Արարատ Զուրաբյանը կհիմնադրի նոր ՀՀՇ
Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերակազմավորելու մասին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարության վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն է խնդրել 2002-2010 թթ. ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանից: Այն ներկայացնում ենք ստորև:
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայ ազգային կոնգրեսում, օրինաչափ է: Գոնե ես բազմիցս հայտնել եմ իմ մտահոգությունն առ այն, որ իրարամերժ գաղափարախոսություններ դավանող ուժերի մեխանիկական միավորումը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, քաղաքական ապագա ունենալ չէր կարող, և համաժողովրդական հուժկու ալիքի արդյունքում ծնված շարժումը հանգեցնելու էր անփառունակ վախճանի: Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը: Համակարգ, որի չգոյության շնորհիվ՝ այսօր բոլորիս աչքի առաջ վերարտադրվում է ապօրինի, ոչ լեգիտիմ, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, ոչ օրինակարգ ռեժիմը:
Այս գործընթացն, ինչպես նշեցի, օրինաչափ էր: Օրինաչափ էր, որովհետև հիմնված է անձի պաշտամունքի, տեսակետների ազատ արտահայտման և ժողովրդավարական այլ ինստիտուտների բացառման սկզբունքի վրա: Հետագա շահարկումներից խուսափելու նպատակով՝ նշեմ, որ այս ամենի մասին բարձրաձայնել եմ դեռևս այն ժամանակ, երբ ղեկավարում էի Հայոց Համազգային շարժում կուսակցությունը: Ցավով ուզում եմ նշել նաև, որ այդ ժամանակահատվածում ընդդիմադիր գործընկերներիցս որևէ մեկը չի կիսել իմ մտահոգությունները:
Ցավալի, բայց միևնույն ժամանակ՝ կանխատեսելի էր, որ Տեր-Պետրոսյանի հայտարարությանն առաջին արձագանքողներից և ողջունողներից մեկը պետք է լիներ ՀՀՇ վարչության ներկայիս ղեկավարը: Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հայտարարությունը գնահատում եմ՝ որպես նրա վերջնական՝ քաղաքական դավանափոխություն: Հայաստանի Հանրապետության հիմնադիր քաղաքական ուժի կազմաքանդումը, գաղափարախոսությունից հրաժարումը և այլ գաղափարախոսության որդեգրումը ոտնձգություն է՝ ուղղված 1988 թվականից ի վեր հավատամք դարձած արժեքների ու գաղափարների դեմ: Իրականում սա առաջին նման ոտնձգությունը չէր: Առաջինը՝ 95-96-ն էր, երկրորդը` 1998-ի հրաժարականը, երրորդը՝ Հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչը, չորրորդը՝ Մարտի 1-ին և դրանից հետո իրական քաղաքական պայքարից հրաժարումը, հինգերորդը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, հաջորդը՝ անփառունակ երկխոսություններն ու քաղաքագիտական վերլուծությունները… Այս և բազմաթիվ այլ քայլերի տրամաբանական հետևանքը լինելու էր Հայոց Համազգային Շարժման ոչնչացումը:
Բարեբախտաբար, ի հեճուկս ՀՀՇ-ի դեմ հարատև պայքարին լծված բացահայտ և ծպտյալ «սոցիալ-ազատականների»՝ Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց ստվար զանգված, որոնց համար միակ ընդունելի գաղափարախոսությունն ազատական գաղափարախոսությունն է: Եվ ես պարտավորվում եմ իմ համախոհների հետ միասին՝ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո հիմնադրել նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն: Կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը»: