«էդ երեխու մահը միլիցեքի տակն է». Անիի նախկին ոստիկանապետը՝ Կարեն Եսայանի սպանության մասին

Galatv.am-ի հաղորդմամբ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Այսօր դատակոչված վկաների ցուցակում է եղել նաև ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, ով պատմել է, որ 2012 թվականի մարտին գործնական հարցերով եղել է քաղաքապետարանում, սակայն ինքը Վարդան Ղուկասյանի դստեր ձեռքը երբևէ չի խնդրել:

Սամվել Սարգսյանի՝ դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև եղել են հակասություններ, մասնավորապես նախաքննության ընթացքում նշել էր, որ քաղաքապետարան էր գնացել Վարդան Ղուկասյանի հետ իրենց երեխաների հնարավոր ամուսնության մասին պայմանավորվելու համար:

Նախաքննության և դատարանում տված ցուցմունքների տարբերությունը վկան բացատրել է նրանով, որ ցուցմունքի տակ ստորագրելուց առաջ քննիչին վստահելով ամբողջը չի կարդացել, իսկ հարցաքննության ընթացքում քննիչը մի քանի անգամ թղթերով դուրս է եկել և վերադարձել է. «Քննիչները սարքել են, հարգելի դատարան, ճոխցրած գրել են, էնպես են գրել, որ գլխներիս սարքեն: Ես ուրիշ բան էլ կարող եմ ասել, էդ երեխու մահը (Կարեն Եսայան) միլիցեքի տակն է»,- նշել է Սամվել Սարգսյանը:

Կարեն Եսայանի մոր հարցին, թե միլիցեն ինչ կապ ունի, վկան պատասխանել է. «Քո տղուն սպանել են, ես եղել եմ ոստիկանությունում, որտեղ ասում էին, որ էդ երեխեն չկա, մեքենայով սպանված է, բայց քո երեխուն գտել են ութն անց կես»:

Կարեն Եսայանին վերջին անգամ տեսել են բենզալցակայանում, որտեղ գնացել էր նախորդ օրը լվացման կետում թողած մեքենայի հետևից, սակայն վերջինիս դին հայտնաբերվել է նույն օրը՝ ուշ երեկոյան:

Դարձյալ անդրադառնալով ցուցմունքների հակասություններին՝ տուժողի իրավահաջորդը հարցրել է, թե ինչու այն բանից հետո, երբ վկան հասկացել է, որ այլ ցուցմունքի տակ է ստորագրել, երկրորդ անգամ ուրիշ ցուցմունք չի տվել, վերջինս պատասխանեց. «Զգացի, որ Գյումրու ոստիկանությունը մարզային ոստիկանապետի գլխավորությամբ փաստեր են սարքում, որ տղես հանցագործ է, և այդ նույն մարդիկ իմ նկատմամբ քրեական գործ հարուցեցին, որպեսզի տղայիս պահեն ճնշման տակ»:

Հիշեցնենք, որ Սամվել Սարգսյանի դեմ քրեական գործ էր հարուցվել նախաքննությանը խոչընդոտելու մեղադրանքով, ինչի կապակցությամբ այսօր վկան դատարանում նշեց, որ իրեն դատում էին դատախազի մոտ գնալու, նրա դուռը թակելու համար:

Հարցին, թե երկար տարիներ ոստիկանական համակարգում աշխատելուց հետո չէիք պատկերացնո՞ւմ, որ անհրաժեշտ է ցուցմունքը կարդալ, նոր ստորագրել, վերջինս պատասխանել է. «Քանի որ քննիչները Երևանից էին, վստահեցի՝ մտածելով, որ անշահախնդիր մարդիկ են, բայց հակառակը պարզվավ, նրանք էլ Բաբակեխյան Կարենի թելադրանքով սարքեցին գլխիս: Ես որ ցուցմունք էի տալիս, տղաս ձերբակալված չէր, որոշումը գրել էին, բայց չէին տարել Երևան, ինքը էստեղ բաժնում էր, պահել էին ծեծելու համար, հետո իրան՝ Հարություն Սարգսյանին, տարել են ԱԱԾ ու էնտեղ արձանագրել, որ ծեծված, արնաքամ վիճակում են էստեղից տարել, ես հետո, շատ ավելի ուշ պաշտպանների միջոցով եմ իմացել, որ էդպիսի բան է եղել»:

Տեսանյութեր

Լրահոս