Նոր երևանյան հիվանդություն. մանդատացավ

«Ժառանգության» փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում «Բարև, Երևան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ թեև կուսակցությունում դեռևս վերջնական որոշում չեն կայացրել ավագանիի մանդատները վերցնել-չվերցնելու հարցի շուրջ, սակայն իր անձնական կարծիքով՝ անպայման պետք է վերցնել մանդատները: Դժվար չէ ենթադրել, որ Արմեն Մարտիրոսյանը հազիվ թե նման սկզբունքային հարցի մասին «անձնական կարծիք» հայտներ, առանց կուսակցության, նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը իմանալու կամ նրա հետ ճշտելու: Այսինքն՝ մեծ հավանականությամբ, մանդատները վերցնելու մասին դիրքորոշումն առաջիկա ժամերին կամ օրերին կդառնա պաշտոնական:

Ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը գրաված ԲՀԿ-ն էլ, չնայած՝ դեռևս հանդես է եկել միայն մեկ՝ լղոզված հայտարարությամբ, սակայն ակնհայտորեն մտադիր չէ հրաժարվել Երևանի ավագանիում իրեն բաժին հասած մանդատներից: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ չնայած մայիսի 5-ի ընտրությունների խայտառակ ընթացքին, դրանք համարվելու են կայացած և լեգիտիմ:

Ընդհանրապես որևէ ընտրությունից հետո ընդդիմության կողմից մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը դարձել է հայաստանյան քաղաքական օրակարգի անբաժանելի մասը և ակտիվանում է 4-5 տարի պարբերականությամբ: Ամեն մի ընտրությունից հետո այդ հարցը հնչում է, մի քանի օր անց ընդդիմությունը մի քանի հայտարարությամբ հրապարակում է իր «հուժկու  գնահատականը»՝ վերցնելով իշխանության կողմից իրեն նետված մանդատները: Եվ այդպես յուրաքանչյուր ընտրությունից հետո՝ մինչև հաջորդ ընտրություն: Այսպիսով, դառնում է փակ շղթա. Իշխանությունն ամեն անգամ իրեն հատուկ մեթոդներով կեղծում է ընտրությունները, ընդդիմությունն աղմուկ է բարձրացնում, սակայն հետո սուսուփուս վերցնում է իր հասանելիքն ու լծվում «ընդդիմադիր աշխատանքին»:

Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե ճիշտը մանդատներից ինքնանպատակ հրաժարվելն է, առանց դրա քաղաքական էֆեկտն օգտագործելու կարողության՝ մանդատից հրաժարվելը կարող է նույնքան անիմաստ լինել, որքան դրանք վերցնելը կեղծված ընտրություններից հետո:

Բայց ընդդիմությունը տարիներ ու ընտրություններ շարունակ օգտագործել է այս երկու հնարավորություններից միայն մեկը՝ մանդատներ վերցնելն ու անպտուղ պայքարը «կեղծված ընտրությունների արդյունքում» ստացված մանդատներով:

Իսկ գուցե մեկ անգամ պետք է փորձել նաև մյուս տարբերակը և մինչև վերջ պայքարել կեղծված ընտրությունների դեմ, առաջին հերթին՝ հրաժարվելով այդ կեղծիքին մաս կազմելու գայթակղությունից: Նման երևույթ, այն էլ՝ կիսով չափ, Հայաստանում եղել է ընդամենը մեկ անգամ, երբ 2003 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը թեև վերցրեց մանդատները, սակայն բոյկոտեց ԱԺ-ի աշխատանքը: Դա, իհարկե, մեխանիկական իմաստով ազդեցություն չունեցավ խորհրդարանի գործունեության վրա, քանի որ իշխանությունն, ինչպես այսօր, ուներ մեծամասնություն, սակայն որոշակի քաղաքական էֆեկտ, այնուամենայնիվ, թողեց:

Մեկ այլ նախադեպ էր ՀԱԿ-ի կողմից 2009 թվականի Երևանի ավագանու ընտրություններից հետո մանդատներից հրաժարվելը, սակայն դա, ըստ էության, քաղաքական էֆեկտ չունեցավ, քանի որ ավագանի անցած երկրորդ ուժը՝ ՀԱԿ-ի ներկայիս քաղաքագիտական ավագ գործընկեր ԲՀԿ-ն, ուրախությամբ վերցրեց մանդատները և չորս տարի «աշխատեց» քաղաքապետարանում:

Նույնը կլինի նաև այսօր, եթե, ասենք, միայն «Ժառանգությունը» հրաժարվի մանդատներից: Իսկ եթե հրաժարվեն «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, ապա դա կարող է կտրուկ փոխել քաղաքական իրավիճակը: Սակայն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը նման մտադրություն, կրկնում ենք, չունի: Որովհետև նրանց նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, ինչպես հայտարարում են, այլ իշխանությանն ինչ-որ կերպ մաս կազմելը:

Այլապես մայիսի 5-ից հետո այս երկու ուժերը պետք է անմիջապես բանակցեին իրար հետ՝ մանդատներից միասնաբար հրաժարվելու և պայքարի ճակատ ստեղծելու հարցի շուրջ: Այսպիսով, ի դեպ, աշխարհին ի ցույց կդրվեր Հայաստանում իշխանության մենաշնորհը, ինչի մասին ամեն օր հայտարարում էր ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը: Բայց դրա փոխարեն՝ երկուսից առնվազն մեկը՝ ԲՀԿ-ն, այս օրերին բանակցում է իշխանության հետ՝ գոնե Երևանի քաղաքապետարանում պաշտոններ ստանալու համար:

Սա, իհարկե, ինչ-որ իմաստով կարող է արդարացում դառնալ «Ժառանգության» համար. վերջինիս ներկայացուցիչները կարող են ասել, որ եթե ԲՀԿ-ն չի հրաժարվում մանդատներից, միայն իրենց հրաժարվելը որևէ իմաստ չի ունենա: Հետևաբար՝ ավելի լավ է վերցնել մանդատները և միանալ «ավելի լավ Երևան» կառուցելու գործին:

Անկախ մոտիվացիաների տարբերությունից, այս գործելակերպով ոչ իշխանական ուժերը նպաստում են իշխանության «ժողովրդավարական դեմքի պահպանմանը», քանի որ վերցնելով մանդատները (խորհրդարանական կամ ավագանու)՝ նրանք դառնում են իշխանական համակարգի մասը, որին արտաքին տեսքի համար չափազանց անհրաժեշտ է ունենալ ընդդիմություն:

Տեսանյութեր

Լրահոս