Սիրիայի դեպքերը տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ագրեսիվ պլանների հետևանք են. Խամենեի
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Թեհրանում իսլամական գիտնականների կոնֆերանսում անդրադարձել է Սիրիայի հարցին.
«Սիրիայում ընթացող իրադարձությունները հանդիսանում են տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների ագրեսիվ պլանների հետևանք: Արևմտյան երկրները տեղեկատվական-հոգեբանական պատերազմ են մղում Սիրիայի դեմ: Սիրիան հատուցում է սիոնիզմին արաբական դիմադրության ջոկատներին աջակցելու համար»:
Խամենեին իսլամական գիտնականներին ու տարածաշրջանի ժողովրդական լայն զանգվածներին կոչ է արել դիմակայել ամերիկա-իսրայելական դաշինքին՝ նրա ագրեսիվ պլանները տապալելու համար, որոնք ուղղված են տարածաշրջանի երկրների մասնատմանն ու հասարակությունում միջկրոնական հակամարտություն սադրելուն:
Խամենեին անհրաժեշտ է համարել մուսուլմանական երկրների միջև առկա երկրորդական նշանակության տարաձայնությունների հարթումը՝ Մերձավոր Արևելքում ամերիկա-սիոնիստական պլաններին դիմակայելու նպատակով: