Հերմինե Նաղդալյանը՝ Վարդան Օսկանյանին. Հասկանում ենք, որ սա ձեր վերջին շանսն է
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արձագանքել է Վարդան Օսկանյանին:
«Կարծում եմ, արժե մեր կոլեգաներին հիշեցնել, որ էական հնարավորություն իրենց տրված է եղել սրանից 4 տարի առաջ, երբ իրենց կուսակցության ցուցակով, բավական լուրջ թվով Երևանի ավագանիներ ընտրվեցին, և 4 տարի շարունակ բոլոր հնարավորություններն ունեին ակտիվ աշխատելու, առաջարկներ, ծրագրեր իրագործելու, բարելավելու մեր քաղաքացիների կյանքը, այլ ոչ թե պասիվ, կրավորական պահվածք դրսևորելու և այսօր էլ ասելիք չունենալու: Այնպես որ, այն հորդորը քաղաքացիներին, թե այսօր դուք նոր հնարավորություն եք ունենալու փոխելու իրականությունը, հավատալու հիմքեր չի ներշնչում, որովհետև իրենք իրենց ունեցած հնարավորություններն այս տարիների ընթացքում չօգտագործեցին: Իմիջիայլոց, նույն կերպ չի օգտագործել նաև ՀԱԿ-ը, որի ավագանիներն ընդհանրապես չեն բարեհաճել անգամ նիստերին ներկայանալ, ստանձնել իրենց պարտավորությունները , այն դեպքում, որ որոշակի թվով ընտրողներ, իրենց քվեն տալով, պարտավորեցրել էին վերջիններիս աշխատել, լինել ակտիվ, իրագործել խոստումները, որոնք իրենք դեռ այն ժամանակ էին տրվել:
Եվ հիմա անհասկանալի է, թե այս ի՞նչ ոգևորությամբ են գրոհում Երևանը. Բացատրությունը, թերևս, կայանում է նրանում, ինչը մենք բազմիցս ընդգծել ենք, որ Երևանի ընտրությունները այս ընտրառատ տարվա տրամաբանական ավարտն են լինելու, և սրանից հետո 3-4 տարի ընտրական իմաստով պասիվ տարիներ են հաջորդելու, ու, բնականաբար, իրենք հնարավորություններ չեն ունենալու:
Հարգելի գործընկերներ, մենք հասկանում ենք, որ սա ձեր վերջին շանսն է, բայց սա չի նշանակում, որ պետք է նպատակը դա դարձնել, նպատակը մեկը պետք է լինի՝ աշխատել բարելավել մարդկանց կյանքը , ոչ թե ձեր շանսերն օգտագործել՝ միայն ձեր տեղերն ապահովելու համար:
Պարոն Օսկանյանի հնչեցրած այն միտքը, որ Երևանի քաղաքապետի աթոռը Երևանի վարչապետի աթոռ է, ևս մեկ ապացույց է, որ իրենց մտադրությունը՝ գոնե Երևանի շրջանակներում վարչապետ լինելն է, եթե այլ շրջանակներում վարչապետ լինել չի հաջողվում: Բայց ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Երևանի քաղաքապետի աթոռը, ինչպես վարչապետինը՝ աշխատելու, մարդկանց խնդիրները լուծելու, չարչարվելու աթոռ է:
Ինչ վերաբերում է իշխող ուժին և նրա վարած տնտեսական քաղաքականությանը հակակշիռ լինելուն , ապա ես հեռու եմ կարծիքից, թե իմ կողմից շատ հարգված պարոն Օսկանյանը չի տիրապետում մեր երկրի օրենքներին: Ենթադրում եմ, որ շատ լավ գիտի և՛ տեղական ինքնակառավարման մարմինների օրենսդրությունը, և՛ Երևանի մասին օրենքը, ինչպես նաև, լավ հասկանում է՝ ով է վարում տնտեսական քաղաքականությունը: Կարծում եմ, որ շատ լավ հասկանում է նաև, որ որևէ քաղաքի, անգամ մայրաքաղաքի ավագանին կամ քաղաքապետը երբեք չեն կարող դուրս լինել երկրի քաղաքական համակարգի ընդհանուր ուղեծրից, այսինքն՝ սա նշանակում է, որ նման պնդումներ անելով ՝ պարզապես ուզում են մոլորության մեջ գցել ընտրողին:
Իսկ ինչ վերաբերում է կոչերին, թե վստահելով §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցությանը՝ սկիզբ կդրվի քաղաքական մթնոլորտի առողջացմանը, մրցակցության ու հակակշիռների մեխանիզմի հաստատմանը և այլն, ես կարծում եմ, որ այդ §առողջացումը¦ Հայաստանի այլ քաղաքներում, որտեղ որ ԲՀԿ-ն ունեցել է և ունի իր քաղաքապետերը, արդեն երևացել է, և սրան ևս երևանցիներն առանձնապես չեն խաբվելու:
Սա Երևանի ընտրողի և ընդհանրապես՝ ընտրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է՝ երբ ուզում ես բացարձակ սուտը ներկայացնել ինչ-որ գայթակղիչ երևույթի ձևով: Մեր ընտրողները տրամաբանող և զարգացած մարդիկ են, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչպիսին է, կամ ինչպիսին կարող է լինել քաղաքի բյուջեն, թե ինչ խնդիրներ կարող են լուծվել ներկայիս բյուջեի հնարավորություններով, և նորից եմ ասում՝ բազմաթիվ համայնքներում, որտեղ այժմ էլ մեր Բարգավաճ բարեկամները համայնքապետեր ու քաղաքապետեր են, կարող են ասել, թե արդյո՞ք իրենք ի վիճակի են եղած բյուջետային հնարավորություններով ժողովրդի կողմից բարձրացված բոլոր խնդիրները լուծել: Եթե դա այդպես է, ուրեմն եկեք նրանցի՛ց պահանջենք այս խնդիրների լուծումները:
Կարող եմ միայն մեկ բան ավելացնել՝ պարոն Օսկանյանի հերթական գրառման մեջ կրկին ցայտուն են դեմագոգիան և կեղծ շեշտադրումները: Կոնկրետ ասֆալտապատման հետ կապված պետք է նշեմ, որ անցյալ տարի Երևանում աննախադեպ քանակի ասֆալտապատում իրականացվեց և՛ կենտրոնական փողոցներում, և՛ կարևոր նշանակություն ունեցող քաղաքային մայրուղիներում, որոնք կենտրոնը կապում են քաղաքի ծայրամասերի հետ, ինչպես նաև՝ երկրորդական փողոցներում, և, որ շատ կարևոր է, հսկայածավալ ասֆալտապատում և բարեկարգում իրականացվեց բակային տարածքներում: Սա քաղաքացիների աչքի առջև է և ամեն ոք իր վրա է զգում: Անցյալ տարվա ընթացքում, երբ այս ծավալի ասֆալտապատման աշխատանքներ էին իրականացվում, բազմաթիվ անգամներ մեզ դիմել են քաղաքացիներ՝բողոքով, թե ինչու չի ասֆալտապատվում, ասենք, Չարենցի փողոցը, կամ մեկ ուրիշը, որին մեր պատասխանն է եղել՝ այսօրվա բյուջետային հնարավորություններն այսքանն են , իսկ մյուս տարիների ընթացքում կարվեն նաև հաջորդները: Այսօր, օրինակ, արդեն բարեկարգվում է հենց Չարենցի փողոցը և այլ փողոցներ նույնպես, որոնք բացարձակ անմխիթար, անսարք վիճակում էին: Այսինքն՝ ասել, թե կենտրոնի անփոս ասֆալտները քանդում, նորն են լցնում, դա պարզապես խաբեություն է:
Մենք մեր խնդիրը չենք դարձրել որևէ մեկի քննադատությանը պատասխանելն ու հակադարձելը , որովհետև մեր խնդիրը մենք տեսնում ենք միայն ու միայն երևանցուն տեսանելի լինելու մեջ, որ մեր աշխատանքը թափանցիկ լինի՝ շահելով երևանցու, քաղաքացու, ընտրողի ու բնակչի վստահությունը, և մեր մանրամասն անդրադարձն այս հարցերին, նպատակ ունի պարզապես աշխատելու այնպես, որ մեր բնակիչները իրականությունն իրենց աչքերով տեսնեն և իրենք որոշումներ կայացնեն՝ արածի ու չարածի, հետագա ծրագրերի ու դրանք իրագործողների մասին»: