Սվազիլենդի դեսպանությունն ու Սիրիայի հայ համայնքի խնդիրը
«Օգտագործել պետական մակարդակով, դիվանագիտական խողովակներով բանակցություններ կամ գոնե կոնտակտներ այն ուժերի հետ, որոնք դերակատարներ են, ֆիգուրանտներ են (Սիրիայում,-Ա.Ս.)»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանի, ում կարծիքով սա պետք է լինի հայկական դիվանագիտության ճանապարհներից մեկը` ուղղված Սիրիայում հայ համայնքի խնդրի լուծմանը:
Ըստ Արման Նավասարդյանի` նման քաղաքականությունը, որն անվանում են կուլիսային դիվանագիտություն, ընդունված երևույթ է դիվանագիտական գործունեության մեջ, և պարտադիր չէ, որ այդ մասին հայտարարվի պաշտոնապես: Դիվանագետը նշեց, որ կարելի է բանակցություններ սկսել նույն ծայրահեղական իսլամիստների հետ, որոնք պայքարում են Սիրիայի գործող իշխանությունների դեմ:
«Իմիջիայլոց, հայ համայնքը Սիրիայում միակ էթնոսն է փոքրամասնություններից, որն ունի պետականություն, մյուսները չունեն: Պետք է մտնել նրանց հետ բանակցությունների մեջ, եթե երաշխավորություններ ձեռք չբերվեն, գոնե հասկանան, որ այս համայնքի ետևում կանգնած է պետական ուժ,- ասաց Ա.Նավասարդյանը,- Իսկ ինչպե՞ս դա կանեն, ո՞վ կանի, պարտադիր չէ, որ Նալբանդյանը գնա խոսի, դա կարող է անել ամերիկյան մի հայ քաղաքացի կամ մեզ համակրող գնա և այնտեղ…նույն Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններ սկսի: Նման բաներ կան դիվանագիտության մեջ»:
Միաժամանակ Արման Նավասարդյանը նշեց, որ հայտնի չէ, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման դեպքում ինչպիսի ուժեր կգան իշխանության: «Հիմա այնտեղ կան սալաֆիականներ, ալ-Կաիդա կա և այլն, որոնց համեմատությամբ այդ իսլամիստները երեխաներ են, հասկանո՞ւմ եք, դրանք արնախում, ինչպես ասում են «ֆազերը գցած» մարդիկ են: Այնպես որ, երբ մեզ մոտ ասում են` «Ասադը գնաց, սա եկավ, հայերի համար…», և այլն, հայերի համար շա´տ վատ կլինի, դա կլինի բարդուղիմեոսյան գիշեր»,- ասաց Արման Նավասարդյանը:
Իսկ երկրորդ ճանապարհը` որպես Սիրիայի հայկական համայնքի խնդրի լուծում, ըստ Արման Նավասարդյանի, այն է, որ պետք է պատրաստ լինել հայերին Սիրիայից մասսայաբար հանելու:
«Ինձ հարցնում են` բա ո՞ւր գնան, թեկուզ Անտարկտիդա, բայց գնան, եթե խոսքը վերաբերում է մարդու ֆիզիկական գոյությանը…»,- ասաց Ա.Նավասարդյանը:
Բացի այդ` կա նաև երրոդ ճանապարհը` դիմադրությունը հայկական համայնքի կողմից, ինչպես Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին` 1970-80-ական թթ., սակայն դա դիվանագետը համարում է ուտոպիա, որովհետև Լիբանանում բոլորովին այլ իրադրություն էր և ուժերի այլ հարաբերակցություն:
Իսկ մեր հարցին, թե ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում Հայաստանի դիվանագիտության կեցվածքը Սիրիայի հարցում, դիվանագետը պատասխանեց այսպես. «Դե հիմա որ Սվազիլենդում դեսպանություն բացեն, բոլոր հարցերը կլուծենք»:
Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Արման Նավասարդյանի, հայկական դիվանագիտությունը պետք է լինի «ագրեսիայի աստիճանի հասնող ակտիվ», քանի որ փորձը ցույց տվեց, որ «պասիվ դիվանագիտությունը գոնե ղարաբաղյան հիմնահարցում բերեց իր վատ հետևանքները»:
Հիշեցնենք, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկիզբ առավ 2011 թ. մարտին, երբ այդ երկիր հասավ, այսպես ասած, «արաբական գարնան» ալիքը, և շարունակվում է մինչ օրս: Ըստ որոշ տվյալների` ավելի քան երկու տարի շարունակվող հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 80.000 մարդ:
Լուսանկարը՝ News.am-ի