Բաժիններ՝

(չ)Տեսություն եք անում, որ ի՞նչ անեք

Հայրենի կառավարությունը, ինչպես վայել է իրենց հարգող կառավարություններին, սեփական կայք ունի։ Կայքը, բնականաբար, ունի բաժիններ։ Բաժինների մեջ կա մեկը, որը կոչվում է. «Մամուլը՝ մեր մասին»։ Այսինքն՝ մամուլը` կառավարության և նրա գործունեության մասին։

Սակայն բաժնի ուսումնասիրությունից պարզվում է, որ դրանում ներկայացված է ոչ թե մամուլի վերաբերմունքը կառավարության նկատմամբ, այլ հակառակը՝ կառավարության (կամ այդ էջը համակարգողի) վերաբերմունքը մամուլի նկատմամբ։

Ասենք, որ փորձում են բավականին ստեղծագործական մոտեցում ցուցաբերել՝ հետաքրքիր վերնագրեր ու ձևակերպումներ են մտածում մամուլի իրենց տեսության մեջ, զուգահեռներ անցկացնում։ Բայց երբեմն չափն անցնում են։

Օրինակ, ապրիլի 24-ի մամուլի տեսությունը սկսվում է հետևյալ նախադասությամբ.

«Պարզվում է՝ հասարակությունը յուրօրինակ բավականություն է ստանում կադրային փոփոխություններից, երբ պաշտոնյա են ազատում-նշանակում, հարկ եղած դեպքում՝ պատժում: Զարմանալի չէ, ուրեմն, որ իշխող կուսակցության ղեկավարության նիստերը լրատվամիջոցների այդքան մեծ ուշադրությանն են արժանանում…»:

Կամ այս մեկը՝

«Գյումրու երեկվա դեպքերը, որոնց նկարագրությունը զբաղեցրել է մամուլի տարածքի առյուծի բաժինը («Ժողովուրդ», և այլն), ապացուցում են, որ ոչ Մեծ եղեռնի տարելիցը, ոչ հետընտրական-նախընտրական թոհուբոհը չեն կարողանում «ստվերել» քրեական թեմայի գերակայությունը մեր կյանքում…
Ամեն դեպքում՝ այլ խնդիրների համար ևս որոշ տեղ մնացել է։ Վարդան Օսկանյանն, օրինակ, գլխովին զբաղված լինելով նախընտրական հոգսերով, ժամանակ է գտել խորհուրդ-առաջարկություններ տալու նոր կառավարությանը՝ «Աճ, թե խնայողություն. Օսկանյանի առաջարկները» («Օրակարգ…»)»։

Առավել թարմերից՝ շաբաթ օրվա՝ ապրիլի 27-ի, տեսությունը վերնագրված է այսպես՝ «Մի բառը մի աշխարհ է»։

Ու այդ վերնագրի տակ կարդում ենք հետևյալը.

«Հանճարեղ Թումանյանի այս ասույթն, անկասկած, չի վերաբերում «փուչիկ» բառին, որն այնքան են սիրում մեր գործիչները: Օգտագործում են այն ժամանակ, երբ գիտելիքները «քչություն» են անում, կամ պարզապես ուզում են մի վատ բան ասել, բայց չգիտեն ինչ ասեն: Այս բառը, կարելի է ասել, Հրանտ Բագրատյանի բառապաշարի զարդերից է. վերջերս այն նեղն ընկած ժամանակ փոխ է առնում Նաիրա Զոհրաբյանը: Ասվածը վերաբերում է 7 տոկոս տնտեսական աճին և հանգամանորեն լուսաբանված է տպագիր և էլեկտրոնային մամուլում: Այսօր խնդրին անդրադարձել է «168 Ժամը»»։

Ինչպես տեսնում ենք՝ կառավարության էջի պատասխանատուներն անդրադարձել են Հրանտ Բագրատյանին, Նաիրա Զոհրաբյանին, մյուս գործիչներին և նրանց գիտելիքներին։ Սակայն, չգիտես ինչու՝   «Մամուլը՝ մեր մասին» հրապարակման ներքո։

Հետո տեքստը շարունակվում է. «… «Տնտեսական աճը փուչիկ չէ», ասում է պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը («Ազգ», «ԳԱ»), «Հ. Բագրատյանն իր ֆեյսբուքյան հայտնի գրության մեջ խառնել է դեֆլյատորը», նրան երկրորդում է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը («ՀՀ»): Հետո՞ ինչ, րոպեական դադարից հետո ուշքի է գալիս «168 Ժամը», «Իսկ այն, որ 7.2 տոկոս աճ ունեցող երկրում մարդկանց 40 տոկոսը պատրաստ է արտագաղթե՞լ» և այլն…»։

Նախ՝ չենք կարող ասել, թե ինչ են նկատի ունեցել տեքստի հեղինակները՝ «րոպեական դադարից հետո ուշքի է գալիս «168 Ժամը»» արտահայտությամբ։ Պարզապես  նշենք, որ խոսքը վերաբերում է հետևյալ հոդվածին, որտեղ իրոք նշել էինք, որ 7.2 տոկոս աճ ունեցող երկրում մարդկանց 40 տոկոսը պատրաստ է արտագաղթել։

Սակայն դրանից հետո տեղի են ունեցել այլ իրադարձություններ։ Օրինակ՝ պաշտոնական վիճակագրությունը երեկ տեղեկացրել է, որ տարվա առաջին եռամսյակում Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը գերազանցել էր ժամանածների թվին՝ 35.5 հազարով, ինչն անցած տարվա նույն ցուցանիշից ավելի է 40 տոկոսով: Այսինքն՝ մարդիկ արդեն իրագործում են արտագաղթելու իրենց ցանկությունը։

Ու այս ֆոնին՝ ակնհայտ ցինիզմով «մամուլի տեսությունները», մեղմ ասած, չեն ընկալվում։

Ինչ վերաբերում է փուչիկների թեմային, ապա նշենք, որ վերջին 5 տարվա ընթացքում պայթել են բավականին մեծ քանակությամբ փուչիկներ։ Հիշեցնենք մի քանիսը՝

Հայաստանը՝ ֆինանսական միջոցների ներհոսքի աղբյուր ճգնաժամի պայմաններում

Հայաստանը՝ գերազանցության կենտրոն

Հայաստանը՝ ֆինանսական կենտրոն

Հայկական աշխարհ

Դիլիջանը՝ ֆինանսական կենտրոն

Գյումրին՝ տեխնոլոգիական կենտրոն (նավահանգստով)

Ջերմուկը՝ զբոսաշրջության կենտրոն

Ներքին հեղափոխություն

Ներդրումների աճ

Յուրաքանչյուրին՝ բնակարան ունենալու հնարավորություն

Առաջ, Հայաստան:

Ցանկը կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավական է:

Այս փուչիկները պայթել են, սակայն կառավարությանը թվում է, թե այս մասին բոլորը մոռացել են։

Սակայն չէ՞ որ փուչիկների կտորները մնացել են. մեկի վրա գրված է՝ ներդրումների փաստացի նվազում, մյուսի վրա՝ արտագաղթի ավելացում, երրորդի վրա՝ աղքատության աճ, չորրորդի վրա՝ տնտեսական անկում, հինգերորդի վրա՝ գործարար լավատեսության նվազում, և այդպես շարունակ։

Այսքանից հետո, թերևս, չէր խանգարի, եթե ոմանք «րոպեական դադարից հետո ուշքի գային» և համապատասխան եզրակացություններ ու քայլեր անեին՝ մամուլին ծաղրելու անհաջող փորձերի փոխարեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս