
Ադրբեջանում ձերբակալել են Իլհամ Ալիևին Գինեսի ռեկորդների գիրք ուղարկած բլոգերին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ձեբակալվել է հավատացյալ, սոցցանցերի ակտիվ օգտատեր Ռաշադ Հեքիքեթ Աղաադդինը: Այս մասին հայտնել են նրա հարազատները:
Վերջիններիս խոսքերով՝ Աղաադդինը ձերբակալվել է մայիսի 10-ին և մեղադրվել է թմրանյութեր պահելու մեջ: Այժմ նա պահվում է ՆԳՆ-ի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում: Նշվում է, որ Աղաադինը բլոգեր է և Facebook-ի իր էջում կրոնական, ազատության ու արդարության թեմաներով գրում էր հոդվածներ և կարգավիճակներ:
Նա մասնավորապես հեգնանք էր ցուցաբերել Իլհամ Ալիևի կողմից երրորդ անգամ անընդմեջ նախագահական ընտրություններում սեփական թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևը ցանկանում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Բացի այդ, Աղաադդինն ադրբեջանական իշխանություններին որակել էր որպես «Ալիևյան հրեշավոր վարչակարգ»:
Հիշեցնենք, որ Ալիևների կլանն Ադրբեջանը ղեկավարում է 1993 թվականից՝ ուղիղ 20 տարի: Իլհամ Ալիևն արդեն իսկ 2 անգամ ընտրվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնում և 2009 թվականին Սահմանադրական ուղղումների հանրաքվեով վերացրել է երրորդ անգամ սեփական թեկնածությունն առաջադրելու արգելքը: