Նոր խմորումներ` ՀԱԿ-երում
Մինչ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անհաջող փորձեր են կատարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին իշխանությունից պոկելու և նրանից ընդդիմություն դարձնելու համար, հնարավոր է, որ իրենցից պոկվի ՀԱԿ կուսակցության վերջին դաշնակիցը` Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, և ՀԱԿԿ-ն վերջնականապես վերածվի ԲՀԿ-ի արբանյակի։ Դրա հնարավորությունն առավել բացահայտ դրսևորվեց ՀԺԿ առաջնորդի նախորդ օրը կայացած մամլո ասուլիսից հետո:
ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը իր ասուլիսում ոչ միայն ճանաչել էր Հայ ազգային կոնգրես դաշինքի գոյությունը, այլ նույնիսկ պատրաստակամություն հայտնել համագործակցել այդ դաշինքի հետ: Իսկ ՀԱԿ դաշինքի ճանաչումն ուղղակի ապտակ է «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը, որտեղ նույնանուն դաշինքի անվան տակ հանդես եկողներին համարում են ինքնակոչներ: Լևոն Տեր-Պետրոսյանն ամեն առիթով փորձում է սիրաշահել Ստեփան Դեմիրճյանին, ձգտելով նրան միշտ պահել ՀԱԿԿ-ի կողքին՝ որպես ՀԱԿԿ կցորդ, բայց սիրաշահման քաղաքականությունը կարծես թե կորցնում է իր ազդեցությունը:
Ստեփան Դեմիրճյանը, որպես իր ղեկավարած կուսակցության ինքնուրույնության ապացույց, ասուլիսում հիշեցրեց այն փաստը, որ ՀԺԿ-ն չի մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Սրանով Դեմիրճյանը ցույց տվեց, որ պետք չէ ՀԺԿ-ն նույնացնել ՀԱԿԿ-ի հետ:
Ստեփան Դեմիճյանի կողմից ՀԱԿ կուսակցությունից անկախ ՀԱԿ դաշինքի ճանաչումը նշանակում է, որ իսկապես զուր չեն ՀԱԿ դաշինքի գոյությունը պահպանել ձգտող այն ուժերի հույսերը, ովքեր Ստեփան Դեմիրճյանին առաջարկում են ղեկավարել ՀԱԿ դաշինքը:
Դեմիրճյանը հասկանում է, որ ՀԱԿԿ կուսակցության կողքին մնալն այլևս որևէ քաղաքական իմաստ չունի, քանի որ ՀԱԿԿ-ն զբաղված է «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական շահերի սպասարկմամբ: Իսկ դա նշանակում է, որ միջնորդավորված նույն գործով է զբաղվում նաև ինքը և իր ղեկավարած կուսակցությունը:
Որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրեն սիրաշահելու մարտավարությունը հաճելի է, այդուհանդրձ Ստեփան Դմիրճյանը հասկանում է դրա շարժառիթները և զգում է սեփական կուսակցության ինքնորույնությունը վերջնականապես կորցնելու վանգը: Իսկ Ստեփան Դեմիրճյանը, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի, 68 տարեկան չէ, բացի այդ, միակ ընդդիմադիր թեկնածուն է, ում 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը կարողացել է «հաղթել» միայն երկրորդ փուլով, ինչի համար տարիներ շարունակ նրան արդարացիորեն անվանում էին նաև «ազգընտիր»: 2008 թվականից հետո այդ բնորոշումը Ստեփան Դեմիրճյանի հասցեին դադարեց կիրառվել, իսկ դա ոչ միայն կարող է վիրավորական լինել անձնապես, այլ նաև հետագա քաղաքական նպատակների առումով: Իսկ դրանք, բնականաբար, կապված են 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ, որոնցում առաջադրվելու ցանկություն կարող է ունենալ նաև Ստեփան Դեմիրճյանը:
Սակայն 2018թ. նախագահական ընտրություններում ՀԱԿԿ-ն դժվար թե սատարի Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը, քանի որ այդ ընտրություններին է պատրաստվում նաև ՀԱԿԿ-ի ֆինանսական հովանավոր ԲՀԿ-ն, և տրամաբանական է, որ ՀԱԿԿ-ն պաշտպանելու է հենց ԲՀԿ թեկնածուին:
Դեմիրճյանը հասկանում է նաև, որ եթե ՀԱԿԿ-ում իսկապես կարևորեին իրեն` որպես քաղաքական գործիչ, ապա պետք է համաձայնեին, որ հենց ինքը ղեկավարեր «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը, այլ ոչ թե Լևոն Զուրաբյանը, ով ընդունելի դեմք չէ խմբակցության անդամների մի մասի կողմից: Այս համատեքստում ՀԱԿ դաշինքի առաջնորդ դառնալը կարող է ցանկալի հեռանկար լինել Ստեփան Դեմիրճյանի համար: Իսկ ղեկավարելով ՀԱԿ դաշինքը` Ստեփան Դեմիրճյանը կարող է հայտ ներկայացնել ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ղեկավարելու համար:
Նախ` իրավական իմաստով դա ճիշտ կլինի: ԱԺ-ում գործող ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է ոչ թե ՀԱԿ կուսակցությունը, այլ ՀԱԿ դաշինքը, այլ հարց է, որ ՀԱԿ կուսակցությունը կարողացել է սեփականաշնորհել այն: Երկրորդ՝ լինելով խմբակցության ղեկավար և միաժամանակ, մոտ 10 կուսակցություններից բաղկացած դաշինքի առաջնորդ` Ստեփան Դեմիրճյանը կարող է քաղաքական դաշտում հանդես գալ` որպես ընդդիմությունը միավորող գործիչ, ինչի մասին բարձրաձայնել էր իր ասուլիսի ժամանակ: Իսկ ունենալով նման քաղաքական աջակցություն, Ստեփան Դեմիրճյանը որպես ընդդիմության առաջնորդ` կարող է մասնակցել ինչպես` 2017թ. խորհրդարանական, այնպես էլ 2018թ. նախագահական ընտրություններին:
Արդյո՞ք Ստեփան Դեմիրճյանն կգնա ՀԱԿԿ-ի հետ առճակատման: Շատերը պնդում են, որ Դեմիրճյանն իր բոլոր քաղաքական քայլերը համաձայնեցնում է ռուսական որոշակի շրջանակների հետ, և դա անում է մոսկվաբնակ հորեղբոր միջոցով: Ըստ այս տեսակետի կողմնակիցների` ռուսական այդ շրջանակները շահագրգռված չեն, որ Դեմիրճյանը դուրս գա ՀԱԿԿ ենթակայությունից, այլ ընդհակառակը` ամեն ինչ անելու են, որ այդ ենթակայությունը շարունակվի:
Բայց եթե նույնիսկ ճիշտ են այն տեղեկությունները, որ Ստեփան Դեմիրճյանն իր քաղաքական քայլերը համաձայնեցնում է ռուսական որոշակի շրջանակների հետ, ապա պետք է ընդունել, որ այդ շրջանակները կցանկանան հանձին Ստեփան Դեմիճյանի` գործ ունենալ ոչ թե` ԲՀԿ-ի սատելիտ ՀԱԿԿ-ի կցորդ ՀԺԿ-ի, այլ ընդդիմությանը համախմբող և որպես ընդդիմադիր առաջնորդ հանդես եկող ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի հետ:
Ինչ վերաբերում է Դեմիրճյանի՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար դառնալու հնարավորությանը, ապա դա առնվազն անհնար չպետք է համարել: ՀԱԿ խմբակցության երկու անդամները՝ Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը, ՀԱԿ կուսակցության հետ ոչ միայն որևէ առնչություն, այլ նույնիսկ բարեկամական հարաբերություններ չունեն: Խմբակցության մեկ այլ անդամ՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, թեև հրապարակավ չի հակառակվում Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն վիրավորված է նրանից. Ջհանգիրյանը հույս ուներ դառնալ եթե ոչ` նորաստեղծ ՀԱԿ կուսակցության նախագահ, ապա գոնե փոխնախագահներից մեկը, ինչը տեղի չունեցավ, քանի որ այդ պաշտոնը զբաղեցրեց ՀԱԿ խմբակցության ներկայիս ղեկավար Լևոն Զուրաբյանը (Արամ Մանուկյանի ՀԱԿԿ փոխնախագահ դառնալը համարվում է փոխհատուցում ՀՀՇ վերանվամանը չընդդիմանալու համար):
Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին, ապա նա թեև պահպանում է ՀԱԿ կուսակցության հետ հարաբերությունները, սակայն ամեն կերպ ընդգծում է սեփական կուսակցության՝ ՍԴՀԿ-ի ինքնուրույն ուժ լինելը: Դա, իհարկե, չի նշանակում, թե Սարգսյանը հեշտությամբ կհամաձայնի Լ. Զուրաբյանին Ստեփան Դեմիրճյանով փոխարինելու տարբերակին, սակայն Փաշինյանի, Բագրատյանի և հատկապես Ջհանգիրյանի համաձայնության դեպքում կարող է որոշել անցնել նրանց կողմը: