ԱՄՆ-ը հուլիսի 1-ից արգելք կդնի Իրանին ոսկի վաճառելու վրա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները պլանավորել են հուլիսի 1-ից արգելք դնել Իրանի պետական և մասնավոր ընկերություններին ոսկի վաճառելու վրա:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության դեմ պայքարի ու ֆինանսական հետախուզության հարցերով տեղակալ Դևիդ Քոհենը: Վերջինս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հուլիսի 1-ից արգելք է դնելու Իրանի կառավարության ու քաղաքացիներին ոսկի վաճառելու վրա:
Ավելի վաղ ԱՄՆ-ը Թուրքիային ու ԱՄԷ-ին կոչ էր արել դադարեցնել ոսկու մատակարումն Իրանին: Այդ երկրները հանդիսանում են տարածաշրջանի առանցքային ոսկու մատակարարները:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին իրանական ու թուրքական մամուլը գրեց, որ Իրանը երեք անգամ մեծացրել է Թուրքիայից ոսկու ներկրումը՝ կապված վերջինիս կողմից իր գազի գնման հետ:
Թեհրանի ռադիոն հայտնել էր, որ եթե այս տարվա փետրվարին Իրանը Թուրքիայից ներկրել էր 120 միլիոն դոլարի ոսկի, ապա մարտին այդ ցուցանիշը հասել է 380 միլիոն դոլարի:
Ընդհանուր առմամբ, փետրվարին Թուրքիայից Իրան ոսկու արտահանումն աճել է 18 տոկոսով՝ հասնելով 551.6 միլիոն դոլարի: Հունվարին այդ ցուցանիշը կազմել էր 466 միլիոն դոլար: