Դավիթ Հարությունյան. «Օրինակ` ձեզ դուր կգա՞, որ ձեզ ասեն` «Ժառանգության» Զառա»

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր մերժել է «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագիծը ներառել ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում։

Ըստ «Ա1+»-ի՝ Նախագիծը վերաբերում էր ՀՀ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելուն, ըստ որոնց` առաջարկվում էր քվեարկությունից հետո ընտրատեղամասերում փակցնել ընտրացուցակները: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր փաստարկներում ներկայացրեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ իսկապես փորձանք է դարձել այն, որ քիչ մասնակցություն է լինում ընտրություններին, բայց չափազանց մեծ ներկայություն է ցույց տրվում:

Օրինակ, ըստ նրա, ամենից շատ արտագաղթը Գեղարքունիքի մարզից է, սակայն ամենից շատ մասնակցություն այս մարզում եղավ. «Նույնիսկ ամենախարոշի տղան, եթե իմանա, թե ովքեր են գնացել ընտրություններին, նա մարդ չի խփի, նա ուրիշ բանի համար մարդու կխփի, երբ իմանա, թե ում օգտին են քվեարկել: Այդպիսով շատ պարզ երեսպաշտություն է, երբ ասում են, թե ցուցակների հրապարակումն ընտրողի գաղտնի քվեարկությունից չի բխում: Ինչո՞ւ է ստացվում այնպես, որ օրվա իշխանությունը միշտ դեմ է լինում ցուցակների հրապարակմանը, բայց երբ այլեւս իշխանություն չէ, կողմ է լինում, ինչպես եղավ` ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի պարագաներում»:

Պարոն Հակոբյանն այս հարցն ուղղեց նաեւ քննարկմանը ներկա Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որը կես կատակ, կես լուրջ պատասխանեց. «Հարցրեք այն ուժերին, որոնք դուրս են եկել ու կարծիքը փոխել են: Կամ դուք փորձեք դուրս գալ, եւ տեսեք ինչ-որ բան դրանով է պայմանավորված, թե ոչ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին հետաքրքրում էր` ընտրություններն ավարտվեցին, ինչու են հիմա այդ հարցն այլեւս քննարկում. «Թիրախը ո՞րն է, հաջորդ ընտրությունների համա՞ր եք ուզում»:

«Արտահերթ ընտրությունների համար»,- արձագանքել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

«Ես իսկապես, անկեղծ ուզում եմ հասկանալ` ձեր կարծիքով այս փոփոխությունը ինչ-որ բան է փոխելո՞ւ ընտրությունների նկատմամբ վստահության առումով»,- հայտարարեց Լեւոն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ «Ժառանգությունն» իր վստահված անձանց չի վստահում: Սա վրդովվեցրեց Ռուբեն Հակոբյանին.

«Մենք չենք վստահում ձեզ եւ ձեր իշխանությանը, մի քիչ կոռեկտ արտահայտվեք, երիտասարդ պատգամավոր»:

ՀՀԿ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը կոչ արեց տարեց պատգամավորներին. «Խնդրում եմ երիտասարդներին հատուկ չդիմել երիտասարդ պատգամավորներ»:

«Դա լավ է, որ ինձ համարում եք երիտասարդ պատգամավոր, բայց ես համեմատաբար երիտասարդ պատգամավոր եմ»,- արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը:

Զարուհի Փոստանջյանը, վերադառնալով քննարկվող բուն նախագծին, ասաց. «Հանրապետական խուժանը, շատ ներողություն, չեմ ուզում որեւիցե մեկին վիրավորել, բայց բոլորը մականունավոր եւ դիտորդական տարբեր կազմակերպությունների անվան տակ ընտրատեղամասերի մոտ հավաքվել էին եւ խոչընդոտում էին մեր աշխատանքը»:

«Զառա ջան, հաշվի առնելով, որ ես էլ եմ ՀՀԿ-ական, իմ ներկայությամբ «հանրապետական խուժանը» կամ քո գործընկերոջ պատգամավորը դիմում ես «Սասի Արտակ», ես չեմ կարծում, որ դա կոռեկտ է»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը:

«Օրինակ` ձեզ դուր կգա՞, որ ձեզ ասեն «Ժառանգության» Զառա»,- նկատեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Բայց իմ անունը հիմնականում հենց այդպես էլ հնչում է»,- պատասխանեց Զարուհի Փոստանջյանը:

Կրկին անդրադառնալով «Ժառանգության» ներկայացրած նախագծին Հարակից զեկուցող Լեւոն Մարտիրոսյանը նախ փորձեց ճշտել` ինքն անպայման պետք է դեմ կամ կողմ քվեարկելու կոչ անի՞, թե կարող է լռել, ապա հայտարարեց. «Ես, ինչ մեղքս թաքցնեմ, ես կոչ եմ անում բացասական եզրակացություն տալ, սակայն դա ցավոք սրտի եմ ասում»: «Էտ ցավոք սրտին ահագին դզեց»,- արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, փորձեց ավելի հստակորեն անդրադառնալ «Ժառանգության» նախագծին, նշելով. «Ընտրական գործընթացների նկատմամբ կա հանրային անվստահություն: Հենց դրա համար էլ հարկավոր է հրապարակել ընտրացուցակները: Ես զարմանում եմ իշխանությունների վրա, որ սրա դեմ այսքան լուրջ պայքար է գնում: Չե¬¬՞ք ուզում` որպես իշխանություն այս հարցը փակել, որ ընդդիմությունն այլեւս այս փաստարկը չունենա: Եկեք հրապարակենք, որ հասարակական վերահսկողություն իրականացնենք: Ես կողմ եմ քվեարկելու այս նախագծին»:

Տեսանյութեր

Լրահոս