Բաժիններ՝

Կարգապահական վարույթ` ինքնաբացարկի միջնորդությունն ընդունելու համար

ՀՀ արդարադատության խորհուրդը 2013 թվականի ապրիլի 12-ին կարճել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը: Այս որոշման համար հիմք է ծառայել ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, քանի որ նրա լիազորություններն արդեն իսկ դադարեցվել էին: Սակայն հետաքրքիր է կարգապահական վարույթ հարուցելու առիթն է, քանզի կարգապահական խախտում է դիտարկվել ինքնաբացարկի միջնորդությունը Մերանգուլյանի կողմից բավարարելը:

24.08.2012թ. որոշմամբ դատավոր Մերանգուլյանի վարույթ է ընդունվել քաղաքացիական գործն ըստ հայցի «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ -ի` 11.06.2012թ. կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասին̧: Իսկ 09.10.2012թ. որոշմամբ դատարանը` նույն Մերանգուլյանի նախագահությամբ բավարարել է պատասխանողի կողմից 05.10.2012թ. ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը` դատավորի անաչառության վերաբերյալ կողմի կասկածները բացառելու հիմնավորմամբ:

Կարգապահական հանձնաժողովի գնահատմամբ՝ դատավոր Ա.Մերանգուլյանի կողմից կայացված ինքնաբացարկի որոշման հիմք է հանդիսացել միայն միջնորդություն ներկայացրած կողմի` դատավորի անաչառության վերաբերյալ կասկածները: Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով և Վարքագծի կանոնների 15-րդ կանոնով հստակ ամրագրված են այն հիմքերը, որոնց առկայության պարագայում է հնարավոր հիմնավորված ինքնաբացարկի որոշում կայացնել:

Կարգապահական հանձնաժողովը փաստել է, որ դատավոր Ա.Մերանգուլյանի կողմից կայացված ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե իրավադրույթներով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ կողմի չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Այսինքն` որոշման հիմքում դրվել է օրենքով դատավորին ինքնաբացարկ հայտնելու համար հիմք չհանդիսացող հանգամանք, ինչի արդյունքում դատավորի կողմից ոչ միայն չեն պահպանվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, այլև դատավորը, փաստորեն, հրաժարվել է քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելուց:

Այսպիսով, Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա.Մերանգուլյանի կողմից թույլ է տրվել Վարքագծի կանոնների 15-րդ կանոնի կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում: Դատավորն, ըստ կարգապահական հանձնաժողովի, տվյալ դեպքում չի պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ինքնաբացարկ հայտնելու իրավական պահանջները, որի արդյունքում «թույլ է տվել վարքագծի կանոնների կոպիտ խախտում»:

Ոչ պակաս հետաքրքրական ու անգամ արտառոց են Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ Դատավորի բացատրությունում բերված փաստարկները:

Այսպես, ըստ Դատավոր Ա. Մերանգուլյանի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով ամրագրված ինքնաբացարկի հիմքերը սպառիչ չեն և օրենսդիրը հստակ մատնանշում է այդ հանգամանքը, քանզի իրավակիրառության ընթացքում կարող են ի հայտ գալ ինքնաբացարկի այնպիսի հիմքեր, որոնք հնարավոր չէր կանխատեսել ու այդ ժամանակ հարկավոր է հիմնվել դատավորի պատշաճ վարքագիծը ի պաշտոնե գործելիս ամրագրող օրենսդրության սկզբունքների վրա:

Այսպես` ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի համաձայն` դատական իշխանություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց:

Մինչդեռ, դատավորին ինքնաբացարկի մասին միջնորդության ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ պատասխանողի ներկայացուցչի մոտ դատավորի գործողությունները` կապված հայցի ապահովման միջոցների կիրառման հետ, ինչպես նաև պետական տուրքը վճարելը մասնակի հետաձգելու հետ առաջացել է կայուն տպավորություն դատավորի կողմնակալության վերաբերյալ, որը վերջինս փորձում էր հիմնավորել նրանով, որ իբր դատավորը այն կերպ շահագրգռված է, որ ինչպես հայցի ապահովման միջոցների մասին, այնպես էլ պետական տուրք վճարելը մասնակի հետաձգելու մասին որոշումները դատավորի կողմից պատշաճ պատճառաբանված չեն եղել` մատնանշելով ՀՀ ԱԽ որոշումը, որով նույնական հանգամանքներում դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին կարգապահական տույժ է հայտարարվել:

«Դժգոհ կողմի ներկայացուցիչ փաստաբանի կողմից դրսևորած ինքնանպատակ վարքագիծը հակակրանք է առաջացրել ինձ մոտ և ես, նման պայմաններում ի վիճակի չլինելով ապահովել գործի դատական քննությամբ անկողմնակալությունը, որոշել եմ բավարարել կողմի միջնորդությունը` դատավորին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ և որոշում կայացրել ինքնաբացարկի վերաբերյալ»,- նշել է դատավորը: Ըստ նրա, նման որոշումը արդարացված էր նրանով, որ միանձնյա գործը քննող դատավորն ինքը միայն գիտի, թե ի վիճակի է նա կոնկրետ գործի քննությամբ ապահովել անկողմնակալություն, թե ոչ, քանզի անհեթեթ է կարծել որ որևէ մեկը, բացի միանձնյա գործը քննող դատավորից, կարող է իմանալ ինչ է կատարվում իր ներաշխարհում և ի վիճակի է նա արդյոք կոնկրետ գործի քննությամբ ապահովելու անկողմնակալություն, թե ի վիճակի չէ` ինչ-ինչ պատճառներով:

Տվյալ դեպքում ակնհայտ է, ըստ Ա.Մերանգուլյանի, որ իր մոտ հայտնի պատճառներով ձևավորվել էր նախատրամադրվածություն պատասխանող կողմի նկատմամբ: Ըստ նրա, անտրամաբանական է, որ «տարեկան 500 վճիռ կայացրած դատավորը կարող է հրաժարվել քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելուց»:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս