Վստահված անձինք՝ ընդդեմ չվստահող քաղաքացիների
Ցանկացած ընտրությունից առաջ իշխանությունը պաթետիկ արտահայտություններով հասարակությանը փորձում է համոզել վստահել իրեն՝ պետության ու քաղաքացիների կյանքը «բարելավելու, զարգացնելու» համար: Ընդհանրապես վստահությունն ամենաառանցքային գործոններից է իշխանություն-հասարակություն, քաղաքական ուժեր-հասարակություն հարաբերություններում:
Առանցքային է ոչ միայն նշանակությամբ, այլ նաև նրանով, որ ունենալով չափազանց կարևոր նշանակություն՝ այն իսպառ բացակայում է: Ոչ հասարակությունն է վստահում իշխանություններին ու քաղաքական ուժերին, ոչ էլ վերջիններս՝ հասարակությանը: Դրա ամենավառ արտահայտություններից մեկն այն է, որ ընտրությունից ընտրություն ավելի է կատարելագործվում ընտրակեղծարարության, ընտրակաշառքների համակարգը: Իշխանությունն ու քաղաքական ուժերը գիտեն, որ քաղաքացիները չեն վստահում իրենց, ժպտում են պարտադրված հանդիպումների ժամանակ, խոստանում են ընտրել իրենց, բայց ընտրության օրը՝ քվեախցում, անում են ճիշտ հակառակը:
Գիտեն ու դրա համար իրենց ապահովագրում են՝ ընտրակաշառքով, աշխատանքից ազատելու սպառնալիքներով, թաղային հեղինակությունների կողմից ահաբեկումներով:
Իշխանության ու հասարակության միջև փոխադարձ վստահության բացակայությունը բազմաթիվ պատճառներ ունի: Դրանցից մեկն էլ հարգանքի բացակայությունն է: Իշխանությունը քաղաքացիներին վերաբերվում է որպես ընտրազանգվածի՝ որպես «վիճակագրական ամբողջության»՝ առանց քաղաքացու, մարդու նկատմամբ նվազագույն հարգանքի: Քաղաքացիներն էլ արդարացիորեն, մեղմ ասած, չեն հարգում իշխանությանը, իրականում վերջինիս վերաբերվում են գրեթե ատելությամբ: Որովհետև իշխանությունը, կրկնում ենք, անընդհատ խաբում է մարդկանց, խաբում է ամենանվաստացնող միջոցներով:
Տնտեսական աճի ցուցանիշն իշխանության համար դարձել է գերնպատակ: Հինգ տարի շարունակ տնտեսությունը խայտառակ վիճակի հասցրած կառավարությունն արժանանում է նախագահի գովասանքին, կառավարության ղեկավարն էլ՝ վերանշանակմանը՝ միայն այն պատճառով, որ կարողացել է «թղթի վրա» ապահովել 7.2 տոկոս տնտեսական աճը: Ու երբ որևէ մեկը փորձում է վիճարկել այդ ցուցանիշի արժանահավատությունը, իշխանությունն առաջին գիծ է հանում մի քանի տերմին իմացող իր չինովնիկներին, որոնք կրծքով պաշտպանում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած որևէ ցուցանիշ:
Բայց որքան էլ նրանք տերմինախեղդ անեն հասարակությանը, մարդիկ չեն հավատում տնտեսական աճի մասին բարբաջանքներին: Չեն հավատում, որովհետև տնտեսական աճի ցուցանիշը հրապարակում է նույն այն կառույցը, որը հրապարակում է նաև մարդկանց՝ գոյատևել կարողանալու մասին թվերը: Վիճակագրական հաշվետվություններում դա կոչվում է «նվազագույն պարենային զամբյուղ»: Եվ ահա, ԱՎԾ-ն ասում է, որ ՀՀ քաղաքացին կարող է ապրել, այսինքն՝ բավարարել իր սնվելու նվազագույն պահանջները ամիսը 31 հազար 270 դրամով:
Բայց ԱՎԾ-ն մարդասեր է, ու բացի նվազագույն պարենային զամբյուղի արժեքից՝ հաշվարկում է նաև «նվազագույն սպառողական զամբյուղի» արժեքը, որը ներառում է ինչպես՝ սննդամթերքի համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը, այնպես էլ՝ հագուստի ու ծառայությունների նվազագույն անհրաժեշտ ծախսերը: 2013 թվականի առաջին եռամսյակում այն, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 55 հազար 347 դրամ: Փաստորեն, ԱՎԾ-ն, այսինքն՝ իշխանությունը, գտնում է, որ քաղաքացին կարող է ամիսը 31.2 հազար դրամով սնվել, 55.3 հազար դրամով էլ՝ ոչ միայն սնվել, այլ նաև հագուստ գնել, վճարել կոմունալ ծառայությունների համար: Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ծաղր քաղաքացու նկատմամբ: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե կառավարության անդամներից շատերի անգամ թիկնապահները գոնե մեկ ամիս ապրեին այս՝ նվազագույն «զամբյուղներով»: Տեղի կունենար իշխանափոխություն, քանի որ նրանք ուղղակի «կուտեին» իրենց պաշտպանյալներին:
Երկրում, որտեղ անգամ միջին կարգի պաշտոնյաների կարողությունը գնահատվում է միլիոնավոր դոլարներով, իսկ իշխանությունը քաղաքացուն ասում է, որ կարելի է գոյատևել 100 դոլարից պակաս գումարով, վստահության մասին խոսելը, մեղմ ասած, կոռեկտ չէ: Դրա համար իշխանությունը հարգում ու վստահում է ոչ թե քաղաքացիներին, այլ այն զանգվածին, որին վճարում է գոնե իրական նվազագույն զամբյուղի պահանջները բավարարելու համար:
Այդ խավի ներկայացուցիչները հայտնի են՝ թիկապահներ, թաղային հեղինակություններ, իշխանական կուսակցության ակտիվի անդամներ և մարդիկ, ովքեր վախենում են կորցնել անգամ ԱՎԾ-ի չափանիշներով նվազագույն զամբյուղը. դրանք պետական համակարգի ներկայացուցիչներն են: Հենց նրանք են իշխանության վստահված անձինք: Բառի նեղ և լայն իմաստով: