Ստյոպա Սաֆարյան. Ես չարացած կամ աբիժնիկ չեմ

«Այն ժամանակ, երբ ես Ավանում բախվում է տարոնիզմի ֆենոմենին, գաղափարախոսությանը, ոչ մեկ չէր էլ մտածում, որ Ավանը Հանրապետական կուսակցության որջն է համարվում, որը երբեք չեն զիջի, ինչպես իրենք են հայտարարում»,- անդրադառնալով ՀԱԿ կուսակցության կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված Տարոն Մարգարյանի պաշտոնական հայտարարգրի դեմ դիմումին, ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, թե այն ժամանակ որևէ մեկը չէր մտածում Տարոն Մարգարյանի դեմ պայքարելու մասին:

«Երբ ես հայտարարում էի, որ Տարոնին են պատկանում երթուղային գծեր, տաքսիներ, որևէ մեկը չէր պայքարում: Իրենք որոշել են հիմա պայքարել, ազատ են՝ թող պայքարեն: Ես իրենց միանալու խնդիր չունեմ: Երկու անգամ ես այդ թաղամասում կռիվ եմ տվել՝ միայնակ ու իմ թիմակիցների հետ: Ինչո՞ւ հենց հիմա հիշեցին, որ Տարոնի դեմ պետք է պայքարեն»,- հավելեց նա:

Հարցին, թե՝ մայիսի 5-ին լինելով Ավանի տարածքում, զգացե՞լ եք Տարոն Մարգարյանի աներորդու՝ Ռոբերտ Սարգսյանի ազդեցությունը ընտրական գործընթացի վրա, թե՞ ոչ, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ես իրեն կյանքում չեմ տեսել: Պլակատից դուրս, ընտրություններից հետո որոշ ինտերնետ կայքերի կարճ, մի երկու բառանոց մեկնաբանություններն եմ տեսնել: Ավանի բնակիչները նույնիսկ ինձ հարցնում էին՝ թե ինչո՞ւ է նա ջահել ժամանակվա նկարները կախել: Շատերին թվացել է, թե ես չարացած եմ, կամ աբիժնիկ եմ Ավանի ԱԺ լրացուցիչ ընտրություններից հետո՝ սխալվում են: Ես բնությունից ու մանկությունից ուրիշ ձև եմ ապրում: Եթե իմ կյանքում մի բան լինում է անհաջող կամ հաջող, ես կարողանում եմ արագ թողնել: Տարոնի մասին ես շատ էի խոսում, որովհետև ինքը Ավանում ստեղծել է մի մթնոլորտ, որով տառապում են ոչ նորմալ մարդիկ: Երբ առաջին անգամ քարոզչության գնացի Ավանի տարածք ու տեսա, որ ֆլամինգոները փռել էին իրենց թևերը շքամուտքում ու չէին թողում, որ մտնեմ տեղամաս… ես Մասիվում, որևէ տեղ չեմ տեսել, որ համատիրության ղեկավարը գա թևերը փռի, դեմս կանգնի ու ասի՝ սա մեր թաղն ա, գնա… ես հասկացա, որ ֆասադ է ստեղծվել, որից հետո ոչ միայն դատարկություն է, այլև վտանգավոր մի բան: Ես իր դեմ չարացած չեմ, ինքը երբեք իմ հետաքրքրությունների դաշտում չի եղել: Ինքը երբեք քաղաքական գործիչ լինել չի կարող»:

Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Սարգսյանը երբեք բանավեճերի էլ չի մասնակցել ու չի մասնակցի, որովհետև խոսելու կարողություն չունի ու ստանդարտ «ֆռազաներ» է արտաբերում: «Կարող է՝ որպես սովորական մարդ առանձնապես վատը չհամարվի: Բայց ինքը քաղաքականության մեջ է ու կարող է վտանգավոր լինել: Ու վտանգավոր է, որովհետև սեփական թաղում ստեղծել հոգեխանգարմունք, որ բերեն մուտքում՝ Մարիամ Աստվածածնի նկարի վրա նկարդ կպցնեն, դա արդեն լուրջ է»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս