Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում կան հայերեն գրքեր, սակայն դրանք փակ են Հայաստանի համար
Նախորդ տարվա նոյեմբերից Apple iBookStore և Google Play eBooks հարթակներում տեղադրվել են նաև հայերեն էլեկտրոնային գրքեր: Այդ երկու հարթակներում կարելի է գտնել մոտ 40 հայերեն գիրք, որոնք, սակայն, մատչելի չեն հայաստանյան օգտատերերի համար, որովհետև Apple iBookStore և Google Play eBooks հարթակները փակ են Հայաստանի համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Միրաքյանը, ով հեղինակն է մի նախաձեռնության, որը կոչված է հասանելի դարձնել այդ հարթակները հայաստանյան օգտատերերի համար:
«Այդտեղ առկա գրքերի գները բավականին տարբերվում են շուկայական գներից, բացի այդ՝ էլեկտրոնային հարթակներից կարելի է անվճար ներբեռնել առկա գրքերի 20-25%-ը, կամ, օրինակ՝ գրքից մի գլուխ: Մինչդեռ, ցավոք սրտի, հայաստանյան օգտատերերին դրանք հասանելի չեն»,- ասաց Ռ. Միրաքյանը՝ նշելով, որ անցյալ տարի նոյեմբերից իրենք սկսել են մի նախաձեռնություն, որը կոչվում է Armenian iBook: Սկզբում իրենք սկսել են երկու հարթակներում էլ տեղադրել հայերեն լեզվով առաջին գրքերը:
«Մենք ուզում էինք այդկերպ ցույց տալ, որ այդ գրքերի պահանջարկը կա, իսկ բոլորս էլ գիտենք, որ ոչ մի ընկերություն չի հրաժարվում լրացուցիչ շուկայից»,- ասաց Ռ. Միրաքյանը՝ նշելով, որ մինչ հայերեն գրքերի տեղադրումը, iBookStore-ը չուներ անգամ իր բնութագրության մեջ հայերենը՝ որպես լեզու, սակայն բազմաթիվ նամակներից հետո հայերենը հայտնվեց այդտեղ որպես լեզու, որը դրվում է գրքի բնութագրության մետադատայի մեջ:
Այժմ արդեն Ռ. Միրաքյանն ասում է, որ Change.org կայքումստորագրահավաք են կազմակերպել, որն ուղղված է ակտիվացնելու այդ գրախանութները Հայաստանի տարածքում, որպեսզի հայ օգտատերերը ևս կարողանան օգտվել այդ խոշորագույն հարթակներից: