սերժ Սարգսյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես խոստացել էր նրա մամլո խոսնակը, հարցազրույց է տվել zham.am կայքին և փորձել է պարզաբանել ԲՀԿ-ի շուրջ վերջին շրջանում, հատկապես ԲՀԿ-ի՝ ընդդիմություն չլինելու մասին իր իսկ հայտարարությունը: Միանգամից նշենք, շատ, մեղմ ասած, տարակուսելի է, որ հարցազրույցում պատասխանողի դերում եղել է Գագիկ Ծառուկյանը, բայց, վերջին հաշվով, դա, թերևս, էական չէ: Բնականաբար, հարզազրույցում իր անունից արված հայտարարությունները նրա թիմի անդամները համաձայնեցրած կլինեն նրա հետ: Ուստի ընդունենք, որ դա Գագիկ Ծառուկյանի հարցազրույցն է, ու փորձենք հասկանալ՝ ի՞նչ է ցանկացել նա ասել:
Կարելի է, իհարկե, առանձին-առանձին անդրադառնալ ԲՀԿ առաջնորդի բոլոր հայտարարություններին: Բայց այն, ինչ նա ցանկացել է ասել ծավալուն հարցազրույցով, արտահայտված է մեկ նախադասությամբ: «Մի քանի առիթներով ասել եմ, որ ես դասական պատկերացումներով քաղաքական գործիչ չեմ: Դա այդպես է, և ես չեմ էլ հավակնում այդպիսին դառնալու»,- հարցազրույցի հենց սկզբում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ի՝ ընդդիմություն չլինելու վերաբերյալ իր հայտարարությունից հետո հնչած գնահատականներին: Ծառուկյանի բանաձևը պարզ է. ես դասական քաղաքական գործիչ չեմ, հետևաբար՝ ինձանից ու իմ թիմից մի՛ պահանջեք դասական քաղաքական դիրքորոշում: Սա «այլընտրանքի կոդն» է, որով Ծառուկյանն ու նրա թիմակիցները փորձում են ավելի «դասական ձևով» արդարացնել իրենց ապաքաղաքական կողմնորոշումը: Այսինքն՝ դասական քաղաքականությանն ու մարդկությանն անհայտ «այլընտրանք» կարգավիճակը Գագիկ Ծառուկյանը փորձում է հիմնավորել նրանով, որ ինքը դասական քաղաքական գործիչ չէ: Ընդ որում, նրա այս փաստարկը բավական հիմնավոր է այն առումով, որ իրականում որևէ մեկը նրան չի էլ համարում քաղաքական գործիչ, առավել ևս՝ դասական: Միայն այն, որ խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարն ամիսներ շարունակ հրապարակավ գրեթե հայտարարություն չի անում, չի պատասխանում լրագրողների հարցերին և հանրության հետ հարաբերվում է միայն միջնորդավորված՝ «հարցազրույցների» տեսքով, իր ասածի լավագույն ապացույցներից է: Բայց սա ավելի շատ խնդրի ձևական կողմն է:
Իրականում, եթե նոմինալ առումով քաղաքականությամբ զբաղվող մարդը համարում է, որ ինքը դասական քաղաքական գործիչ չէ, կա երկու տարբերակ. կամ պետք է դադարի քաղաքականությամբ զբաղվել, կամ գոնե փորձի դառնալ դասական քաղաքական գործիչ: Բայց Ծառուկյանն այս ճանապարհներից որևէ մեկով չի գնում: Հակառակը՝ նրա ասածներից ավելի շատ տպավորություն է ստեղծվում, որ նա ցանկանում է Հայաստանի քաղաքական դաշտը համապատասխանեցնել իրեն, այսինքն՝ դարձնել «ոչ դասական»: Հանուն արդարության պետք է արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի մոտ դա ամենալավն է ստացվում. առանց այդ էլ, մեղմ ասած, չկայացած Հայաստանի քաղաքական դաշտը նաև ԲՀԿ-ի ու նրան սպասարկող «դասական քաղաքական ուժերի» պատճառով դեգրադացվել է այն աստիճանի, որ, ըստ էության, գոյություն չունի: Հայաստանում կա ամենևին ոչ դասական քաղաքական ուժից բաղկացած իշխանություն, իրենց ընդդիմություն հռչակած միավորներ, և այդ երկուսի արանքում` կրկին ոչ դասական ԲՀԿ-ն: Այս պայմաններում, հարցը՝ թե վերջին հաշվով ո՞ւմ այլընտրանքն է ԲՀԿ-ն՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության, այլևս դադարում է կարևոր համարվել: «Ես իմ բնույթով և իմ տեսակով պարզ ու անկեղծ մարդ եմ, չունեմ թշնամիներ և ուզում եմ գիտակցենք, որ մենք բոլորս գտնվում ենք մեկ նավում և ճակատագրով կապված ենք միմյանց»,- իսկապես պարզորոշ և ամենայն անկեղծությամբ հայտարարում է Գագիկ Ծառուկյանը: Այո, նա «ճակատագրով կապված» է բոլոր այն մարդկանց հետ, ում նկատմամբ նա՝ «դասական քաղաքական գործիչ» լինելու դեպքում, պետք է ընդդիմություն լիներ: «Ես ուզում եմ նշել, որ անվստահության և թշնամանքի այս մթնոլորտը պետք է փոխել, երկրում պետք է հաստատել հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտ: Եվ այս հարցում ԲՀԿ-ն պատրաստ է ստանձնել որոշակի դերակատարում: Հավատացե՛ք, սա բարդ և ինչ-որ տեղ՝ նաև անշնորհակալ գործ է, քանի որ այսպիսի մթնոլորտում նման կեցվածքը շատերը չեն հասկանա, կամ չեն ցանկանա հասկանալ։ Հայաստանյան իրավիճակը հաշվի առնելով է, որ ԲՀԿ–ն մնում է որպես այլընտրանք՝ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եթե ամեն ինչ իրապես խաղ լիներ, ինչպես այսօր հայտարարում են ոմանք, ապա այդ ի՞նչ մի դժվար բան էր ընդդիմություն լինելու մասին հայտարարություն անելը»,- ասում է պարոն Ծառուկյանը։ Այո, ընդդիմություն լինելու մասին հայտարարելը դժվար բան չէ, դժվար է ընդդիմություն լինելը: Ծառուկյանն անկեղծ է. նա ո՛չ հայտարարում է այդ մասին, ո՛չ էլ, առավել ևս, փորձում է հանդես գալ՝ որպես ընդդիմություն:
Գագիկ Ծառուկյանի այս հարցազրույցում, որտեղ բավական կոշտ որակումներ են տրված հայատանյան քաղաքական դաշտի «ինտրիգայնության», «կուլիսային բնույթի» վերաբերյալ, շատ որոշակի ուղերձներ կան ՝ ուղղված ինչպես՝ իշխանությանն ու Սերժ Սարգսյանին, այնպես էլ՝ մյուս քաղաքական ուժերին ու գործիչներին. նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրանց սպասարկող միավորներին: «Ոչ դասական քաղաքական գործիչ» լինելու մասին հայտարարությամբ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին գրեթե ուղղակիորեն երաշխավորում է, որ հավակնություն չունի 2018 թվականին առաջադրվելու՝ որպես նախագահի թեկնածու: Սա շատ կարևոր արձանագրում է, քանի որ տևական ժամանակ մերձբհկական շրջանակները գեներացնում են այն գաղափարը, որ Ծառուկյանի վերջին «նահանջները» պայմանավորված են հաջորդ նախագահական ընտրություններում «գրոհելու» մարտավարությամբ: Իսկ Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին Ծառուկյանը հասկացնում է, որ չի պատրաստվում նրանց քաղաքական շահերը սպասարկելու համար «թշնամանալ» Սերժ Սարգսյանի հետ: Ծառուկյանն արձանագրեց, որ Քոչարյան, Տեր-Պետրոսյան, Սարգսյան եռանկյունուց ինքն ընտրում է վերջինին:
Անկախ ամեն ինչից, Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը կարելի է դրական համարել այն իմաստով, որ դրանով նա վերջնականապես հստակեցրեց ԲՀԿ-ի դերը՝ թեկուզ և ոչ դասական քաղաքական կատերգորիաներով: Այդ հստակեցման իմաստն այն է, որ ԲՀԿ-ն երբևէ ընդդիմություն չի լինելու՝ դասական իմաստով, և առայժմ չի լինելու նաև իշխանություն՝ ֆորմալ իմաստով: Դասական քաղաքական համակարգ ունենալու դեպքում այս հայտարարությունը կնշանակեր իրազեկում՝ քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին: Սակայն, քանի որ Հայաստանը՝ որպես պետություն, ամենևին այդպիսին չէ, այս մոտեցումը կարող է շարունակել գործել: Ողջ խնդիրն այն է, որ նաև սրա հետևանքով՝ Հայաստանի Հանրապետությունն է աստիճանաբար դառնում պետությանն այլընտրանք միավոր: Դասական իմաստով:

Տեսանյութեր

Լրահոս