ՀՀ ոստիկանապետը չի բացառում, որ Գյումրիում նորից կրակոցներ հնչեն
Aravot.am-ի հաղորդմամբ՝ Այսօր Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով Գյումրու երկու «կլաններին» ավելի վաղ պատժելու մասին, հայտարարել է, որ ինքը կողմնակից է բժշկելու, պատժելը երբ ասես կա:
Լրագրողները հետաքրքրվել են, թե ոստիկանապետի կանխատեսմամբ` իր բժշկումից հետո դարձյալ կրակոցներ կհնչե՞ն Գյումրիում:
«Չեմ բացառում կրակոցները, չեմ բացառում՝ ինչո՞ւ, որովհետև ես միամիտ չեմ, որ համարեմ էդ զենքերը հավաքեցինք, և ամեն ինչ ընկավ իրենց տեղը: Կանխատեսելի միջոցառումներ են, որ նման դեպքերից հետո նման աշխատանքներ տարվեր, և բնական է, որ բոլոր, էսպես ասած, սրիկաները, որոնք իրենց մեջ փափագում են, որ անցնի ժամանակը, նորից կվերականգնվի սա, քողարկել են, պահել են, թաքցրել են: Ես դա հասկանում եմ, ես գիտեմ: Եվ շատ բաց եմ ասել, որ որոշակի ժամանակ եմ տալիս՝ 3 շաբաթ, նստեք, մտորեք, խորհրդակցեք, հասկացեք, հավաքեք, բերեք, հանձնեք: Դրանից հետո, երբ ես կհայտնաբերեմ, այսինքն՝ ոստիկանությունը կհայտնաբերի, մտորելու ժամանակ չեք ունենա, ուղիղ գաղութ, ուղիղ էնտեղ, որտեղ պետք է գնաք, և միջնորդություններ չեն լինի:
Ես բավականին կազմակերպված անձնավորություն եմ, որ հանրապետության նախագահի ցուցումներով, որ իջեցված է ինձ, փիլիսոփայորեն մոտենամ դրան: Դրվա՞ծ է կարգ ու կանոն հաստատեմ, իմ նշանակման օրվանից իմ առջև դրվա՞ծ են էդ խնդիրները, էդ խնդիրները մենք ծրագրավորված, իմ աշխատանքային կոլեկտիվով լուծում ենք, լուծում ենք և մեր ներքին խնդիրները. որդից ենք ազատվում, և անում ենք էն, որպեսզի հասարակության մեջ վստահություն ներշնչվի»,- ասել է ոստիկանապետը: