Ահազանգ. Խաբեությամբ երեխային վերցրել և փողոցներում մուրացկանությամբ շահագործել է
(Հրապարակման մեջ տեղ գտած անունները, հասկանալի պատճառներով, փոխված են)
33 տարեկան Մանանը միայնակ մայր է: Մայրաքաղաքի վարչական շրջաններից մեկում բնակվում է 2 տարեկան որդու՝ Սարգսի, ու էպիլեպսիայով հիվանդ մոր հետ: Ամուսինը 5 տարի առաջ հանցագործություն կատարելու համար դատապարտվել է: Կալանքը կրելուց, ազատություն ստանալուց հետո Մանանին լքել և ամուսնացել է մեկ այլ կնոջ հետ:
Մանանը չի ցանկանում հիշել անցյալը, քանի որ ամուսնուն ազատազրկման վայրից վաղակետ ազատելու համար նույնիսկ մոր բնակարանն է վաճառել, բայց… Երեք տարի առաջ նա ծանոթացել է մի տղամարդու՝ Գագիկի հետ, ով սկզբում հոգատար ընկերոջ դեր է ստանձնել և Մանանին հավաստիացրել է, թե երեխային հայրություն կանի, կխնամի նրան: Մանանը պատմում է՝ «Հարբեցող էր, քրոնիկ հարբեցող: Ամեն օր գալիս էր օղու շշերով ու ինձ էլ ստիպում էր, որ իր հետ խմեմ: Եթե չխմեի՝ կծեծեր: Պատահել ա` էնպես ա ծեծել, որ անկողին եմ ընկել»: Մանանը խոստովանում է, որ սիրել է Գագիկին, փորձել է նրան փոխել, որովհետև ցանկացել է նրա հետ ընտանիք կազմել, բայց վերջինն անհույս հարբեցող է եղել, ով պատրաստ է Մանանին ու Սարգսին «վաճառել»` հանուն մեկ շիշ օղու: Հասկանալով, որ Գագիկին իր կյանք թողնելն ու նրա հետ հարաբերությունները շարունակելը կործանում է իր ու որդու ապագան, Մանանը բազմիցս փորձել է նրանից հեռանալ, արգելել իր տուն այցելությունները:
Ասում է՝ «Ինքը գալիս էր սարսափելի խմած, ու, եթե ես համարձակվեի նրան վռնդել՝ հաջորդ օրը փողոցում այնքան կսպասեր, որ ինձ տեսներ ու ծեծեր»: Մանանը վստահեցնում է, որ չի կարողանում ազատվել այն տղամարդուց, ում իր ծնողներն անգամ լքել են՝ հասկանալով, որ նա չի կարող փոխվել: Նա դիմել է «168 Ժամ» թերթի խմբագրություն՝ խնդրելով օգնել և այս հրապարակումը ներկայացնել` որպես ահազանգ ՀՀ ոստիկանությանը: Պատմում է, որ միայն վերջերս բացահայտել է, որ Գագիկն իր 2 տարեկան որդուն ենթարկել է թրաֆիկինգի: Ասում է՝
«Փետրվար ամսին անընդհատ գալիս ասում էր՝ երեխուն տուր, տանեմ ման տամ: Ես էլ հագցնում ճանապարհում էի, որովհետև տանը վառարան էինք վառում, ահավոր ծուխ ու մուխ էր՝ մտածելով, որ տղաս մաքուր օդ կշնչի: Ամեն անգամ առանց կասկածի կամ առանց որևէ վատ բան մտածելու` տվել եմ, որ տանի ման տա:
Միայն վերջերս եմ իմացել, որ նա երեխայիս գրկած կանգնում անցորդներին խաբում ու փող ա մուրում: Ինձ ծանոթ մարդիկ պատմում են, որ փողոցում մարդկանց ստում ա, թե` երեխայիս հետ փողոցում եմ մնացել, գիշերելու տեղ չունենք էս ցրտին, փող տվեք` հաց առնեմ ուտի, թե չէ՝ սովամահ կլինի: Անցորդները տեսնում են փոքրիկ երեխային ու անկեղծորեն խղճալով` փող են տալիս: Նա էլ մուրացկանությամբ ձեռք բերած գումարով օղի է գնել»: Մանանն ասում է՝ թեև ինքն այդ մասին միայն վերջերս է իմացել, այդուհանդերձ, Գագիկն ամիսներ շարունակ, պարբերաբար իր երեխային շահագործել է: Սարգսին Մանանը ժամանակավոր հանձնել է «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ նա ապահով է, և, բացի Մանանից, որևէ օտար մարդ չի կարող նրան մոտ գալ: Մանանը վստահ չէ, որ երեխային տուն վերադարձնելուց հետո Գագիկը բռնի ուժով նույն գործողությունները չի կատարի: Վախենում էգ Նա հավաստիացնում է, որ անհույս հարբեցող այդ տղամարդը խմիչքի պակաս ունենալու պարագայում ամեն ինչի ընդունակ է:
«Մի անգամ քաղաքում անսպասելի մոտեցավ անցորդներին ու ասեց՝ ես ու կինս գյուղից ենք եկել ու էնտեղ հասնելու համար փող չունենք: Գիշերը փողոցում կմնանք, օգնեք, էլի: Ես համ վախեցա, համ կատաղեցի, բայց չփորձեցի փախնել՝ հասկանալով, որ վրեժ կլուծի, ինձ կծեծի: Փողը մարդկանցից վերցրեց ու խմիչք առավ: Ինձ հետ նման բան էդ մի անգամն ա եղել, բայց մտքովս չի անցել, որ կարող ա երեխայիս հետ մուրացկանություն անի: Երբ իմացա, չգիտեի` ինչ անել: Վախենում եմ Ոստիկանություն դիմել, նա ինձ կսպանի: Դուք իրան չեք ճանաչում: Նա ինձ կսպանի, կգնա-կնստի, էնտեղ գոնե պետությունն իրան կպահի: Կյանքում չի աշխատել»,- ասում է Մանանը՝ անընդհատ կրկնելով, որ վախենում է իր ու երեխայի կյանքի անվտանգության համար: Երկու օր առաջ Մանանը տուն մտնելուն պես էպիլեպսիայով հիվանդ մորը հայտնաբերել է աչքի տակ մեծ կապտուկով: Չգիտի` ով է եկել իրենց տուն, ինչ է կատարվել, բայց մայրն ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնում է: Մայրը՝ տիկին Շուշանը, հավատացրել է, թե ընկել է, բայց աղջիկը չի հավատում, որ ընկնելուց կարող էր աչքի տակ բռունցքի հարվածի հետքերով կապտուկ առաջանալ: Հավանաբար մորը հրահանգել են ծպտուն չհանել և հարվածել են ինչ-որ սպառնալիքի տակ:
«Խնդրում եմ՝ օգնեք ինձ, ես վախենում եմ: Ես երբեք պատկերացում չեմ ունեցել` ինչ բան ա թրաֆիկինգը, բայց հիմա հասկանում եմ, որ նրա կատարածը հանցագործություն ա անչափահասի նկատմամբ: Ես ոչ մի երաշխիք չունեմ, որ որդուս տուն բերելուց հետո նա չի գա, սպառնալիքի տակ նրան փողոց տանի»,- ասում է Մանանը՝ խնդրելով իր մասին տվյալները ոչ մի դեպքում չհրապարակել: Նա պատրաստ է Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության (ԿՀԴՊ ԳՎ) Թրաֆիկինգի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին գաղտնիության պայմաններում ցուցմունք տալ:
«168 ԺԱՄ»