Բաժիններ՝

Դևիդ Կոպերֆիլդը, գազի գաղտնիքն ու ՀՀ կառավարությունը

Գազի թանկացման թեման թեպետ նոր է, սակայն արդեն այնքան քննարկվեց այս երկու օրերի ընթացքում, որ հասցրեց ձանձրացնել հասարակությանը։ Սակայն որքան էլ այդ մասին խոսվի, երբեք բավարար չի լինի։ Որովհետև այդ թեման գազի պես ընդարձակվելու հատկություն ունի. որքան խորանում ես՝ այնքան նոր շերտեր են բացվում։

Այն մասին, որ ռուսական կողմը գազը թանկացրել է, հարյուրավոր անգամներ գրվել է դեռ նախորդ տարվանից։ Այն մասին, որ ընտրություններից հետո դրանում կհամոզվենք, և սակագինն էլ կբարձրանա` նույնպես։ Ըստ էության, «ՀայՌուսգազարդի»՝ սակագինը վերանայելու հայտը կարող էր նորություն լինել միայն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի համար։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարելի է ուշադրություն դարձնել մի նրբերանգի վրա, որը կամաց-կամաց ուրվագծվում է։ Խոսքն այն մասին է, որ պետությունը (ավելի ճիշտ՝ գործող իշխանությունները) փորձելու է գազի թանկացման ալիքի վրա պահպանել դեմքը, և, ինչո՞ւ ոչ՝ մի քիչ էլ սեփական PR-ն անել՝ որպես «վատամարդ»։
Այսպես, «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ՝ 132 դրամ սակագինը 221 դարձնելու, իսկ խոշոր սպառողների համար՝ 243 դոլարը 392.05 դոլար դարձնելու համար։

Արդեն իսկ պարզ է, որ այդ սակագներն իրականություն չեն դառնա։ Ի վերջո, ՀՀ իշխանությունները՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, խոստացել են, որ գազի թանկացումը ցավոտ չի լինի (իսկ 67.4% թանկացումը ցավոտ է)։ Նախագահի խոսքը գետնով տալ չի կարելի։ Ի՞նչ է պետք անել դրա համար։

Նախ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «հերոսաբար» կպայքարի այդ հայտի դեմ, անարգանքի սյունին կգամի «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչներին՝ ոչ բավարար հիմնավորումների և ագահության համար։ Եվ հայրենասիրության դրոշը ձեռքն առած՝ կհասնի նրան, որ «Հայռուսգազարդը» «տեղի կտա»։ Ասենք՝ սակագինը 221 դրամից կիջեցնի՝ մինչև 200 կամ 190 դրամի։

Դրանից հետո էլ գործի կանցնի կառավարությունը և կհայտարարի, որ բնակչի կողքին է և սուբսիդավորելու է 190-200 դրամի մի մասը։ Ասենք՝ 30-40 դրամը։ Ու արդյունքում՝ բնակիչը ներկայիս 132 դրամի փոխարեն կվճարի ոչ թե՝ 221 (ինչի մասին այժմ նշվում է), այլ՝ 160-170 դրամ։ Բնականաբար, դա կներկայացվի՝ որպես կառավարության մեծագույն ձեռքբերում։ Սակայն իրականում սա ընդամենը բեմադրություն է, քանի որ սպառման վերջնական գինը, որը հաստատվելու է մոտ մեկ ամսից, վերը նշված բեմադրության հեղինակները որոշել էին դեռ նախորդ տարի։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը դեռ նախորդ տարվա վերջին «բերանից թռցրել էր», որ 2013թ. գազի սակագինը կվերանայվի: Հիմա արդեն հարկավոր է վերը նշված սցենարը կյանքի կոչել։ Ինչպես և սպասվում էր, պետականամետ մի շարք վերլուծաբաններ արդեն իսկ սկսել են տարբեր ԶԼՄ-ներով «մեսիջներ» ուղարկել, թե՝ ժամանակից շուտ ենթադրություններ մի արեք, գինը դեռ պետք է քննարկվի, եթե թանկանա՝ պետությունը կսուբսիդավորի, և այլն…

Հատկապես այս վերջինին՝ սուբսիդավորմանը, որի մասին մեզ վիճակված է լինելու լսել առաջիկա 1-2 ամիսների ընթացքում, արժե առանձին անդրադառնալ։

Սուբսիդավորում ասվածը, մանավանդ մեր պարագայում, ամենամեծ աճպարարությունն է: Սուբսիդավորել՝ նշանակում է՝ գազ սպառողի փոխարեն՝ «ՀայՌուսգազարդին» գումարը վճարում է պետությունը։ Ասել է թե՝ վճարում են բոլոր հարկատուները՝ անկախ նրանից՝ գազ սպառո՞ղ են, թե՞ ոչ։

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը, սուբսիդավորում ասվածը սկզբունքորեն սխալ է, քանի որ պարտադրանքի տարրեր է պարունակում։ Այսինքն՝ ստացվում է, որ գազ չսպառողը պարտադրված է վճարել գազ սպառողի փոխարեն։
Սակայն Հայաստանի պարագայում ամեն ինչ ավելի աբսուրդային է։ Եթե հավատանք «ՀայՌուսգազարդի» տվյալներին, ապա գազիֆիկացման մակարդակը 95% է, և այդ ցուցանիշով մենք առաջատար դիրքերում ենք ԱՊՀ երկրների շարքում։ Այսինքն՝ գրեթե ողջ բնակչությունը գազ սպառող է։ Եվ միաժամանակ՝ հարկատու։

Ու ստացվում է՝ կառավարությունը բնակչությունից գումարը հավաքում է հարկերի տեսքով, հետո փոխանցում «ՀայՌուսգազարդին»։ Իմա՞ստը։ Չկա, որովհետև բնակիչը կարող էր ինքն էլ այդ գումարը փոխանցել գազ վաճառողին։ Տնտեսական արդյունավետության տեսանկյունից ոչ մի տարբերություն չկա։ Այն մի քանի տասնյակ միլիարդ դրամը, որը պետությունը պետք է ուղղի սուբսիդավորմանը, կարող էր ուղղվել սոցիալական ծրագրերին, թոշակների բարձրացմանը կամ առողջապահությանը։ Այսինքն՝ բնակիչը, այսպես թե այնպես, տուժում է։ Պարզ, շատ պարզ պատճառով. գազ մատակարարողը, այսպես թե այնպես, ստանալու է իր գազի արժեքը՝ լինի դա կառավարությունից, բնակչից թե երրորդ միջնորդ կողմից։ Այդ փողը դուրս է գնալու ՀՀ տնտեսությունից՝ դեպի «ՀայՌուսգազարդ», այնտեղից՝ «Գազպրոմ»։

Այսքանից հետո՝ իրականությունը ներկայացնել այնպես, որ գազի թանկացման պարագայում ոչ ոք չի տուժում, պարզապես աճպարարություն է՝ սեփական դեմքը փրկելու համար։
Իրական սուբսիդավորումը մեր պարագայում կլիներ այն, եթե մի քանի գերհարուստ պաշտոնավորներ ապօրինի ճանապարհով ձեռք բերած միլիոնների մի մասը հանեին արտասահմանյան բանկերից ու փոխհատուցեին գազի թանկացումը։ Չնայած հայաստանյան իրականության մեջ դա կդիտվեր ոչ թե՝ սուբսիդավորում, այլ՝ պարզապես «էշություն»։

Ամենամեծ աբսուրդն այն է, որ այս թատրոնի կարիքը չէր լինի, եթե իշխանությունն ի սկզբանե անկեղծ լիներ ժողովրդի հետ։ Չէ՞ որ, մեծ հաշվով, գազը թանկացնում է ոչ թե կառավարությունը, այլ արտաքին, երրորդ կողմը։ Ամո՞թ բան էր՝ կանգնել ու սեփական ժողովրդին անկեղծ խոստովանել՝ ռուսական կողմը գազը թանկացնելու է (կամ արդեն թանկացրել է) կոնկրետ այսքանով, մենք էլ ցանկանում ենք անել այս կամ այն քայլերը։ Իհա՛րկե ոչ։ Չէ՞ որ ամբողջ Եվրոպան կլոր տարին «բազարների» մեջ է «Գազպրոմի» հետ։ Սակայն ոչ ոք այդ ամենը գերգաղտնի մթնոլորտում չի անում։

Իսկ մեզ մոտ ամեն ինչ բարդացել է, որովհետև ինչ-որ ներքին, կուլիսային, քաղաքական ու աշխարհաքաղաքական խաղերի պատճառով ամեն ինչ արվում էր (է) «տակից»։ Անխուսափելի թանկացումը մշտապես հերքվում էր։ Անգամ, երբ արդեն պաշտոնական, մաքսային տվյալներից երևում էր, որ Ռուսաստանից գնվող գազը թանկացել է, կառավարության անդամները նախանձելի համառությամբ փորձում էին դա չտեսնելու տալ կամ հերքել։

Այժմ էլ, երբ արդեն միայն հայտնի կենդանու համար պարզ չէ, որ ռուսական կողմը գազը թանկացրել է, կառավարությունից ոչ ոք «լայեղ» չի անում տեղից վեր կենալ ու խելքը գլխին մի բացատրություն ներկայացնել, թե ի՞նչ եղավ։ Չէ՞ որ հայտարարում էին, որ բանակցություններ են ընթանում «Գազպրոմի» հետ, հավաստիացնում էին, որ դրանք կավարտվեն մինչև 2012թ. ավարտը։

Չէ՞ որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասում էր՝ ի՞նչ խնդիր կարող է լինել Ռուսաստանի և Հայաստանի միջև։ Ի՞նչ եղավ այդ բանակցության արդյունքը։ Կասե՞ք, թե՞ ինքնուրույն պետք է արդեն գլխի ընկած լինենք։

Հասկանում ենք, որ ձեզ վստահ եք զգում, անպարտելի, իրավունք եք վաստակել բարձրից նայել սեփական ժողովրդին, որը եկեղեցու մոտ՝ տեսախցիկների առջև, գրոհում է ուտելիքներով սեղանը։

Այդուհանդերձ, միգուցե մի փոքր պատվի՞ արժանացնեք ձեզ հանդուրժող ժողովրդին, և կառավարության այսօրվա նիստում մի թեթև խոսե՞ք այս ամենի մասին։ Չէ՞ որ 4-5 տարի հետո կրկին ընտրություններ են լինելու։
Բաբկեն Թունյան

Հ.Գ. Ի դեպ, ընտրություններից անմիջապես հետո գազի թանկացումը ևս մեկ անգամ պետք է ապացուցի ձայները վաճառող մեր քաղաքացիներին, որ 5000-10000 վերցնելուց շատ կարճ ժամանակ հետո ստիպված են լինելու ետ վերադարձնել դրա տասնապատիկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս