Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստուհին իրեն ցած է նետել վեցերորդ հարկից
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Մինգեչաուրի ոստիկանությունն ու դատախազությունը հետաքննություն են սկսել՝ կապված երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստուհի Նիլուֆեր Մագերամովայի ինքնասպանություն գործելու հետ:
Հարուցվել է քրեական գործ՝ կապված NIDA շարժման անդամի ինքնասպանության հետ: Աղջիկն իրեն ցած է նետել իր շենքի 6-րդ հարկից: Սոցցանցերում տարածված տեղեկատվության համաձայն, նրա ինքնասպանության համար պատճառ է հանդիսացել այն, որ նա ենթարկվել է հալածանքների:
Այդ հալածանքները սկսվել են այն բանից հետո, ինչ ակտիվիստուհին քաղաքական գրառումներ է արել իր «Հանուն քաղաքակիրթ ու իրավական պետության» անձնական բլոգում: Աղջկա ընկերները վստահեցնում են, որ այդ հրապարակումներից հետո ակտիվիստուհին խնդիրներ է ունեցել ոստիկանության հետ:
Նշվում է, որ Մագերամովային անգամ տարել են ոստիկանատուն, ուր նրա նկատմամբ գործադրվել են բռնություններ: Դրանից հետո նրա ծնողները պահանջել են, որ նա վերջ դնի իր գործունեությանը: Չդիմանալով ծնողների ու ոստիկանության ճնշումներին՝ աղջիկն ինքնասպանություն է գործել: