ՀՀՇ-ն վերածնվում է

Քիչ առաջ «Երևան» հյուրանոցում մեկնարկել է Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախկին նախագահներ Արարատ Զուրաբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, ՀՀՇ վարչության նախկին անդամներ Հովհաննես Իգիթյանի և Կարապետ Ռուբինյանի մամլո ասուլիսը, որի սկզբում նրանք հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասված է.

«2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց  Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց  Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի Երրորդ Հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը:
Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին,  դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ:  Այս երևույթի, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման  և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից:
Մենք՝ ներքոստորագրյալներս, հպարտանում ենք 25 տարվա  մեր քաղաքական գործունեությամբ, անցած քառորդ դարում Հայոց Համազգային Շարժման գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից:
Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը»:
Հիշեցնենք, որ նոր ՀՀՇ-ի հիմնադրման մասին առաջին անգամ հայտարարվեց 2013 թվականի փետրվարի 7-ին: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՀՀՇ-ն վերանվանվում է ՀԱԿ կուսակցություն, ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ պարտավորվում է հիմնադրել նոր ՀՀՇ կուսակցություն:  «Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժի կազմաքանդումը, գաղափարախոսությունից հրաժարումը և այլ գաղափարախոսության որդեգրումը ոտնձգություն է՝ ուղղված 1988 թվականից ի վեր հավատամք դարձած արժեքների ու գաղափարների դեմ: Իրականում սա առաջին նման ոտնձգությունը չէր: Առաջինը՝ 95-96-ն էր, երկրորդը` 1998-ի հրաժարականը, երրորդը՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչը, չորրորդը՝ Մարտի 1-ին և դրանից հետո իրական քաղաքական պայքարից հրաժարումը, հինգերորդը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, հաջորդը՝ անփառունակ երկխոսություններն ու քաղաքագիտական վերլուծությունները… Այս և բազմաթիվ այլ քայլերի տրամաբանական հետևանքը լինելու էր Հայոց Համազգային Շարժման ոչնչացումը: Բարեբախտաբար, ի հեճուկս ՀՀՇ-ի դեմ հարատև պայքարին լծված բացահայտ և ծպտյալ «սոցիալ-ազատականների»՝  Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց ստվար զանգված, որոնց համար միակ ընդունելի գաղափարախոսությունն ազատական գաղափարախոսությունն է: Եվ ես պարտավորվում եմ իմ համախոհների հետ միասին՝ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո հիմնադրել նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն: Կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը»,- նշված էր Արարատ Զուրաբյանի հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս