Լևոն Զուրաբյանը` «Ժառանգության», ԲՀԿ-ի, Բագրատյանի և Փաշինյանի հետ հարաբերությունների մասին

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿԿ) փոխնախագահ, ԱԺ «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցազրույց է տվել «Новости Армения» լրատվական գործակալությանը, ներկայացնում ենք հատված այդ հարցազրույցից:

 

 «НовостиАрмения» – Որոշ փորձագետներ ասում են, որ այսօր ընդդիմադիր դաշտում ընթանում է պայքար ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև` ընդդիմության առաջնորդության համար, և որ այս ընտրությունները (խոսքը Երևանի ավագանու ընտրությունների մասին է,-խմբ.) ցույց կտան, թե ով է ընդդիմության առաջնորդը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:

 

Լևոն Զուրաբյան – Չի կարելի միանշանակորեն հույս դնել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ իշխանությունները դրանք կեղծում են ` այդ թվում այս կամ այն քաղաքական ուժի ժողովրդական աջակցության խեղված պատկեր ցույց տալու համար: Բայց կա մի ցուցանիշ, որը թույլ է տալիս դա անել` ժողովրդի համախմբումը մասսայական քաղաքական միջոցառումներին: Այստեղ արդեն կեղծումներ չեն կարող լինել. մարդիկ կա´մ մասնակցում են, կա´մ ոչ: Կարծում եմ, որ այս տեսանկյունից որևէ քաղաքական ուժ չի կարող համեմատվել ՀԱԿ-ի հետ: Դա ցույց տվեցին նաև հանրահավաքային երկու օրերը` ՀԱԿ-ի հանրահավաքը`ապրիլի 30-ին, «Ժառանությանը»` մայիսի 1-ին:

ՀԱԿ-ի և «Ժառանության» միջև պայքար չկա, քանի որ ժողովուրդը հանրահավաքում իր մասնակցությամբ ցույց տվեց, թե ով է վերջին 5 տարիներին հանդիսանում առաջնորդ:

 

 «НовостиАрмения» – Կա նաև տեսակետ, որ նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև ձևավորվել է որոշակի տանդեմ: Ինչպե՞ս կբնութագրեք այս երկու կուսակցությունների համագործակցությունը: ՀԱԿ-ի որոշ նախկին անդամներ կարծում են, որ հատկապես այդ պատճառով «Բարգավաճ Հայաստանը» դարձավ առաջատար ուժ` ընդդիմադիր դաշտում:

 

Լևոն Զուրաբյան – Միևնույն քննադատները իրար հակասող բաներ են ասում: Մի կողմից` նրանք պնդում են, որ ԲՀԿ-ն կեղծ ընդդիմություն է, և իշխանություններն օգտագործում են այդ կուսակցությանը` ընդդիմությունը պառակտելու համար, բայց մյուս կողմից, միևնույն գործիչները պնդում են, որ մենք մեր ջանքերով ստեղծել ենք ընդդիմություն, որը ՀԱԿ-ից ավելի ուժեղ է, և իրականում ԲՀԿ-ն այսօր, հակառակ մեր ցանկությանը, դարձել է գործող իշխանության գլխավոր հակառակորդը: Այս երկու մոտեցումներն իրար հակասում են, սակայն դա մեզ քննադատողներին չի անհանգստացնում: Եվ սա ցույց է տալիս, թե մենք որքան ճիշտ էինք, երբ 2011 թ. սկսեցինք այդ գործընթացը, երբ ասում էինք, որ պետք է համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնք պատրաստ են պոկվելու այդ ռեժիմից և անցնելու ժողովրդի կողմը կամ, գոնե ինչ-որ դիմադրություն ցույց տալու անօրինականությանը և իշխանության քաղաքական մենաշնորհին: Մենք ճիշտ դուրս եկանք, որովհետև նույն ԲՀԿ-ն ընտրությունից ընտրություն ավելի մեծ անկախություն է ցույց է տալիս իշխանությունից և հակադրվում է նրան: Այսպիսով, ռեժիմի քաղաքական դիրքերն աստիճանաբար թուլանում են: Արդյոք սա մեր հռչակած քաղաքականության հաղթանակը չէ՞, կարծում եմ, որ այդպես էլ կա:

 

«НовостиАрмения» – Իսկ ինչպե՞ս են այսօր զարգանում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերությունները: Հնարավոր համարո՞ւմ եք այնպիսի կառույցների ստեղծումը, ինչպես 2012 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ Միասնական շտաբն էր, որի մեջ մտան ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և Դաշնակցությունը:

 

Լևոն Զուրաբյան  – Պետք է զերծ մնանք ձևական կառույցներից: Նախորդ ընտրությունների ժամանակ այդ շտաբի ստեղծումը, ես կասեի, ավելի շատ ցուցադրական, քարոզչական քայլ էր` ընտրողների համախմբման համար: Այսօր մենք չենք գնա այդ ցուցադրական կամ քարոզչական քայլին, բայց համագործակցությունը շատ ավելի խորն է: Եվ այսօր մենք ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ բոլոր հարթակներում լրջորեն քննարկում ենք ընտրակեղծիքների դեմ պայքարելու ռազմավարությունը: Ավելին, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ստեղծել հետընտրական դաշինք: Այդ առաջարկով մենք դիմել ենք նաև «Ժառանգությանը», սակայն նրանցից դեռևս պատասխան չկա:

 

 «НовостиАрмения» – ՀԱԿ-ն ի՞նչ հարաբերություններ ունի այսօր այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտնում էին ՀԱԿ շարժման մեջ, սակայն չընդգրկվեցին նոր կուսակցության կազմում:

 

Լևոն Զուրաբյան  –Մենք հիանալի դաշնակցային հարաբերություններ ունենք Ժողովրդական կուսակցության հետ` Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, և Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության հետ` Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ: Մենք հրաշալիորեն գործակցում ենք քաղաքական կյանքի բոլոր մակարդակներում, այդ թվում` խորհրդարանում «ՀԱԿ» խմբակցության շրջանակներում:

 

«НовостиАрмения» – Իսկ ի՞նչ հարաբերություններ ունեք Ձեր խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի հետ:

 

Լևոն Զուրաբյան  – Հրանտ Բագրատյանի և իր «Ազատություն» կուսակցության հետ համագործակցությունը լիովին հնարավոր է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա չի ներկայացնում որևէ քաղաքական ուժ և հանդիսանում է պատգամավոր, որը անցել է մեր ցուցակով: Նա ավելի քիչ է հակված մեզ հետ համագործակցելու, բայց մենք, իհարկե, դրանից ողբերգություն չենք սարքի:

Տեսանյութեր

Լրահոս