Հյուրանոցային սպասարկման ոլորտում խախտումները միայն պոռնկատուն լինելով չեն սահմանափակվում

Վերջին շրջանում միմյանց են հաջորդում տեղեկությունները Երևանում և մարզերում գործող այս կամ այն հյուրանոցի, հյուրանոցային համալիրի` ընդհատակյա պոռնկատուն, պոռնկության որջ լինելու կամ զուգահեռաբար այդ նպատակին ծառայեցվելու մասին: Վերջին այդպիսի տեղեկությունը վերաբերում է Երևանում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրին: Սակայն հյուրանոցային ապասարկման ոլորտում խախտումները միայն դրանցով չեն սահմանափակվում…

Շատ հյուրանոցներ որակավորված չլինելով, շարունակում են որակավորման կարգի նշանների օգտագործմամբ հանրությանը շփոթեցնող կեղծ գովազդներ ներկայացնել: Տեղեկություններ կան նաև, որ որակավորված մի շարք հյուրանոցներ չեն համապատասխանում որակավորման սահմանված պայմաններին, սակայն այդ տեղեկությունները ճշտելու համար պետք են ստուգումներ, որոնք, սակայն, չեն կատարվում պետական համապատասխան մարմնի կողմից:

Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության իրականացրած մոնիթորինգի արդյունքների` ՀՀ տարածքում գործում են 228 հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: 2013 թ. հունվարի 1-ի դրությամբ գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտներից որակավորման կարգ ստանալու նպատակով դիմել են 34-ը կամ 14.9 %-ը, թեև ինտերնետային կայքերում շարունակվում է սահմանված կարգով չորակավորված, բայց որակավորման կարգի նշաններ օգտագործող հյուրանոցների գովազդի ներկայացումը` խախտելով ‹‹Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին›› ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը:

Օրենսդրության պահանջների պահպանումն ապահովելու նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարը հյուրանոցային տնտեսության օբյեկտները շահագործող անձանց 26.11.2012 թ. և 27.11.2012 թ. գրություններով առաջարկել է տեղերում իրականացնել ինքնագնահատում և վերացնել առկա թերությունները, իսկ արդյունքների մասին տեղեկացնել նախարարությանը: Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի, էկոնոմիկայի նախարարությունը փաստորեն, որպես լիազոր մարմին, խուսափել է իր վերահսկողական գործառույթների իրականացումից:

Ի թիվս իր մի շարք ամրագրված գործառույթների, մինչև ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից 24.03.2011 թ. թիվ 182-Ա որոշման ընդունումը, հիշյալ վարչությանը վերապահվել են նաև օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական վարույթների վարման, որակավորման պայմաններին որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների համապատասխանության պարբերական գնահատման և պատասխանատվության միջոցների կիրառման գործառույթներ:

Նախորդ վերահսկողության արդյունքներով (2009 թ.) արձանագրվել է, որ զբոսաշրջության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների ոչ հստակ լինելու հետևանքով նման ստուգումներ չեն իրականացվել և համապատասխան բյուջետային հաշվարկային հաշվին խախտումների դիմաց մուտքեր չեն ապահովվել, իսկ նախարարությանն առաջարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով կարգավորել առկա խնդիրները: Սակայն անցած ժամանակահատվածում ‹‹Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին›› և ‹‹Պետական տուրքի մասին›› ՀՀ օրենքների փոփոխությունների նախագծերը դեռևս գտնվում են ՀՀ ազգային ժողովի քննարկման փուլում:

Ակնհայտ է, որ ոլորտին առնչվող օրենսդրության հստակեցումը, արդյունքում` ստուգումների իրականացումը և վարչական տուգանքների կիրառումը ձեռնտու չէ հյուրանոցատերերի մեծամասնությանը: Սակայն առավել ուշագրավն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, կառավարությունը կամ, ի վերջո, Ազգային ժողովը չեն շտապել հասնել ոլորտի օրենսդրական պատշաճ կարգավորմանը, հակառակը` այդ գործընթացը ձգձգվել է 2009 թվականից մինչև հիմա… Թերևս մնում է եզրակացնել, որ հյուրանոցային բիզնեսով զբաղվող տարբեր անձանց տանիք հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյաների մի խմբի նույնպես ձեռնտու չէ ոլորտի օրենսդրական կարգավորումը և ստուգումների իրականացումը հյուրանոցներում:

«Փաստինֆո»

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութեր

Լրահոս