Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ քաղաքացիներից. «Ապահով» Հայաստանի ճիրաններում…

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ.  Նազարյանին
պատճենները՝ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

Ինչպես հայտնի է, հանրությունը ՀՀ հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայք էջից և ԶԼՄ-ներով տեղեկացվել է այն մասին, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են հանձնաժողով բնական գազի սակագների վերանայման հայտով:

Մեզ այդքան էլ չեն հետաքրքում թե ինչեր են գրված այդ հայտում, միայն գիտենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ընդգծում ենք «սոցիալական» բառը, քանի որ սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի բարձրացումը դա սոցիալական հիմնախնդիր է և առաջացնելու է սոցիալական մեծ ընդվզում: Գաղտնիք չէ, որ մեր հանրապետության բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ և այսպես շարունակվելու դեպքում բոլոր ոլորտներում կկատարվեն թանկացումներ և մենք հաստատ այլևս չենք ունենա միջին խավ:

Անշուշտ, գազի սակագնի բարձրացման հետևանաքով հնարավոր թանկացումներն անխուսափելի են լինելու, դրան հաջորդելու են էլեկտրոէներգիան, ջուրը, տրանսպորտը, այնուհետև կսկսվի թանկացումների շղթան` հացը, կաթնամթերքը, մի խոսքով՝ առաջնային սպառման բոլոր ապրանքները: Իր քաղաքացու կյանքի և կենսագործունեության համար համարժեք կենսապայմաններ ապահովելու խնդիրը դա պետության պոզիտիվ պարտավորություններից մեկն է: Ուստի գազի սակագնի բարձրացման հետ պահանջ պետք է դրվի բնակչության եկամտի համարժեք բարձրացման, իսկ ինչ աղբյուրներից դա կարվի ՀՀ կառավարության` ի դեմս վարչապետ Տ. Սարգսյանի մտահոգության առարկան պետք է լինի, ինչը գործնականում նա անտարբերության է մատնել:
Ի վերջո, գազի սակագնի թանկացումը ազդելու է Հայաստանի ողջ բնակչության վրա, այն բերելու է նրանց եկամուտների կտրուկ նվազման: Բացի այդ, գազի սակագնի թանկացումը բերելու է նաև բնապահպանական լուրջ խնդիրներ, բնության, մասնավորապես անտառների վրա աղետալի ազդեցություն է ունենալու, սկսելու են մասսայական ծառահատումները, ավելանալու են փայտ վառող ընտանիքների քանակը:

Կարդացեք նաև

Կարծում ենք, որ գազի սակագնի բարձրացումը կարող է վերջին կաթիլը դառնալ, որը մեր հանրությանը կդրդի ագրեսիվ տուրբուլենտության գոտի: Սոցիալական լարվածությունը թուլացնելու համար արտագաղթի հրահրելու մեթոդն արդեն չի աշխատում. նրանք, ովքեր ցանկացել են, արդեն հեռացել են, մնացել են նրանք, ովքեր իրենց ապագան կապում են իրենց հայրենիքի` Հայաստանի հետ և հեռանալու տեղ չունեն, պայքարելու են իրենց սոցիալական իրավունքների ոտնահարման դեմ:
Ավաղ, դեռևս այս հարցին լուծում չտված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ս. թ. մայիսի 15-ին հրապարակել է հաղորդագրություն, որ հանձնաժողովը հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Սրանով արդեն հաստատվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ունի դիրքորոշում, ըստ որի բնական գազի սակագնի բարձրացման վերաբերյալ վերը նշված ընկերությունների ներկայացված դիմումները բավարարելու է` ի վնաս ՀՀ բնակչության:
Վստահ լինելով մեր ուժերի, համառ ու անկոտրուն պայքարի վրա, առայժմ կոչ ենք անում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ելնելով մեր հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակից, վերանայելով այդ ընկերությունների դիմում-հայտերը խնդրո առարկայի վերաբերյալ, որոշում կայացնել հօգուտ ՀՀ հանրության և ամբողջովին մերժել այդ ընկերությունների հայտերը՝ գազի սակագինը թողնելով անփոփոխ: Հանձնաժողովը դեռ ունի ժամանակ մտորելու և իր նախնական դիրքորոշումը փոխելու:

Այդպիսի որոշում չընդունելու դեպքում մեզ իրավունք ենք վերապահում հայտարարելու քաղաքացիական անհնազանդություն և կոչ անելու ժողովրդին չվճարել սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց: Գազի սակագնի բարձրացման մասին որոշում ընդունելու դեպքում, դա մեր կողմից կդիտվի որպես սահմանադրության կարևորագույն դրույթի՝ սոցիալական պետության դրույթի խախտում, և ՀՀ քաղաքացիներն արդեն ստիպված կլինեն սեփական ուժերով վերականգնել խաթարված սոցիալական արդարությունը:

ՀՀ ազատ քաղաքացիներ
16.05.2013թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս