«Կհելնեմ՝ քացով կհեռացնեմ». հանձնաժողովի անդամը՝ ՀԱԿԿ վստահված անձին
Հաղթանակ թաղամասի թիվ 113 դպրոցում տեղեկայված 7/16 ընտրատեղամասում տհաճ միջադեպ տեղի ունեցավ հանձնաժողովի անդամ Կարեն Մինասյանի և ՀԱԿԿ վստահված անձ Ռուզաննա Արմենակյանի միջև։
Անկուսակցական ներկայացող Կ. Մինասյանը մատյանի մեջ գրանցումներ էր կատարում, իսկ Ռ. Արմենակյանը հետևում էր այդ պրոցեսին։ ՀԱԿԿ վստահված անձի ներկայությունը ինչ-որ պահի հունից հանեց Մինասյանին և նա մարդկանց ներկայությամբ ձայնը բարձրացնելով՝ ընդգծված ագրեսիվությամբ Ռուզաննա Արմենակյանին հորդորեց հեռանալ իր թիկունքից՝ ասելով, որ վերջինս իր «շնչին է կանգնած» և ինքը «խեղդվում» է։
Ռուզանն Արմենակյանը առարկեց և նշեց, որ եթե հեռանա, չի տեսնի գրառումները։ Շարունակելով վիճաբանությունը՝ Կարեն Մինասյանը աթոռը ետ քաշելով բղավեց. «Կհելնեմ՝ քացով կհեռացնեմ» և ավելացրեց որ իր՝ Ռուզաննայի վրայից «հոտ է գալիս»։ Կինը վրդովվեց և ասաց, որ նա իրավունք չունի իր հետ այդպես խոսելու։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության դիտորդ Լիլիթ Առաքելյանը, դիմելով Կարեն Մինասյանին, ասաց, որ նա հակաօրինական վարք է ցուցաբերում։
Երկար քաշքշուկներից հետո վերջապես արձանագրություն կազմվեց։ Բայց ներկաները և հանձնաժողովի անդամները առանձին-առանձին մեղադրում էին Լիլիթին՝ պրովակացիաներ անելու մեջ, իսկ Կ.Մինասյանը թուրք անվանեց նրան։ Այս միջադեպից հետո ԿԸՀ-ից ներկայացուցիչներ եկան և խրատեցին՝ թող ամեն մարդ իր գործով զբաղվի։ Իսկ Կ. Մինասյանին հորդեցին՝ «Կարեն, խելոք մնա»։ Իրավիճակին ծանոթանալու համար իրավաբաններ են եկել, հանձնաժողովի անդամներից վերցրել են հեռախոսահամարներ և գնացել։



