Նրանք, ովքեր համառությամբ ԲՀԿ-ից ընդդիմություն էին կերտում պետք է ընդունեն իրենց սխալը

Հարցազրույց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետ

– Համամի՞տ եք այն գնահատականների հետ, թե վերցնելով ավագանու մանդատները` որոշ իմաստով ընդունում եք մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները:

– Ոչ, համամիտ չեմ: Դրանք սիրողական մակարդակի դատողություններ են` քաղաքականության հետ կապ չունեցող: Ընդհանրապես քաղաքականության մեջ բոյկոտն ընդունված է, բայց ես ընդունում եմ բացառիկ դեպքերում: Եվ սա այդ դեպքերից չէ: Նույնիսկ մեր քաղաքական այս կարճ կենսագրությունը ցույց է տվել, որ կարող են լինել մեկ-երկու տասնյակի հասնող պատգամավորներ, ովքեր բացարձակ ոչ մի աշխատանք չեն տանում, և կարող է լինել փոքրաթիվ, բայց արժանի մի թիմ, որը կսպասարկի հասարակության լայն խավերի շահերը, որոնք դուրս են մնացել առայժմ գործող ավագանիում: Ցավոք, միակ ընդդիմությունը «Բարև, Երևանն» է դառնալու: Բայց պետք է նկատի ունենալ, որ «Բարև, Երևանը» կսպասարկի նաև նրանց, ովքեր իրենց ձայնը տվել էին ընդդիմադիր քաղաքական մյուս ուժերին, ովքեր, ցավոք, տեղ չգտան ավագանիում:

– Ասացիք, որ միակ ընդդիմությունն ավագանիում լինելու է «Բարև, Երևանը»: Ձեր տեսակետը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնի՝ «ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնա» հայտարարությունից հետո՞ է ձևավորվել:

Կարդացեք նաև

– Ոչ: Եթե ծանոթ եք իմ մոտեցումներին, որպես քաղաքական վերլուծաբանի, կհամոզվեք, որ ես միշտ էլ խոսել եմ այս մասին:

– Փաստորեն այդ հայտարարությունը Ձեզ համար անակնկալ չէ՞ր:

– Ես չգիտեմ` Ծառուկյանի հայտարարությունն ո՞ւմ համար էր անակնկալ, բայց ինձ համար անակնկալ ոչինչ այդ հայտարարության մեջ չկար: Պարզապես Գ. Ծառուկյանը շատ ավելի անկեղծ ու պրագմատիկ գտնվեց, երբ հայտարարեց այդ մասին, քան բոլոր նրանք, ովքեր ուզում էին մղել Ծառուկյանին ընդդիմադիր դաշտ: Չեմ կարծում, թե նրանք, ովքեր ծանոթ են ԲՀԿ-ի կամ Գ. Ծառուկյանի քաղաքական գենետիկային, կհայտարարեն, որ նրանք ընդդիմություն են: Դա նվազագույնն ազնիվ չի լինի:

Փոխարենը` ազնիվ գտնվեց Գագիկ Ծառուկյանը, ով հայտարարեց ընդդիմություն չդառնալու մասին: Ըստ իս՝ այդ հարցադրումները պետք է ուղղել նրանց, ովքեր համառորեն տանում էին ԲՀԿ-ին և, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին դեպի ընդդիմություն. այսօր էլ, հետևելով արձագանքներին, նրանք փորձում են նույն անել:

Իսկ ինձ այնքանով է մտահոգում այս հարցը, որ նրանք խարխափումների մեջ են գցում քաղաքական դաշտին, թույլ չեն տալիս, որ այն կայանա, թույլ չեն տալիս, որ դասական առումով ամեն մեկը վերցնի իր նիշան, առավել ևս, նախընտրական փուլում, երբ իրենց համար քրոնիկ հիվանդության պես մի բան էր ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտում ներկայացնելը: Որքան քաղաքական դաշտում շուտ հստակեցվի՝ ով որ ճամբարում է, այնքան լավ կլինի քաղաքական մշակույթի կայացման համար:

– Ենթադրում եմ, որ Ձեր խոսքը ՀԱԿ-ի մասին է: Ի՞նչ եք կարծում` Գ. Ծառուկյանի հայտարարությունից հետո Կոնգրեսը չհիասթափվե՞ց:

– Քաղաքական առումով յուրաքանչյուր նախագահի գործող կամ ոչ գործող խոսք, անշուշտ, կարևոր է մեր հասարակության համար: 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, որքան էլ անձնական էր, դարձավ ՀԱԿ-ի գործունեության ուղեցույցը, ծրագիրը, ինչն իսկապես անորոշություն մտցրեց քաղաքական դաշտում և զարգացումներում, որի արդյունքում էապես տուժեց ընդդիմադիր դաշտը և, կարծում եմ, նաև հենց ՀԱԿ-ը: Այդ քաղաքագիտական վերլուծությունը, որն առաջարկում էր իշխանությունից մաս պոկել՝ իշխանափոխություն իրականացնելու համար, պարզագույն մոտեցում էր, և մեզանում ստեղծված պայմաններում՝ քաղաքագիտորեն սխալ: Դա ամեն գնով իշխանության գալու հայտարարություն էր:

Երբ, լինելով քաղաքական գործիչ, գիտես, որ ԲՀԿ-ի ու հատկապես Գ.Ծառուկյանի քաղաքական ֆակտուրան չի կարող ընդդիմադիր լինել, բայց դու տանում ես հակառակ գիծը, միտումնավոր կամ ոչ, դու խանգարում ես քաղաքական դաշտին, խարխափումների մեջ ես դնում նրան: Նրանք, ովքեր այս համառությամբ ԲՀԿ-ից ընդդիմություն էին կերտում, պետք է ընդունեն իրենց սխալը, որ քաղաքական դաշտը բնականոն զարգացման փուլ մտնի: Փաստորեն, այս քաղաքական դաշտը փորձել են միշտ էքսպերիմենտների ենթարկել, ինչը բացասաբար է անդրադարձել քաղաքական դաշտի (դասական առումով) չկայացման վրա:

– Իսկ ինչի՞ մասին է վկայում այն հանգամանքը, որ Գ. Ծառուկյանի հայտարարությունն ավագանու ընտրություններից հետո եղավ:

– Դա շատ տրամաբանական էր: Մեկ տարվա ընթացքում մենք ունեցանք երեք ընտրություն, գրեթե երեքն էլ` համապետական բնույթի, հաշվի առնելով այն, որ Երևանը սոսկ քաղաք չէ, այլ՝ միկրոպետություն, որոնց ընթացքում քաղաքագիտական վերլուծությունը լավ կիրառվեց, ու բնական էր, որ ընտրություններից անմիջապես հետո նման հայտարարություն եղավ: Եվ ամեն ինչ իր տեղը պետք է ընկներ:

– Արդյոք չի՞ նշանակում, որ ընդդիմության ձայները փոշիացվեցին…

– Ամեն մեկը թող իր գնահատականը տագ Ես չեմ լսել երբևէ, որ Գ. Ծառուկյանն ասեր՝ ես ընդդիմություն եմ: Եթե կա մեղադրանք կամ քննադատություն, ապա այն ուղղված է բոլոր նրանց, ովքեր խնդրում, պարտադրում էին, քաղաքագիտական վերլուծություններ էին իրականացնում, որ ստեղծվի մի արհեստական երևույթ: Ծառուկյանը հստակ ասաց, որ ընդդիմություն լինել չի կարող, և հիմա դժվար գտնվի նաև ԲՀԿ-ից մեկը, ով խախտի նրա հայտարարությունը: ԲՀԿ առաջնորդի քայլը քաղաքական դաշտում որոշակի առումով հստակեցման ազդանշան իր մեջ պարունակում էր:

– Ավագանու ընտրություններից առաջ Դուք հայտարարել էիք, թե ընդդիմությունն այսօր կարող է իշխանության քաղաքական մենաշնորհը քանդել, և, եթե չանի այն, ինչ արեցին նախագահական ընտրություններից առաջ և հետընտրական փուլում ոչ իշխանական ուժերը՝ չցուցաբերեին «բացառիկ քաղաքական էգոիզմ»: Փաստորեն ընդդիմությունը ցուցաբերե՞ց այդ «էգոիզմը»:

– Այո: Այս մեկ տարվա ընթացքում պարզվեց, որ ընդդիմությունը բավական լուրջ խնդիրներ ունի իր ներսում: Խորհրդարանական ընտրությունից սկսած՝ պարզվեց, որ ընտրողաբար է մոտեցումն ընդդիմադիր որոշ ուժերի հակաօրինական գործողությունների նկատմամբ: Եթե հիշում եք՝ ձևավորվեց ընտրությունների վերահսկման միասնական շտաբը, որը, իմ կարծիքով, ընդդիմության խայտառակությունն էր, հարված էր թիկունքից: Իսկ նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ էր պայքարում: Հետընտրական փուլում նախագահական ընտրություններին չմասնակցող ուժերն իրենց պարտադրված էին զգում հայտարարելու, որ ժողովրդի կողքին են՝ չնայած, որ գործնական քայլեր այս ուղղությամբ չէին իրականացնում: Ավելին՝ նրանք ամեն ինչ անում էին, որ ժողովրդական շարժումը պարտվեր: Պատկերավոր ասած՝ գալիս բարևում էին, ձեռքները դնում էին սեղանին, բայց սեղանի տակից ոտքով հարվածում էին, բացառությամբ, թերևս, մասամբ, ՀՅԴ-ի:

Իսկ արդյունքում ստացվեց, որ իշխանափոխության մասին բարձրաձայնող ուժերն իշխանության փոփոխություն ասելով` հասկանում էին, որ այդ դերում պետք է լիներ միայն իրենց ներկայացուցիչը, հակառակ դեպքում՝ պետք էր ջախջախել բոլոր նրանց, ովքեր կարող էին իշխանափոխություն իրականացնել՝ դրանով իսկ նպաստել գործող իշխանության վերարտադրությանը, ինչը, փաստորեն, իրենց պահվածքով կարողացան իրականացնել: Սա բացառիկ քաղաքական էգոիզմ է:

Երբ այդ փուլն ավարտվեց, մենք էլ, իհարկե. առիթ տվեցինք, սխալներ թույլ տալով մեր մարտավարության մեջ, սկսեցին գրոտեսկային ոճով մահախոսականներ կարդալ Ր. Հովհաննիսյանի հասցեին:

Վստահ եմ, որ եթե դերակատար քաղաքական ուժերն իրականում ժողովրդի կողքին կանգնեին, մենք կունենայինք այլ պատկեր: Ինչո՞ւ ավագանու ընտրություններում ընդդիմությունն այսպիսի արդյունքներ գրանցեց, որովհետև իր գործողություններում ընդդիմության հավաքական կերպարը համոզիչ չի դառնում ժողովրդի զգալի հատվածի համար:

Ժողովուրդը տեսնում է, որ իշխանությունը կեղծում է ընտրությունները, կաշառում է և այլնգ բայց սա քիչ է իշխանափոխության համար: Ժողովուրդն այս ամենը տեսնելով՝ չի տեսնում, որ ընդդիմությունը համոզիչ է, որ երբ ասում է, թե իր պայքարն աթոռի համար չէ՝ անկեղծ է: Այն, ինչ ընդդիմադիր դաշտում է կատարվում՝ երբ բարևում են, բայց թիկունքից հարվածում, մարդիկ էլ են տեսնում: Իսկ համոզիչ լինելու համար պետք է նոր մարդիկ հայտնվեն, նոր գաղափարներ, պետք է դուրս գանք մեկանձնյա քաղաքական համակարգից:

– Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ընդդիմության մեջ մրցակցություն կա՝ ո՞վ է ավելի ընդդիմադիր: Արդյո՞ք սա ևս չի պառակտում ընդդիմությանը:

– Շատ բնական է, որ ուժերը պետք է մրցակցեն միմյանց հետ: Բայց մրցակցությունը պետք է լինի ոչ թե միմյանց հարվածելով, այլ գաղափարաքաղաքական հարթության վրա: Մեզանում պարզապես մրցակցություն կոչվածը չկա՝ կա խանդ, հայհոյանք, թույն, երեսպաշտություն: Ով իրեն բացարձակացնում է՝ նա խանգարում է միասին աշխատելու պրոցեսին:

– Անահիտ Բախշյանն էլ ասում է, թե «Ժառանգությունն» ամենամաքուրն է, որովհետև իշխանության մաս չի կազմել:

– Ամեն մեկն իր կարծիքը կարող է ունենալ: Բայց եթե դու ուզում ես նպաստել միասնական հարթակի ձևավորմանը, բայց դրանից դուրս բացարձակացնում ես քեզ, հռչակում քեզ միակը, փրկիչը, անփոխարինելին, վանում կամ պառակտում ես դաշտը: Պետք է նման լեքսիկոնից հրաժարվել: Որևէ ուժ, որն իշխանական ռեսուրսներով, խուլիգանությամբ, ֆինանսներով չի գնում, միայնակ չի կարող փոփոխությունների հանգեցնել: Դրա համար միասնական պայքարը դառնում է կենսական անհրաժեշտություն՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

– Իսկ Աբովյան քաղաքում Գ.Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը Րաֆֆի Հովհաննիսյանն ինչո՞ւ չմասնակցեց: Նրան նույնպես հրավիրել էին:

– Նա քաղաքում չէր և զբաղված էր: Բայց իր կերպարով Ր. Հովհաննիսյանը բարդույթ չունի` նման միջավայրում մասնակից դառնալ. կապ չունի` իշխանությո՞ւնն է ներկա, թե՞ ընդդիմությունը: Սա ճիշտ մոտեցում է:

– Եկեղեցու ճարտարապետական դիմագիծը հավանեցի՞ք։

– Այո: Ես սիրում եմ եկեղեցի մտնել, երբ մարդ չի լինում: Արտաքին ճարտարապետական լուծումները ես հավանեցի, անգամ եկեղեցու դիրքն էր ճիշտ ընտրված: Բայց կարևորն այն է, որ եկեղեցին հավատացյալների կողմից ընկալվի ու, որպես ճարտարապետական լուծումներով հաջող կառույց, դառնա հոգեհարազատ ժողովրդի համար: Չհասցրեցի ներսն ամբողջությամբ ուսումնասիրել, բայց մոմ վառեցի. միշտ չորս մոմ եմ վառում: Մի օր անպայման կայցելեմ ու ավելի մանրամասն կուսումնասիրեմ այն:

– Կոտայքի մարզպետը եկեղեցու արարողության օրն ասել էր, թե եկեղեցում մոմ վառելուց մեղքերի թողություն չի խնդրել, քանի որ մեղքեր չի գործել: Դուք մեղքերի թողություն խնդրե՞լ եք:

– Կարծում եմ՝ չկա որևէ մեկը, որն իրենից անկախ մեղք գործած չլինի: Ով ասում է, որ երբեք մեղք չի գործել, կարծում եմ` արդեն մեղք է գործում: Բայց մայիսի 14-ն այդ օրը չէր, որ մեղքերիս թողության համար մոմ վառեի: Մենք բոլորս էլ մեղք գործում ենք. այնպես չէ, որ ընդհանրապես մեղքեր չունեմ, պարզապես դա այդ օրը չէր, կարգավիճակս էլ այն չէր` արարողակարգային էր:

Տեսանյութեր

Լրահոս