
Թուրքիան Եգիպտոսին կվաճառի սեփական արտադրության 10 անօդաչու հետախուզական ինքնաթիռ

Flightglobal-ի փոխանցմամբ՝ թուրքական TAI (Turkish Aerospace Industries) ընկերությունը մտադիր է հունիսին Եգիպտոսի հետ կնքել Anka անօդաչու հետախուզական 10 ինքնաթիռների վաճառքի մասին պայմանագիր:
TAI-ի գլխավոր տնօրեն Մուհարեմ Դորթքասլըն հայտարարել է, որ Եգիպտոսը չի լինի Anka-ի միակ պատվիրատուն Մերձավոր Արևելքում: Եգիպտոսի կողմից Anka-ի գնման հնարավորության մասին առաջին անգամ հայտնի է դարձել դեռ 2011 թվականին:
Anka-ի մշակման աշխատանքները մեկնարկել են 2009 թվականին: 2013 թվականին պաշտոնապես ավարտվել են ինքնաթիռի փորձնական թռիչքները: Anka-ն ունակ է 24 ժամ գտնվել օդում և հետախուզական աշխատանքներ իրականացնել 9000 մետր բարձրությունից:
Թուրքիան պլանավորել է հետագայում էլ ավելի կատարելագործել Anka անօդաչու հետախուզական ինքնաթիռը, և սպառազինության տեղակայմամբ այն վերածել անօդաչու հետախուզա-հարվածային ինքնաթիռի: