Ի՞նչ չհաջողվեց ընդդիմությանը քարոզարշավի ընթացքում

Վաղը լռության օր է. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ավարտեցին քարոզարշավը, և հիմա կարելի է ամփոփել դրա արդյունքները: Իսկ դա անելու համար նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր էին իրենց առաջ դրել քաղաքական ուժերը, և որքանով հաջողվեց նրանց իրականացնել դրանք: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հիմնական խնդիրն այն էր, որ ընտրողներին համոզեն, որ Երևանի ավագանու ընտրությունները սոսկ վարչարարի ընտրություն չէ, այլ չափազանց կարևոր քաղաքական միջոցառում, որի արդյունքից է կախված Հայաստանի ապագան:

Այս կուսակցությունների ներկայացուցիչներն ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում էին, որ պետք չէ հավատալ այն քարոզչությանը, որ քաղաքապետի գործը աղբահանությունն է, կանաչապատումը, ասֆալտապատումը, վերելակ վերանորոգելը, այլ դրանից շատ ավելին: Վարդան Օսկանյանը նույնիսկ հայտարարեց, որ մայիսի 5-ին ընտրում ենք Երևանի վարչապետ:

Եթե քարոզարշավը մի քիչ էլ շարունակվեր, ապա կհայտարարեին, որ ընտրելու են Երևանի նախագահ, որն իր կարգավիճակով ավելի բարձր է լինելու հանրապետության նախագահից: Ըստ այս ուժերի, եթե իրենք հաղթում են Երևանի ավագանու ընտրություններում, ապա Հայաստանում վերանում է քաղաքական մենաշնորհը, և ընտրությունների հենց հաջորդ օրը երկրում սկսում են տեղի ունենալ արմատական փոփոխություններ: Կարելի էր ենթադրել անգամ, որ Երևանի քաղաքապետն իր առաջին հրամանով աշխատանքից ազատելու էր հանրապետության նախագահին, իսկ երկրորդով նշանակելու էր նոր խորհրդարանական ընտրություններ: Եթե Վարդան Օսկանյանը դառնա քաղաքապետ, չի բացառվում, որ նա այդպիսի հրաման իսկապես ստորագրի:

Արդյո՞ք այս ուժերին հաջողվեց քաղաքականացնել Երևանի ավագանու ընտրությունները, ինչն իր հերթին՝ կբերեր ընտրողների ակտիվության աճի:

Միանշանակ կարելի է ասել, որ Երևանի բնակիչներն ինչպես անտարբեր եղել էին, այնպես էլ անտարբեր մնացին այդ ընտրությունների և դրա արդյունքների նկատմամբ: Դրա բացատրությունը շատ պարզ է. որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Ռուստամյանը և Լևոն Զուրաբյանը հայտարարեն ու կրկնեն, թե Երևանի ավագանու ընտրությունները բախտորոշ են լինելու Հայաստանի ապագայի համար, և հորդորեն մարդկանց անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկել, միևնույն է՝ մարդկանց մոտ անպատասխան է այն հարցը, որ, եթե այս ուժերը շահագրգռված էին Հայաստանում քաղաքական մենաշնորհի վերացմամբ, ցանկանում էին հասնել իշխանափոխության, ինչո՞ւ նրանց ներկայացուցիչները չմասնակցեցին նախագահական ընտրություններին:

Այդ ո՞ւմ հրահանգով այս երեք քաղաքական ուժերի առաջնորդներն էլ, տարբեր պատճաբանություններով կամ նույնիսկ առանց դրա, հրաժարվեցին առաջադրել իրենց թեկնածությունը, երբ հասարակությունը և նույնիսկ նրանց հետևում կանգնած քաղաքական կուսակցությունների շարքային անդամները պահանջում էին, որ առաջնորդներն անպայման առաջադրվեն: Թե՞ Երևանի ավագանին կամ քաղաքապետը, հանրապետության նախագահից  ավելի մեծ հնարավորություն ունի  երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար:

Եթե իրենց առաջնորդ համարողներն արհամարհում են հասարակության և կուսակիցների կարծիքը, ինչո՞ւ պետք է հասարակությունը հետևի իրենց քաղաքական գործիչ հայտարարած անձանց հորդորին և մասնակցի ընտրություններին, երբ ընդամենը երեք ամիս առաջ այդ նույն քաղաքական գործիչներն ինչ-որ մեկի հրահանգով, կամ ինչ-որ մեկից վախենալով՝ միասնաբար հրաժարվեցին առաջադրել իրենց թեկնածությունը:

Արդյունքում՝ այդ քաղաքական ուժերին այդպես էլ չհաջողվեց համոզել հասարակությանը, որ Երևանի ավագանու ընտրությունների միջոցով կարելի է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, կամ գոնե հակակշռել իշխանությանը: Հասարակությունը տեսավ, որ դրան հնարավոր չեղավ հասնել նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ, թեև հայտարարվում էր, թե «Հնարավոր է»: Սրա արդյունքն այն է լինելու, որ ընտրություններն ընթանալու են ցածր ակտիվության պայմաններում, ինչը նշանակում է, որ ընտրությունների արդյունքի վրա մեծ դեր  է խաղալու իշխանության ունեցած վարչական ռեսուրսը, ընտրակաշառքը և, հնարավոր է` նաև ընտրակեղծարարությունը:

Վերջինիս հետ կապված՝ պետք է փաստել, որ իրենց ընդդիմադիր կամ ոչ իշխանական ուժ համարողներին այդպես էլ չհաջողվեց ստեղծել ընտրակեղծիքների դեմ պայքարելու միասնական շտաբ: Դրա մասին հայտարարություններ հնչեցին, բայց գործնական քայլեր չարվեցին: Կարելի է չկասկածել, որ դարձյալ զգուշացում եղավ, որ միասնական շտաբի ստեղծումն անթույլատրելի է, և առավելագույնը, ինչ կարող են իրենց թույլ տալ ընդդիմադիրները՝ ընտրակեղծիքների դեմ պայքարելու վճռականության մասին հայտարարելն է: Կարելի է մեծ վստահությամբ կանխատեսել, որ ԲՀԿ կամ ՀՅԴ տեղամասային հանձնաժողովի որևէ անդամ ընտրակեղծարարության որևէ դեպք չի արձանագրի, չի դիմի վերադաս հանձնաժողովին, Դատախազություն՝ ընտրակեղծարարներին պատժելու համար:

Ինչ վերաբերում է ՀԱԿԿ հանձնաժողովի անդամներին, ապա նրանք կխոսեն ընտրակաշառքի, ընտրողներին տեղամասեր բերելու և այլ խախտումների մասին, բայց, քանի որ ՀԱԿԿ-ն ընտրությունների արդյունքում կլինի չորրորդ-հինգերորդը, ապա դրան որևէ մեկը լուրջ չի վերաբերվի: Այլ բան էր, եթե լիներ միասնական շտաբ, և այդ հայտարարություններն արվեին միասնական շտաբի`մի քանի կուսակցությունների անունից: Բայց, ինչպես նշեցինք, ընդդիմության միասնական շտաբն իշխանության համար անընդունելի էր, և այն չստեղծվեց, թեև որոշ քննարկումներ սկսվել էին:

Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա Ահարոն Ադիբեկյանը, ինչպես միշտ, սխալված չի լինի: ՀՀԿ-ն կստանա 40-ից մի փոքր ավելի ձայն, երկրորդ տեղում կլինի ԲՀԿ-ն, որը կբավարարի այս կուսակցության ղեկավարի ամբիցիաները. լինել ընդդիմության մեջ առաջինը: «Ժառանգությունը»  կլինի երրորդը, որպեսզի ճիշտ լինի Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ նոր ընտրությունների դեպքում  «Ժառանգությունը» չի կարող նախկին արդյունքը կրկնել: Մնացած մասնակիցները, բացի «Առաքելությունից»,  խորհրդարանական ընտրությունների նման, կստանան պահանջվող նվազագույնի չափ ձայներ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ներկայացնելու Երևանի զարգացման իրենց ծրագրերը, և համագործակցելով քաղաքային իշխանությունների հետ՝ քայլ առ քայլ իրականացնեն դրանք:

Հ.Գ. Միակ բանը, որ կարողացավ քարոզարշավի ընթացքում անել ընդդիմությունը, Տարոն Մարգարյանին անպատասխան հարց առաջադրելն էր. որտեղի՞ց նրան բազմամիլիոն կարողություն: Բայց նկատենք, որ այդ հարցը կարելի է ուղղել իշխանության ցանկացած պաշտոնյայի, ով, համատեղության կարգով, նաև գործարար է. կամ ավելի շուտ՝ գործարար է, ով համատեղության կարգով՝ պետական պաշտոն է զբաղեցնում: Այնպես որ, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական իշխանությունը ծառայեցվում է հարստացմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս