Ինչու են հանրապետականները մերժել Պետրոս Ղազարյանին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Նախորդ երկու օրերի ընթացքում Հայաստանի լրատվական դաշտին վերաբերող երկու հետաքրքիր հետազոտութուններ հրապարակվեցին:
Ըստ «Freedom House»-ի տարեկան զեկույցի` Հայաստանը մամուլի ազատության ոլորտում լրջագույն առաջընթաց արձանագրած երկրների շարքում է: Ինչ խոսք, հաճելի լուր, մանավանդ, որ իրականությանը ամբողջությամբ համապատասխանող է:
Իսկ Երևանի մամուլի ակումբը հրապարակել էր ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013Թ. ՄԱՅԻՍԻ 5-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի մեդիածածկույթը` զեկույցի հեղինակները մի շարք դիտարժան փաստեր են հայտնավերել:
Նախ, աննախադեպ է որակվել ՀՀԿ-ի մեդիածածկույթը ողջ հեռուստաեթերում, որն ընդամենը 3-րդ էր ԲՀԿ-ից և ԲԱՐԵՎԻՑ հետո:
Մեկ այլ տվյալներով հաստատվում են այն մտահոգությունները, որ կուսակցական շաղկապում, իսկ երբեմն բացահայտ պատկանելություն ունեցող հեռուստաալիքները խիստ միակողմանի և ուղղորդված լրահոս են ապահովում:
Եթե «ԵՐԿԻՐ-ՄԵԴԻԱ»-ի դեպքում իրավիճակը ավելի քաղաքակիրթ է, ապա «ԿԵՆՏՐՈՆ»-ի պարագայում ամբողջությամբ տեղավորվում է բանանային պետությունում ԹՎ-ների որևէ խոշոր սեփականատիրոջ տրամաբանության մեջ:
Պարզվում է, բազմակարծությանը, ժողովրդավարության զարգացմանը, խոսքի և տեղեկատվության ազատությունների իրագործմանը նպաստելու փոխարեն սույն հեռուստաընկերությունը ավագանու ընտրությունները լուսաբանել է, ինչպես կլուսաբաներ որևէ գյուղական հարսանիք:
ՀՀԿ-ի մասին արձանագրել 0 (!) դրական և 16 (!) բացասական անդրադարձ: Իսկ ԲՀԿ-ի մասին 8 դրական և 0 (!) բացասական հիշատակում:
Սա է հավասարակշռված, անկողմնակալ և օբյեկտիվ գործունեությունը:
Իրավիճակը ավելի հստակ է դառնում, երբ վերհիշում ենք մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որ «ԿԵՆՏՐՈՆ»-ի լրատվական բլոկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարի հսկողության տակ է:
Ճշմարիտ լինելու համար նաև պետք է ասել, որ Պետրոս Ղազարյանի «ՈՒՐՎԱԳԻԾ» հաղորդաշարում հյուրընկալվելու հրավերներ հանրապետականները ստացել են և մերժել, քանզի աղմկոտ հեռուստաեթերները չեն մտնում մեր քարոզչական ռազմավարության մեջ:
Ինչևէ, տարբեր երկրներում կան հարուստ մարդիկ, որոնք սեփական ԹՎ ունեն:
Սակայն դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Բերլուսկոնիին պատկանող մեդիաները իրենց թույլ տային նման բացահայտ, ոչ պրոֆեսիոնալ և անզուսպ գործելաոճ»: