Բաժիններ՝

«Ուսանողները շատ ավելին կարող են վճարել». ԵՊՀ-ում վարձավճարները բարձրացել են մոտ 100.000 դրամով

Նոր ուսումնական տարում Երևանի պետական համալսարանի ուսման վարձավճարները բարձրանալու են: Այսպիսով, համալսարանում նվազագույն վարձավճարը կկազմի 400 հազար դրամ` ներկայիս 300 հազարի փոխարեն: Այս որոշումը բուհում կայացվել է վերջին գիտխորհրդի նիստում՝ ապրիլի 18-ին, որը Կառավարության կողմից արդեն հաստատվել է:

Այսպես, ընդհաննուր առմամբ, վարձավճարները փոփոխվել են բոլոր մասնագիտությունների գծով: Տարբեր մասնագիտությունների գծով վարձավճարը կավելանա 20-100 հազար դրամով: Այս որոշումը վերաբերելու է 2013-2014 ուստարում ԵՊՀ ընդունվողներին միայն:

Խնդրի վերաբերյալ 168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ:  Հարցին, թե միանգամից մոտ 100 հազար դրամով վարձավճարների բարձրացումն ինչո՞վ է պայմանավորված, և արդյո՞ք ուսանողները ի վիճակի կլինեն այդ գումարը վճարել, ԵՊՀ Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը պատասխանեց.

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսանողները շատ ավելին կարող են վճարել, որովհետև դպրոցներ և մանկապարտեզներ կան, որտեղ ուսման վճարը շատ ավելի թանկ է: Եթե մեր ազգաբնակչությունն իր երեխայի, օրինակ, դպրոցի համար կարող է նման վարձ տալ, ապա, կարծում եմ, որ բարձրագույն կրթություն ստանալու համար տարեկան 400 հազար դրամ պետք է կարողանա տալ»,- ասաց Կ. Գրիգորյանը՝ որպես օրինակ՝ նշելով «Այբ» ավագ դպրոցը, որտեղ, նրա խոսքով՝ տարեկան վարձը 2 մլն 250 հազար դրամ է, «Արեգնազան» կրթահամալիրը, որտեղ  ամսական վարձը 450 հազար դրամ է, «Ալմանախ» կրթահամալիրը ամսական 500 հազար դրամ է, և այլն:

Կարդացեք նաև

«Այս որոշումը միանգամից չի եղել, այդ հարցը արդեն դեռևս 3-4 տարի առաջ է քննարկվել: ԵՊՀ վարձավճարները մի քանի տարի առաջ բարձրացան 20-30 հազար դրամով, հետո արդեն՝ 50 հազար դրամով»,- ասաց Կ. Գրիգորյանը՝ նշելով, որ լավ սովորող դիմորդը կարող է անվճար ընդունվել կամ էլ վճարովի ընդունվել և լավ սովորելու պարագայում՝ շարունակել իր կրթությունն անվճար համակարգում, քանի որ բուհում ռոտացիոն համակարգ է գործում:

Ըստ Կ. Գրիգորյանի՝ ԵՊՀ-ի վարձավճարները, ի տարբերություն ՀՀ մյուս պետական բուհերի, ցածր են, բացի այդ, բուհը տարեկան մոտ 300 մլն դրամի ուսանողական վարձրավճարի զեղչ է անում, իսկ նման բան, ըստ նրա՝ ոչ մի բուհում չկա:

«Մենք պարզապես սահմանել ենք այն մինիմալը, որով հնարավոր է համալսարանը պահել և ուսանող պատրաստել, իսկ վարձավճարների բարձրացման հիմնական պատճառը դասախոսների աշխատավարձերի հետ է կապված»,- ասաց Կ. Գրիգորյանը՝ նշելով, որ դասախոսների աշխատավարձերի բարձրացման խնդիր կա, և, եթե ամեն ինչ նորմալ ընթանա, ապա նոր ուսումնական տարում կքննարկեն դասախոսների աշխատավարձը 10%-ով բարձրացնելու հարցը:

Կ. Գրիգորյանի խոսքով՝ ներկայումս համալսարանում դասախոսների աշխատավարձերը շատ տարբեր են, քանի որ գոյություն ունի հիմնական դրույքաչափ, հավելավճարների համակարգ, և այլն: Այդումենայնիվ, ըստ մեր զրուցակցի՝ դասախոսների նվազագույն աշխատավարձը ԵՊՀ-ում 138 հազար դրամ է, իսկ առավելագույնը՝ 500-600 հազար դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս