Արամ Կարապետյան. «Հենց կգա պայքարի նոր հանգրվանը, էդ 5000 վերցնողներն էլ, չվերցնողներն էլ գալու են փողոց»

«Ինչի ընտրություններ կա՞ն, որ քննարկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունի կիրակի օրը կայացած Երևանի ավագանու ընտրությունների մասին:

Իսկ իր կարծիքը տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ ավելի պատկերավոր նկարագրելու համար նա նույնիսկ հիշեց մի դրվագ հայտնի ֆիլմից. «Հիշո՞ւմ եք այն ֆիլմը, որում այսպիսի երկխոսություն կա.

– Ինչո՞վ եք զբաղվում:

– Սատիրայով:

Կարդացեք նաև

– Ռուսական կլասի՞կ:

– Ոչ, սովետական:
– Դուք շատ հետաքրքիր մասնագիտություն ունեք, դուք զբաղվում եք մի բանով, որը գոյություն չունի»:

Արամ Կարապետյանն «ընտրություն» կոչվածն անվանեց իմիտացիա:

«Այսինքն` ի՞նչ ընտրություն: Եթե հստակ խոսենք, Հայաստանում գլոբալ առումով այս ընտրությունը` նախագահականից սկսած, ի՞նչ է տալիս, ի՞նչ է փոխում»,- ասաց պարոն Կարապետյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում շուրջ 55 տոկոս արդյունքով հաղթեց իշխող Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Բարև, Երևան» դաշինքը ստացան ընտրողների ձայների համապատասխանաբար՝ 23,07 և 8,48 տոկոսը, իսկ Դաշնակցությունը, ՀԱԿԿ-ն, ՕԵԿ-ն ու «Առաքելությունն» ընդհանրապես չկարողացան հաղթահարել ընտրական շեմը:

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էին հատկապես ընդդիմադիր ուժերը խոսում այս ընտրությունների կարևորագույն քաղաքական նշանակության մասին` կոչ անելով մարդկանց անպայման մասնակցել և դրանով սկսել իշխանափոխության պայքարը, «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Օրինակ` դուք ունեք մասնագիտություն, ունեք ձեր գործը և զբաղվում եք դրանով, իսկ նրանք, ովքեր քաղաքականության մեջ են, իհարկե, ոչ բոլորը, մեծամասամբ, անելիք չունեն, ի՞նչ անեն, մի բան պիտի անե՞ն էդ մարդիկ, թե՞  ոչ»:

Ա. Կարապետյանն ընդգծեց, որ այսօր քաղաքական դաշտում չկա իրական քաղաքական գործունեություն, քանի որ չեն առաջարկվում ծրագրեր, հոդվածներ, մտքեր:

«Քաղաքական գործունեությունը միայն ճառ ասելով հո չէ՞»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե՝ Դուք կողմ եք իշխանափոխության պայքարն ընտրական գործընթացներից դուրս տանելուն, նա պատասխանեց. «Միանշանակ, այսինքն` ընդհանրապես փոխել Հայաստանում որևէ բան ընտրություններով` պիտի մոռանալ: Դա անհնա՛ր է, մեռանք ասելով, անհնար է ընտրություններով որևէ բան փոխելն այս վիճակում»:

Հարցին, թե ո՞րն է դրա այլընտրանքը, նա պատասխանեց. «Այլընտրանքը մեկն է. եթե պիտի մնա սոցիումը, այսինքն` ժողովուրդը պիտի մնա և գործունեությունը բացի, տարածի և այլն, ուրեմն՝ մնում է մի բան` պիտի փողոց դուրս գա և հեղափոխություն անի: Այլ ձևով փոխել այս ամենն անհնար է»:

Արամ Կարապետյանը ողբերգություն չհամարեց քաղաքացիների, ժողովրդի զգալի մասի կողմից վերջին ընտրությունները չկարևորելը և ընտրակաշառք վերցնելը`վստահեցնելով, որ «այդ նույն ժողովրդի» մեծ մասն Ազատության հրապարակում`նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ժամանակ, պատրաստ էր պայքարի, բախման Ոստիկանության հետ:

«Այսինքն՝ սովորական, շատ հասկանալի երևույթ է: Սա էլ նոր բան չէ սոցիումի կյանքում. եթե կա պայքար, զգում են, որ հաղթանակի աղբյուր կա, իրենք կարող են բան փոխել՝ գնում են դրան: Եթե տեսնում են, որ դա անհնար է այս հանգրվանում (իսկ հավատացեք` ժողովրդի հավաքական ուղեղը, նույնիսկ, ասենք, զգացողությունը շատ ուժեղ է), եթե զգում են, որ ոչինչ էլ չկա, իմիտացիա է, ամեն մեկն իր ձևով է… Այլ երկրներում պատկերը մի փոքր այլ է. ռուսներն, օրինակ, այլ ձևով են իրենց պահում, սերբերը, հույները` մի ուրիշ կերպ, և այլն: Իսկ մերոնք, ընդհանուր առմամբ, հարմարվողական են. կա պայքար, մարդիկ պայքարում են: Քանի տարի պայքարեցին, որքան մարդ բանտարկվեց, զոհվեց…»:

Հետաքրքիր է, որ, ըստ Արամ Կարապետյանի, չնայած յուրաքանչյուր փուլում կրած հիասթափությանը` ժողովուրդն ամեն նոր փուլում պատրաստ է դուրս գալ պայքարի: «Այնպես չէ, այսօր դու կոտրեցիր հայերին, մեջքը կոտրեցիր, գնացին տուն, և վերջ: Այդպես չէ, հենց կգա պայքարի նոր հանգրվանը, հավատացնում եմ` էդ 5000, 10.000 վերցնողներն էլ, չվերցնողներն էլ գալու են փողոց»,- ասաց Արամ Կարապետյանը:

Իսկ ի՞նչ սցենարներ կարելի է կանխատեսել Հայաստանի քաղաքական դաշտում` վերջին երկու ընտրություններից հետո, մինչև հաջորդ համապետական ընտրությունները` 2017 և 2018թթ.. այս հարցն Արամ Կարապետյանը դիտարկեց համաշխարհային գործընթացների համատեքստում, քանի որ Հայաստանը համաշխարհային քաղաքականության մասն է կազմում:

«Աշխարհում արմատականացում է գնում. Գնալով՝ Կիպրոսի, Սիրիայի և մյուս նմանատիպ թնջուկներն ավելանալու են, չի կարող այդպես չլինել, որովհետև դա քաղաքակրթական զարգացման տրամաբանությունն է: Այդ պատճառով` արմատականացումը գալու և հասնելու է տարբեր երկրների: Իսկ որտե՞ղ է ամենապատրաստված վիճակը, այդտեղից էլ կսկսվի պայթյունը: Դա կլինի ԱՊՀ տարածքը կամ Մերձավոր Արևելքի նոր տարածքներ, ժամանակի դիտարկման խնդիր է: Այսինքն` պրոցեսներն այնպես են ընթանում, որ այդքան երկար հեռանկարով հարցերին նայելն, իմ կարծիքով, սխալ է»,- նշեց Արամ Կարապետյանը:

Իսկ «արմատականացում» ասելով` Ա.Կարապետյանը նկատի ունի այն գործընթացը, երբ համաշխարհային քաղաքականության մեջ տարբեր ուժեր սկսում են հասկանալ, որ միայն արմատական փոփոխությունների միջոցով կարելի է իրավիճակը փոխել, դրանք կարող են լինել սոցիալական ընդվզումների, հեղափոխությունների, նույնիսկ պետությունների կորստի ձևով, և այլն:

«Այսինքն` Հայաստանում արմատականացումը կարող է շատ ավելի վաղ սկսվել»,- ավելացրեց Արամ Կարապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս