Բաժիններ՝

Վերջին 14 տարում առաջին անգամ PKK-ն սկսում է լքել Թուրքիան

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները սկսում են լքել երկրի տարածքը: Ակնկալվում է, որ դա կլինի PKK-ի կողմից Թուրքիայի տարածքից «ամենամեծ հեռացումը», ինչը կհանգեցնի 30-ամյա արյունալի ժամանակաշրջանի ավարտին:

Ակնկալվում է, որ Թուրքիայի տարածքից PKK-ականների հեռանալու գործընթացը կտևի 3 ամիս և արդյունքում նրանք կհավաքվեն Ղանդիլում՝ Հյուսիսային Իրաք: PKK-ականները Թուրքիան լքելու են մի շարք միջանցքներով: Նրանք Թուրքիայից հեռանալու են 7-10 հոգանոց խմբերով՝ բնակելի վայրերից հեռու գտնվող վայրերով ու լեռներով օրական քայլելով միջինը 10 կիլոմետր:

Թուրքիայի ամենահյուսիսային (սևծովյան) շրջանում գործունեություն ծավալած PKK-ականները ստիպված կլինեն Հյուսիսային Իրաք հասնելու համար հաղթահարել 600 կիլոմետր հեռավորություն: Դուրս բերման գործընթացի ժամանակ չպետք է ձեռնարկվեն ռազմական գործողություններ:

Նշվում է, որ 14 տարվա մեջ առաջին անգամ PKK-ն կլքի Թուրքիան: Վերջին անգամ նա տվյալ քայլին է գնացել 1999 թվականին, երբ ձերբակալվեց նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով, ի դեպ, այս տարվա մարտի 21-ին PKK-ականներին կարգադրեց լքել Թուրքիան, վերջ դնել պայքարի ռազմական միջոցներին և անցում կատարել պայքարի քաղաքական և ժողովրդավարական միջոցներին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ, ինչպես նաև դրանից առաջ մի քանի անգամ կարևորել է, որ Թուրքիան լքող PKK-ականներն իրենց զենքը թողնեն երկրում: Սակայն PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ PKK-ականները Թուրքիայից կհեռանան այնպես, ինչպես որ եկել են, այսինքն՝ զենքը ձեռքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս